ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+20 °C
Հրաչ Բերբերյան. «1300 հեկտար ցանքատարածություն վնասեց կարկուտը. ամեն տարի ավելացնում են սարքերը, բայց արդյունք չկա»
12:28, 22.05.2015 | mamul.am
3566 | 0
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը ներկայացրեց գյուղացու հոգսերն ու խնդիրները` չմոռանալով նշել նաև դրականի մասին: Նրա խոսքով` տարին վատը չէ, բարենպաստ է: Սպասվում է ծիրանի կայուն բերք, ունենք արտահանում: Թեև, ըստ նրա, չար լեզուները երաշտի տարի էին կանխատեսում, բայց ամեն ինչ հաջող է գնում: «Բանջարաբուծության վիճակը Արարատյան դաշտավայրում անցած տարվա համեմատ բարենպաստ է: Հայ ֆերմերները 800 տոննա կարտոֆիլի տնկանյութ են ստացել: Կարտոֆիլագործության վիճակը լավ է հատկապես Վարդենիսի տարածաշրջանում: Շիրակի տարածաշրջանում տենդենցը մի փոքր պակասել է` իր տեղը զիջելով բազուկին, գազարին, կաղամբին. ցանքատարածությունները չեն պակասել, ուղղակի կուլտուրաների փոփոխություն է տեղի ունեցել: Այսօր, եթե նկատել եք, շուկայում վաղահաս կարտոֆիլն անցած տարվա համեմատ երկու անգամ էժան է վճառվում»,- ասաց ՀԿ նախագահը: ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցը հետաքրքրվեց, թե հատկապես ո՞ր տարածաշրջաններին է վնաս հասցրել մի քանի օր առաջ տեղացած կարկուտը և ի՞նչն է պատճառը, որ հակակարկտային կայանները չեն գործում, Բերբերյանն ասաց, որ հատկապես մեծ վնաս են կրել Բաղրամյանի տարածաշրջանի ցանքատարածությունները. «1300 հեկտար ցանքատարածություն վնասեց կարկուտը: 18 հակակարկտային սարք է դրված,18-ն էլ կրակել են, բայց արդյունք չեն տվել: Ես ասում եմ` այդ սարքերը պիտանի չեն, ուրիշ բան մտածեք, ո՞վ է լսում: Ամեն տարի ավելացնում են սարքերը, բայց արդյունք չենք ունենում… Այդ կայանները թող գնան պայմանագիր կնքեն գյուղացիների հետ, որ ցանքերը վնասվելու դեպքում գոնե փոխհատուցվի գյուղացու վնասը»,- ասաց «Ագրարագյուղացիական միավորման» նախագահը` ափսոսանք հայտնելով, որ 2013-14թթ. ստացել ենք 45-46 տոննա կարտոֆիլ, ինչն այս տարի չի երաշխավորվում:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր