ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Ռուս բռնցքամարտիկն արհեստական կոմայի մեջ է՝ թունելում անգիտակից վիճակում հայտնաբերվելուց հետո
21:11, 12.05.2015 | mamul.am
5717 | 0
Ռուս բռնցքամարտիկ Դենիս Բոյցովը գլխի ծանր վնասվածքների արդյունքում գտնվում է արհեստական կոմայում։ Այս մասին հաղորդել է «Hamburger Abendblatt»-ը։ Դեռ հստակ տեղեկություններ չկան այն մասին, թե ինչպես է Համբուրգում ապրող 29-ամյա ռուս մարզիկը վնասվածքներ ստացել։ Ոստիկանությունը սկսել է քննությունը։ Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ անցած շաբաթ Բոյցովը հայտնաբերվել է Բեռլինի մետրոպոլիտենի «Բիսմարկ շթրասե» և «Վիլմերսդորֆեր շթրասե» կայարանների միջև՝ թունելում։ Ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ բռնցքամարտիկը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ։ Գլխուղեղի ծանր այտուցի պատճառով բժիշկները որոշել են բռնցքամարտիկին արհեստական կոմայի մեջ մտցնել։ «Մենք ոչինչ չգիտենք դժբախտ պատահարի մասին, այդ պատճառով չենք մեկնաբանելու իրավիճակը։ Մեր մտքերը և աղոթքները Դենիսի և նրա ընտանիքի հետ են։ Հույս ունենք, որ նա կառողջանա»,- ասել է պրոմոութեր Քալե Զաուերլանդը։ Բացի այդ, նշվում է, որ չորս շաբաթից Բոյցովը հայր է դառնալու։ Տեղեկություններ կան, որ Բոյցովը կարող էր հետապնդումից թաքնվել թունելում։
«Berliner Kurier»-ը գրում է, որ ռուս մարզիկը մետրոյի թունել էր վազել՝ թաքնվելու համար։ Հնարավոր հետապնդողների մասին դեռ տեղեկություններ չկան։ Նշվում է, որ Բոյցովը պառկած է եղել գծերի մեջտեղում։ Նրան գտել է գնացքի մեքենավարը՝ մայիսի 3-ին՝ տեղի ժամանակով 16։30-ին։ Բացի այդ, Բոյցովին մոտ աղբյուրը նշել է, որ «մարզիկը պետք է ավելի զգույշ լինի ընկերներ ընտրելու գործում»։ Բոյցովի պաշտոնական կայքը նշում է, որ պատահարը կարող է կապ ունենալ բռնաքամարտիկի պրոֆեսիոնալ գործունեության հետ։ Բոյցովին մոտ երկու տարի առաջ պարբերաբար սպառնում էին։ Այս վարկածի մասին խոսել է նաև Բոյցովի հղի կինը՝ Օլգան։ Նա նշել է, որ ամուսնուն կարող էր հետապնդել Դենիսի պրոմոութեր Վալդեմար Քլյուխը։ Մարզիկի նախկին ակումբից՝ «Յունիվերսումից» Դենիսին սպառնալիքներ էին հնչեցրել։ «Մոտ երկու տարի առաջ մեր օգնականի վրա մահափորձ էր կատարվել, ինչից հետո ակումբի սեփականատեր Վալդեմար Քլյուխը ազատազրկվել է 3 տարով։ Մոտ 3 ամիս առաջ Քլյուխը ազատ է արձակվել, և, ամենայն հավանականությամբ, նման դաժան կերպով հիշեցրել է իր մասին»,- ասել է Օլգան։ Կինը խոսել է նաև Բոյցովի առողջական վիճակի մասին․ «Դենիսը արհեստական կոմայի մեջ է արդեն ուղիղ մեկ շաբաթ։ Բժիշկները շարունակում են նրան այդ վիճակում պահել, քանի որ նա գլխի լուրջ վնասվածք ունի։ Բժիշկները ասում են, որ այսպես նա ավելի արագ կվերականգնվի։ Հստակ չեմ կարող ասել, թե երբ է դա տեղի ունեցել։ Առավոտյան Դենիսը նայում էր Մեյվեյզեր – Պակյաո մենամարտը, իսկ ցերեկը նրան գտել են թունելում՝ անգիտակից վիճակում։ Սա շատ լուրջ փորձություն է ինձ համար։ Դենիսը 4 շաբաթից հայր է դառնալու։ Ես աղոթում եմ և հավատում, որ շուտով այս սարսափը կավարտվի»,- ասել է մարզիկի կինը։
Նշենք, որ Բոյցովը պրոֆեսիոնալ ռինգում հանդես է եկել ծանր քաշային կարգում։ Նա 37 հանդիպում է անցկացրել՝ տանելով 36 հանդիպում, որոնցից 27-ը՝ նոկաուտով, և մեկ պարտություն։ Իր հաջորդ մենամարտը Դենիսը մտադիր էր անց կացնել Մոսկվայում՝ հունիսին։ Բոյցովի մենեջերը՝ Պետր Հանրաթսը, սակայն, համարում է, որ ռուս մարզիկը կարող է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան, սակայն պետք է սպասել բժիշկների որոշմանը։ «Երբ բռնցքամարտիկը կոմայի մեջ է, մեծ է հավանականությունը, որ նա այլևս չի կարողանա վերականգնել պրոֆեսիոնալ կարիերան։ Սակայն այս պահին բժիշկները չեն կարող այդ մասին հստակ խոսել:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր