ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+22 °C
Ռազմիկ Դավոյան, Բանաստեղծություններ
20:10, 12.07.2014
2585 | 0

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Օրերն ընկում են ձյուների պես՝
Ճերմակ ու կապույտ մշուշ հագած,
Ընկնում են անդարձ, անդառնալի,
Ու մեղմիկ սարսուռ-ծլնգոցով
Փչում է օրերի սառը քամին՝
Սառցակալում են օրերն ընկած:

Թեթեւ թեքվում է մեջքը թեթեւ,
Ու սայթաքում է քայլքը, դառնում
Անխուսափելի անկումի հետ,
Ինչպես մանուկների աղաղակներ՝
Քամին հուշերի ձայնն է խառնում:

Ճամփան դառնում է անմեկնելի,
Անհորիզոն ու անծայր, անվերջ.-
Ծածկվում է մի տեղ սառցե երկիրը,
Ու մարդն ընկնում է հավերժի մեջ:


*
Մարդկային երթը օրորվում է ծույլ
Երկար, անսահման դարերի միջում.-
Ես աշխարհ եկա մենակ ու տխուր
Ու լուռ կանգնեցի շարասյան վերջում:

Անվերջ տառապած, ճմրթված ու հին,
Անթիվ ձեռքերում քրքրված արդեն՝
Ինձ փոխանցեցին ծիծաղի մի լաթ,
Որ տխրությունից իմ հոգին սրբեմ:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Քամին ծառերի չորացած կողերից
Բվվոց է հանում,
Բուքն անտառների մռունչն է փռում
Մայթերի վրա,
Եվ անապաստան մի տխրություն կա,
Որ կծկվում է օձիքների մեջ.-

Հավիտենության կանչը լսելիս
Քանդվում է հոգին,
Եվ թվում է ինձ,
Թե մեր մարմինը ոչ թե հողից է,
Այլ՝ արցունքներից:


*
Անսահման անուշ քնքշություններով
Երկնքի ճերմակ հողերը թափվում
Եվ հողագնդի խոր փոսերի մեջ
Թաղում են ճերմակ պատարագների
Եկեղեցական մի փոքրիկ ծեսով,

Իսկ մենք ժպտում ենք,
Միշտ էլ ժպտում ենք
Ձյան տաքությունով ապրելու հույսով:


*
Ձյուներն սպիտակ շրթունքների պես
Իջան ինձ վրա,
Ծածկեցին մարմնիս վերքերը բոլոր,
Եվ ինձ պատմեցին աստղերի մասին
Եվ կրկնում էին, թե աստղեր չկան,
Իսկ ես մոլորված հիանում էի
Մութի մեջ հանգչող
Նրանց սպիտակ թրթռումներով:
Նրանք ինձ ասին, թե աստղեր չկան,
Եվ լալիս էին տաք համբույրներում
Եվ կրկնում էին, թե աստղեր չկան,
Նրանց մորմոքը չէի հասկանում:

Եվ նրանք ասին, թե մահ էլ չկա,
Մեռնում ես, կրկին հարություն առնում,
Ես հավատացի, եւ մի պահ միայն
Անգոյությանը տվեցի կյանքս
Եվ այլեւս չվերստացա:


...Ու վերադարձ

Մեծ կամուրջների ուսերին դրված
Փողոների սեւ ու սառած դիեր:
Սյունաշարքերի տխուր պատարագ:
Եվ դիակների երկու կողմերում
Վառվող մոմերի շշուկն եմ լսում,
Ես՝ մենավորիկ կեսգիշերային մի հողարկավոր,
Ես քարշ եմ տալիս փողոցների դին
Թռչող շենքերի լաբիրինթոսում:


*
Իմ սրտում ասեղներ կան ցցված,
Տառապանքի սուտակե ասեղներ,
Եվ ասեղներ կապույտ,
Որ տեր-աստծո նման կարոտն է արձակում
Հայոց աստվածների բարձունքներից:

Իմ սրտում ասեղներ կան,
Որոնք օր ու գիշեր
Գործելով հորինում են
Տառապանքի դեղին, դեղնամշուշ մի երգ:

Եվ դու զարմանում ես՝
Թե ինչպե՞ս է փռված
Ասեղնագործ անծայր մի մեղեդի
Քո տաք ճանապարհի դեղին փոշու վրա:

Քո թափանցիկ ոտքերը
Տրորում են փափուկ այդ մեղեդին-
Եվ ասեղներ փայլուն,
Ծածկելով սիրտս,
Իմ սրտի թելերից հյուսում են
Ասեղնագործ մի երգ:
Ժամանակի բոլոր ասեղները
Մեխված են իմ սրտում:

Դու գալիս ես, որ մեկ-մեկ
Հանես այդ ասեղները,
Կամ մի վերջին ասեղ մխրճես իմ սիրտը:
Իմ սրտում ասեղները արեւի ճառագայթներ են,
Քրքրված արշալույս եմ պահում ես իմ կրծքում:


Մեռածների Աշտարակ

Մեռածների թիվը աշտարակ է բարձր,
Որտեղ ապրում ենք մենք
Մեր չլիզված հոգու մենկությամբ:

Ծնվողները ճերմակ երամներով
Բարձրանում են երկինք:

Ժամանակի բոլոր աստվածները
Իրենց ոտքերի տակ
Բարձրանում են այդ սեւ աշտարակը,
Բարձրացնում են այնտեղ,
Ուր մութ հոգիների խլությունն է երգում,
Բարձրացնում են կյանքի ցավոտ մի տքնությամբ
Ու խուլ ճարճատյուն է լսվում տիեզերքում:

Մեռածների թիվը բարձր աշտարակ է,
Որ թե Բաբելոնի աշտարակի նման փլվի հանկարծ՝
Բոլոր ժպիտները,
Բոլոր արքաները,
Բոլո՜ր, բոլո՜ր, բոլո՜ր աստվածները կթափվեն ցած, -

Աստվածատիպ այրեր կելնեն անդունդներից,
Աստվածատիպ երգեր կփայլակվեն ցած,

Աստվածատիպ այրեր կելնեն անդունդներից,
Աստվածատիպ երգեր կփայլակվեն մթում՝
Որ ստեղծեն դարձյալ Աշտարակ ու Աստված:


*
Սփռոցների տակն պահված սեղանների վրա
Ժամանակը բախտի խաղաթուղթն է բացում.-
Խառնակույտ է՝
Քամին
Անհնազանդ երգով լցված գավաթներից
Հանում է դեմք,
Գլուխ,
Մի պղպջակ-արկած,
Եվ ամեն մի բացվող խաղաթղթի տակին
Պարտվողների անշունչ մի բանակ է պառկած:


Մեզ խտուտ են տալիս.-
Ծիծա՜ղ, ծիծա՜ղ, ծիծա՜ղ:
Ծիծաղ մարդուն, հողին ջրին,
Քանզի այդպես է միշտ՝
Ծիծաղը դարձնում է մեզ ապակի,
Եվ ցավի մի հարվածով
Մեզ փշրելը դառնում է զարմանալի դյուրին:



ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Քամին գլորում է պահածոյի տուփը
Փողոցն ի վեր, ի վար.
Զըրը՜նգ, զըրը՜նգ, զըրը՜նգ..
Աշխա՜րհ, քո մեջ ի՞նչ կա, բացել եմ քո խուփը, -
Կրկընում է անվերջ կյանքը ժխտող քամին
Եվ սուլելով տանում.
Աղբակույտի մեջ է նետում տուփը:


*
Ձեր կուրծքը ցավում է, մայթեր:
Ձեր խեղճ կողերը փշրված են
ու կարկատված նորից,
Եվ ձեր սիրտը, որ խորն է թաքնված,
Հառաչում է միշտ այդ անհայտ խորից:
Եվ ձեր կուրծքը շատ ցավում է,
մայթեր,
Ես այդ զգում եմ իմ... ոտքերից:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Ստվերներ է քշում քամին դեպի քաղաք.
Հետո ինքն իրենով գլորվելով գալիս,
Բերում ու փշրում է ականջիս տակ
Որպես խազված, խզված
Ու հին ձայնապնակ:


Երկիր

Այս գիշեր ես լուռ պառկել եմ հողին
Եվ ունկնդրում եմ բաբախյունը քո հարաբախ սրտի:
Այն, ինչ լսում եմ՝ նման է ստի,
Բայց հավանական մի սուտ, որի մեջ
Անգամ իմ սրտի հարվածները կան:

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Կա աշխարհում բանձրիկ մի Հայաստան աշխարհ,
Որն իր լաջվարդ, լազուր լեռներն ունի,
Եվ իր դաշտերն ունի- ասես նշխար:
Երկիրն այս հին է,
Նաեւ լեռնապատ,
Առասպելապատ,
Առասպելներ, որ իրար պահող են
Կամ իրարամերձ:
Կա աշխարհում բանձրիկ մի Հայաստան աշխարհ:
Եվ կլինի հավերժ:



*
Երեկ հանդիպել եմ
Բանաստեղծ իմ ընկերոջը
Եվ նրա սիրելի, նրբիրան քրոջը:
Եղբայրը ասում էր, որ դատարկ ես դու, աշխարհ,
Եվ քո փորի մեջ են խրված քո ոտները,
Իսկ քույրը կրկնում էր, թե գիժ է եղբայրը,
Ինչպես բոլոր-բոլոր պոետները:


Նարեկացուց Հետո

Ծառից տերեւը ներքեւ ծուրուրաց,
Ինչպես վրձինից երանգը կաթեր,
Եվ մայթի վրա նկարեց տերեւ:

Քամին բիբերիս վրայով սուրաց,
Իսկ արեւն ելավ ու լճի խորքում
Նկարեց սառը աշունքվա արեւ:

Ես լճի ափին վանք նկարեցի,
Վանքի մի խցում ՝ թափթփված երգեր,
Թելն էլ զանգակի լեզվակը բռնեց,
Որ զանգի. «ծըլը՜նգ», - աշուն է եկել:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Աշուն

Աշու՜ն, ինչու՞ եկար
Իմ քնքշության պահին...
Այգին թափու՜ր-թափու՜ր,
Այգին՝ աշնանային:
Այգին տխրեց այնպես,
Տխրեց լոկ մի օրում,
Ու տերեւներն անտես,
Տխրություն են ծորում:
Աշունն ելավ հետո
Այգուց մտավ քաղաք,
Շրջեց ամեն մայթով,
Կպավ ամեն պատով,
Մինչեւ ննջեց խաղաղ
Ինչ-որ սրտում մի ծեր,
Ուր տարիներ առաջ
Իր հետքերն էր գծել:

*
Ջրասույզ երկինքն ու սուզված հուշեր.-
Այս գիշեր որտե՞ղ թաղենք մեր հոգսը,
Այս գիշեր թաղված հգսերի կողքին
Մեր հոգսը որտե՞ղ թաղենք այս գիշեր:

Լճի երկինքը մաքուր աստղերի,
Անպաճույճ լուսնի մեհյան է կապույտ,
Լճի երկնքի անտառների մեջ
Մեր հոգնած, հոգնած երկինքը կախենք՝
Տրտմությամբ, սիրով,
Առավոտ կելնի արեգակն արդար
Եվ կպարուրի մեզ մեր հոգսերով:


Եղերերգ

Ու՞ր է այն թշվառ
Թռչունների չուն,
Որով իմ բախտն էր
Գուշակում գնչուն:
«-Նրանք գնացին՝
Սուր կտուցներով
Կտցահարելու





Ես տեսա

Իրար վրա դարսված մի քանի գիրք,
Վրան լուցկու՝
տարիներով դատարկ մի տուփ,
Կողքին՝
գլուխը թեք մի լուսամփոփ-
Եվ մի անսեռ կապիկ,
Որ այդ գրքերի, լուցկու, լուսամփոփի բարձրությունից
Պարանոցը դեպի ետ ծռած,
Վայրենի ծիծաղով քրքջում է
ԻՄ անցյալի
Եվ ԻՐ ներկայի վրա:


*

Ծառերի դեղին խշշոցը
Թափվում է մայթերին
Մարգարտահատիկ անձրեւի պես,
Եվ քամին քշում է,
Տանում այդ խշշոցը՝
Մանրատված ու ձիգ,
Ինչպես մարդկային խոհերը՝
Հնացած, բայց գեղեցիկ:


*

Կան մարդիկ, որ զորեղ են
Ու չարության հանդեպ՝ անքեն: -
Իմ շուն, դու մի կծիր
Օտար շնիկներին,
Նրանք մոռացված երգերի
Թափառող արձագանք են:


*

Մարդու հոգում կյանքը
Իր կնիքն է դնում:
Ես այս երկրի վրա
Ծիծաղեցի,
Դեպի լուսին արձագանքի ետեւից եմ գնում:


*

Եվ գետն իր պատրանքը թրթռուն
Տանում էր խավարում թաղելու-
Եվ քամին գույնզգույն շշուկներ
Տանում էր ձորերում կախելու, -
Մի խեղդվող ճիչերի ծաղկեփունջ,
Մի խեղդված կարոտի սկահակ-
Արցունքս նետեցի ամպերին՝
Չորացած շուրթերիս շաղելու:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Ցուրտ էր կյանքը, ցուրտ էր ու պաղ,
Չկար ոչինչ երգի համար,
Կար լոկ ցավի, կարոտների,
Տանջանքների մի տոթ ամառ:

Ցուրտ էր կյանքը, ցուրտ էր ու պաղ,
Ամառվա մեջ՝ ձմռան մի օր,
Որ զնգզնգում էր թախծալի
Աշունների ստվերներով:

Ցուրտ էր կյանքը, ցուրտ էր ու պաղ.-
Կար լոկ մի դեմք մարդահալած՝
Երազների վրա անթաղ,
Կարոտների վրա մեռած:


Իմ ծուռ երգերը

Ինձ ասում են հաճախ, թե ծուռ են իմ երգերը,
Միեւնույն լռությունը, նույն թախիծը հաճախ
Կոտրատվում են ջարդված իմ տողերի
Թանձր գունախաղում:

Ծուռ են իմ երգերը,
Ծուռ են, որովհետեւ նրանք աճում են քարերի մեջ
Եվ քարերի բույրն են
Տխուր մեր աչքերի անապատին մաղում:

Ոմանք բութ քարերով ծռել են իմ երգերը,
Ոմանք բութ հայացքով
Իմ գույները դարձրել են փոշի,
Ոմանք երգս են թաղում,
Ոմանք՝ աճյունները ջարդված իմ տողերի,
Ոմանք թաղածներն են կրկին թաղում:

Իսկ ես. – Սասնա ծուռ եմ.-
Իմ զորավոր ձայնից դատարկվել է ճայռը,
Ես մտել եմ այնտեղ
Եվ պատմության քարե երկանքների վրա
Համբերության ոսկե հատիկներն եմ աղում:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Մեսրոպ Մաշտոց

Նա խուլ, համր, անձայն,
Արարչության մեջ էր ապրում երկար.-
Ինչ-որ անհայտության, տարտամության խորքում
Լիքն էր միրաժներով,
Կարծես չկար
Եվ կար:
Եվ չգիտեր՝ ինչպե՞ս հավատա ինքն իրեն,
Ջայնին,
Լռությանը,
Խոսքին,
Տագնապներին,
Հետո մի «Այբ» հանկարծ ճառագելով եկավ՝
Ադամանդե մի մեծ շղթա ձեռին:
Շղթան տեղ-տեղ հալվում, դառնում էր լույս,
Հետո ինչ-որ կիսատ եւ անորոշ բառեր.
Նա տագնապում էր խիստ, հունցում էր այդ լույսը,
Ձեւ էր տալիս, ոգի եւ դարձնում էր գրեր:
Հետո փաթաթում էր սիրով, խանդով, թախծով,
Այն բոլորով, ինչ որ Տերը իրեն տվեց,
Հետո հավատում էր ձայնին, խոսքին, ցավին,
Իր մեծ Լռությանն ու Տագնապներին իր մեծ:

Խուլ դարերի միջով,
Ինքն իր ցավ ու վեճով,
Տառապելով գալիս, փռում է լույս՝
Այն ոգեղեն շղթան,
Ոսկեղենիկ շղթան,
Որից քաշքշում են ամեն ծուռ ու վայրի,
Որից քաշքշում են
Ամեն թուրք ու շեյթան,
Որից ոչ մի օթյակ չի նետվում դուրս:


*
Արեւն անջատեց ծառից
Նրա ստվերը,
Էուրյունը նրա,
Ու խփեց մայթին,
Որ կապույտ էր մի քիչ ու սեւ էր:
Իսկ ծառը նայեց խոնարհ
Ու զարմացած.
Նա ինքն իրեն այդպես
Երբեւէ տեսե՞լ էր:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Փողոցը նրա համար է,
Որ անցնեն տրամվայները՝
Իրենց կմախքացած կոնքերն օրորելով,
Եվ մեքենաներն անցնեն, իհարկե,
Երբեմն էլ մարդկանց տրորելով:




ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*

Անձրեւից ծեծված, հողմից հալածված,
Ծակ տրեխներով գնում էր Աստված,
Ինքը երկնքից իր արտասուքով,
Իր կյանքը, ճամփան պատել էր սուգով:

Ինքը գնում էր թեթեւ ու ներհուն,
Որպես սկիզբն ու վախճանը կյանքի,
Ինքը տանում էր իր մերկ ձեռքերում
Բախտ արարելու
Իր կախարդական լեզվակը զանգի:

Եվ գնում էր նա
Լքված ու մենակ աշխարհի կողմից,
Եվ ոչ ոք, ոչ ոք չէր կանչում նրան,
Որ ապաստան տա անձրեւից, հողմից:

Եվ նույն ժամանակ աշխարհից այս չար,
Պարզված երկնքի անհունները մութ,
Բյուրավոր ձեռքեր իրենց Աստըծուց
Աղերսում էին գորովանք ու գութ:

Հեղինակ` Armenak Avetisyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Armenak Avetisyan
21:02, 07.01.2018
8380 | 0
դեպի վեր