ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Օդորակիչը մարդու օրգանիզմի համար ամառային ամենավտանգավոր «փրկությունն է»
17:21, 30.05.2015 | mamul.am
6392 | 0

Կարծիք կա, որ օդորակիչը (կոնդիցիոներ) միայն վնաս է հասցնում առողջությանը, քանի որ այն սառեցնում է օդի ջերմաստիճանը: Շատ փորձագետներ էլ այն կարծիքին են, որ օդորակիչներն ունեն ինչպես բացասական, այնպես էլ դրական կողմեր:
Դրանք ամռան տապին հաճելիորեն զովացնում են սենյակը՝ ապահովելով ցանկալի ջերմաստիճան: Շատ հաճախ, սակայն, այդ ջերմաստիճանը գերազանցում է թույլատրելի սահմանը՝ հանգեցնելով առողջական լուրջ խնդիրների: Երբեմն հնչում են կարծիքներ, թե օդորակիչներն ամենևին էլ վտանգավոր չեն, պարզապես հարկավոր է կարողանալ ճիշտ շահագործել դրանք:
Այսպես. իրականում որքանո՞վ է վնասակար օդորակիչների գործածումը, ի՞նչ հիվանդություններ կարող են առաջանալ տաքացնող և զովացնող այդ «փրկիչ սարքերի» մոտ երկար ժամանակ անցկացնելիս, մարդու ո՞ր օրգաններն են «տուժում» առաջին հերթին և առավել խոցելի դառնում դրա հետևանքով:
Այս և այլ հարցերի շուրջ ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը զրուցել է «Սուրբ Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի բժիշկ-թերապևտ Քրիստինա Բոյաջյանի հետ:

- Տիկին Բոյաջյան, ամռանն ինչպիսի՞ ջերմաստիճան պետք է պահպանել տանը, եթե դրսում +35 աստիճան է: Դրսի և ներսի ջերմաստիճանների միջև տարբերությունը որքա՞ն պետք է լինի:

- Ես չեմ կարծում, որ առողջ մարդու մոտ դրսի և ներսի ջերմաստիճանների տարբերությունից առողջական խնդիրներ կարող են առաջանալ: Պարզապես անհրաժեշտ է ճիշտ ջերմաստիճան սահմանել. ամռանը ջերմաստիճանի տարբերությունը փողոցի և սենյակի միջև չպետք է գերազանցի 5-10 աստիճանը:

- Այնուամենայնիվ, մարդու օրգանիզմն ինչպե՞ս է արձագանքում ջերմաստիճանի նման տատանումներին:

- Եթե մարդը հիվանդ է, արդեն ունի խրոնիկ հիվանդություն՝ թոքերի, բրոնխների, սրտի և այլնի հետ կապված, այդ դեպքում, բնական է, կսրվի նրա հիվանդությունը: Եթե ինքն արդեն գիտի այդ մասին, ապա պետք է զերծ մնա այդ սովորություններից և է՛լ ավելի զգույշ լինի: Իսկ եթե մարդը առողջ է, չունի իմունային համակարգի անկում, եթե նա չունի նախատրամադրող որևիցե գործոն, մենք չենք կարող խոսել այն մասին, որ այդ մարդն անպայմանորեն պետք է հիվանդանա: Դա նույնն է, երբ ասենք, մարդը շոգեբաղնիքից հետո սառը ցնցուղ է ընդունում: Ոչ մի վտանգ չկա այստեղ…Այլ բան, եթե նա անընդհատ գտնվում է ոչ բարենպաստ պայմաներում և ունի հիվանդության նախադրյալներ: Այս դեպքում, կրկնում եմ, ցանկացած աննշան քայլ կարող է պատճառ դառնալ արդեն եղած հիվանդությունների սրացման. դրանց մեջ կարող է մտնել թոքաբորբը, որի հետևանքով կընկնի նաև իմունիտետը, և շատ արագ կերպով այլ հիվանդություններ ևս գլուխ կբարձրացնեն:

- Բնականաբար, օդորակիչների օգտագործումը բերում է օդի չորացման: Օդի չորությունը ո՞ր օրգանների վրա է վատ անդրադառնում: Մաշկը կարո՞ղ է չորանալ այս դեպքում:

- Ո՛չ, չի կարող: Մեր մաշկը շատ դիմացկուն է, և սխալ է մտածել, թե եթե օդորակիչում ջուրը բացակայում է, ապա դա չորացնում է նաև մաշկը: Օդի չորությունն ընդամենը դժվարացնում է շնչառությունը, օդը շնչելը:

