ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+17 °C
«Լավ օրից չէ, որ այդ մարդիկ նախընտրում են այս հարթակը». «Կիսաբաց լուսամուտներ»-ի փորձագետը պատասխանում է Նիկոլ Փաշինյանին
15:25, 24.08.2016 | mamul.am
11307 | 10
Երեկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Ա ԹԻ ՎԻ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին՝ շեշտելով, որ հաղորդումն աչքի է անցկացրել ալիքները փոխելու ժամանակ և այն ամբողջությամբ աղբ է: Նիկոլ Փաիշնյանի հայտարարության այսօր բաց նամակով պատասխանել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի փորձագետ Մամիկոն Խուրշուդյանը:

«Հարգելի պատգամավոր Փաշինյան, Ձեր հայտնած «աղբը» պատճառ է դարձել, որ այս 5 տարիների ընթացքում հազարավոր կարիքավոր ընտանիքներ ունենան՝
1. բնակարաններ
2. ավտոմեքենաներ
3. գումար
4. գյուղատնտեսական գործիքներ և տեխնիկա
5. կահույք
6. հագուստ
7. գրենական պիտույքներ
8. սնունդ
9. կենցաղային տեխնիկա
10. դեղորայք
11. շինանյութ

Ինչպես նաև հազարավոր կարիքավոր ընտանիքներ անվճար օգտվել են՝
1. բժշկական օգնությունից /նաև վիրահատությունից/
2. փաստաբանական ծառայությունից
3. հոգեբանական ծառայությունից:

Պարոն Փաշինյան, շնորհիվ «Կիսաբաց լուսամուտների»՝ հազարավոր կարիքավոր երեխաներ իրենց ամառային հանգիստն են անցկացնում Հայաստանի տարբեր ճամբարներում, շնորհիվ հաղորդման հյուրերի և գործընկերների՝ գործազուրկ քաղաքացիները գտնում են հարմար աշխատանք, եթերով հանդես գալուց և շատ խնդիրներ վեր հանելուց հետո հարթվում կամ լուծվում են բազմաթիվ կնճռոտ հարցեր և քաղաքացիների միջանձնային վեճեր, որը չի հասնում դատարան, անգամ ամուսնական զույգերի բաժանումներն են Կիսաբացի հենց եթերում կրկին վերածվում միության: Հարգելի Փաշինյան, թվարկումներն ու փաստերը շատ են և հաստատ ավելի խոսուն, քան այս հաղորդման դեմ պոպուլյար հայտարարությունները: Լավ օրից չէ, որ այդ մարդիկ նախընտրում են այս հարթակը. սա հուսալքության, ոտնահարված իրավունքների, ունեզրկված ու լքված մարդկանց վերջին ճիչն է, որոնց օգնելու համար 24 ժամ աշխատում է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ողջ անձնակազմն ու փորձագետների խումբը: Երբեք չենք նահանջի մեր հայրենակիցների կողքին լինելու, օգնության ձեռք մեկնելու և դժվարություններին դիմակայելու գործում»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր