ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+20 °C
Ինչո՞ւ է «VEGA»-ն վաճառում «BERG» տեխնիկա, երբ ապրանքանիշը գոյություն չունի. պարզաբանում է ընկերությունը
16:03, 04.05.2015 | mamul.am
14558 | 0

«VEGA» խանութում վաճառվող գերմանական «BERG» ապրանքանիշը կասկած է հարուցել սպառողի մոտ: «Անհանգիստ Սպառող» նախագիծը, որը հայտնաբերում, մարդկանց իրազեկում և հրապարակայնացնում է Հայաստանում գտնվող անբարեխիղճ բիզնեսների մասին տվյալներ, վերջերս հանդես է եկել մի հրապարակումով: Ըստ նախագծի՝ BERG-ի պաշտոնական կայքում ոʹչ հասցե է նշված, ոʹչ հեռախոսահամար. «Հասցեն, իհարկե, իրական է, բայց այդտեղ` Համբուրգում, այլ ընկերություն է գտնվում, ավելի ճիշտ` բանկ, հայտնում են նախագծի հեղինակները:


Ներկայացված անհամապատասխանությունների վերաբերյալ ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը փորձել է պարզաբանումներ ստանալ «Վեգա» խանութի մարկետինգի գծով մենեջեր Արթուր Չոբանյանից: Չոբանյանին խիստ զարմանք պատճառեց մեր հարցադրումը: Նա խնդրեց ներկայանալ խանութ` ապրանքների անհրաժեշտ փաստաթղթերին և դրան առնչվող այլ տեղեկություններին ծանոթանալու համար:
«Դա կեղծ ապրանքանիշ չէ, դա գրանցված ապրանքանիշ է»,- վստահեցերեց մենեջերը: Մեր հարցին, թե ինչու պաշտոնական կայք-էջում հասցե և կոնտակտային տվյալներ նշված չեն, ասաց, որ իրենց մոտ նույնպես դրանց հետ կապված հարց է բարձրացել, սակայն արդեն պատճառը գիտեն և կարող են վստահեցնել, որ շուտով ամեն ինչ շտկվելու է. «Գերմանիայում գործող «BERG»-ի եվրոպական գրասենյակը փակվել էր և ժամանակավորապես չէր գործում: Այն շուտով տեղափոխվելու է Չեխիա` Պրահա: Առաջիկայում կայքում Պրահայի հասցեն կնշվի: Մեզ խոստացել են մինչև մայիսի 15-ն այդ հարցը լուծել: Նոր հասցեն մենք կտեղադրենք մեր կայքում, կլինեն նաև եվրոպական գրասենյակի կոնտակտները, եթե կան մարդիկ, որոնք ուզում են անմիջապես նրանց հետ խոսել, այդ կոնտակտներով կկապվեն»,- ասաց նա` հավելելով, որ «BERG»-ի եվրոպական գրասենյակն իրենց խնդրել է` այդ ապրանքանիշով հետաքրքվող մարդկանց տրամադրել կատալոգներ, որպեսզի նրանք, ովքեր չեն կարողանում այցելել խանութ, տանը ծանոթանան ամբողջական տեսականուն: «Եթե մեր սպառողն ինչ-որ բանից դժգոհ է, դա առաջին հերթին մեզ է վնասում: Դրա համար մենք պետք է հետամուտ լինենք, որպեսզի բոլոր այս հարցերին սպառիչ պատասխաններ տանք»,- խոստացավ Արթուր Չոբանյանը:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից հետաքրքրվեցինք, թե ինչ հաճախականությամբ են ստուգումներ անցկացվում, և կոնկրետ «Վեգայի» մասով վերջին ժամանակաընթացքում խախտումներ արձանագրվե՞լ են արդյոք:
Տեղեկատվության և ազատության ապահովման համար պատասխանատու Անահիտ Խեչոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից ստուգումները վերջին տարիներին պակասել են. «Քանի որ դրված է բիզնեսին չխանգարելու խնդիր, այդ պատճառով ստուգումներն էականորեն պակասել են: Մեր տեսչությունը ստուգումներ անում է տարեկան կտրվածքով: Վերջին շրջանում «Վեգան» ստուգումների չի ենթարկվել, և հնարավոր է՝ դա է պատճառը, որ այնտեղ խախտումներ են հայտնաբերվել»:
Տեսչության մոնիթորինգի և ռիսկերի գնահատման բաժնի պետ Անուշավան Այվազյանն էլ նշեց, որ գոյություն ունի տարեկան ստուգումների պլան, որն իրականացվում է եռամսյակը մեկ. «Այսինքն` մենք ստուգումներ ենք անցկացնում երեք ամիսը մեկ: Մենք ունենք կառավարության կողմից ընդունված տեխնիկական կանոնակարգեր, որով էլ ուղղորդվում և աշխատում ենք»,-տեղեկացրեց Ա. Այվազյանը` նշելով, որ կոնկրետ «Վեգայի» պահով վերջին եռամսյակում խախտման դեպքեր չեն գրանցվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր