Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանի տեղեկացմամբ, Հայաստանում աղանդներ շատ կան, բայց քայքայիչ աղանդները շատ քիչ են: Քայքայիչ են համարվում աղանդները, որոնք մարդուն տանում են զոմբիացման: «Այդ ժամանակ մարդու ուղեղը լրիվ անջատված է լինում, նա չի գիտակցում, թե ինչ են իրեն մատուցում, ուսուցանում»,- բացատրեց Ամարյանը, ում կարծիքով մեր ղեկավարությունը պետք է համապատասխան մասնագետներ պատրաստի, ինչը չի անում. «Վերջին դեպքերը ցույց են տալիս, որ չունենք դատարաններ, որտեղ քննվեն կրոնական հողի վրա կատարված սպանությունները, դեպքերը: Հոգևոր դաշտը շատ խորն է և պետական մարմինների համար անհասկանալի… Մենք չունենք տեղեկատվություն, իրազեկված չենք շատ բաներից, ապրում ենք վախի մթնոլորտում: Հայաստանում պետք է ստեղծել անկախ մի կենտրոն, որը մարդկանց կտրամադրի տեղեկատվություն, որպեսզի նրանք իմանան, թե ուր են գնում և ինչ հետևանքներ կարող է լինել»,- ասաց նա: |