- Խոսակցություններ կան, որ օդորակիչների զտիչները իրենց մեջ աղբ են կուտակում, որն էլ ժամանակին չփոխելու դեպքում դուրս են մղվում՝ աղտոտելով օդը: Ի՞նչ հիվանդություններ կարող են առաջանալ դրանից:

- Գոյություն ունի վարակային բնույթի (ատոպիկ) քրոնիկական թոքաբորբ: Դա կարող է առաջանալ այն դեպքում, երբ օդորակիչի զտիչներում պահպանվում են մանրէներ, և այն ժամանակ առ ժամանակ բաց է թողնում դրանք: Այս դեպքում օդորակիչը հանդիսանում է ծանր թոքաբորբերի պատճառ: Այս առումով նշեմ, որ օդորակիչների գործունեությունը շատ ավելի վնասակար է, քան կարելի է ենթադրել: Դրա հետևանքով առաջացած խրոնիկ բնույթի լուրջ հիվանդություններն երկարատև բուժման կարիք են զգում, և, ի դեպ, շատ դժվար են բուժվում: Նորմալ օդի պայմաներում ջերմաստիճանի տատանումներն այնքան վտանգավոր չեն, որքան դրանց կեղտոտ զտիչների մղած կեղտոտ օդը:

- Մարդիկ ամռան հեղձուցիչ տապը մեղմում են նաև սառույցով՝ օգտագործելով մեծ քանակությամբ սառույց: Վտանգավոր չէ՞ արդյոք դա օրգան-համակարգերի համար:

- Իհարկե, դրանում էլ մեծ վտանգ կա: Պետք է միշտ հիշել՝ թե՛ շատ տաք սնունդը, և թե՛ շատ սառը սնունդը մեծ վտանգներ են պարունակում ստամոքս-աղիքային տրակտի համար: Մեր օրգանիզմը նախատեսված չէ դրա համար: Նույնը կարելի է ասել սառույցի մասին. ամեն ինչ գոլ վիճակում պետք է ընդունել:

- Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս զովանալ ամռան տապին, ինչո՞վ փոխարինել, օրինակ, նույն այդ սառույցը:

- Միայն զովացուցիչներով: Ընդհանրապես, շոգ եղանակին, քանի որ մենք ամռանը շատ հեղուկ ենք կորցնում նաև քրտնելով, պարտադիր է ընդունել 2-2,5 լ հեղուկ, բայց ոչ շատ սառը վիճակում: Բացի այդ, պետք է միշտ հիշել՝ շատ սառը ոչ թե հագեցնում է, այլ ընդհակառակը՝ է՛լ ավելի է կախվածություն առաջացնում: Միաժամանակ խորհուրդ կտամ օգտվել լողավազաններից, տաք չհագնվել, որքան հնարավոր է թեթև, ազատ…Հագնել բնական կտորից կարված հագուստներ, որպեսզի քրտինքը չսառչի մարմնի վրա: Ես դեմ եմ սինթետիկ հագուստներին, որոնք չեն հասցնում կարգավորել մեր մարմնի ջրային բալանսը: Սինթետիկի մեջ մենք ավելի շատ ենք քրտնում՝ դարձյալ բախվելով վերը նշված հիվանդություններին: Եթե մարդը պահպանում է հիգիենայի կանոնները՝ չի թողնում քրտինքը վրան, արագ փոխվում է և այլն, ցանկացած եղանակային պայմաններում առողջությանը ոչ մի վտանգ չի կարող սպառնալ:

- Շատ հաճախ մարդիկ բողոքում են ցածր իմունիտետից: Ինչպե՞ս կարգավորել օրգանիզմի դիմադրողականությունը, ինչպե՞ս ճիշտ սնվել:

- Ես միշտ կողմ եմ բնական ճանապարհով իմունիտետը բարձրացնելուն, եթե լուրջ հիվանդություն չկա և դեղորայքի միջամտություն չի պահանջվում (թեև նույնիսկ այդ ժամանակ ես կողմ եմ սնունդով, միրգ-բանջարեղենով այն կարգավորելուն): Մեր բանջարեղենն ու միրգը վիտամիններով այնքան են հարուստ, որ լիովին բավարար են օրգանիզմի իմունիտետը կարգավորելու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր