ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Ավագ դպրոց. Աղերսներ անցյալից. Կանխատեսումներ...
16:10, 25.03.2016
5377 | 0

Երբ 2010 թ.-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեցին ավագ դպրոցները, այդ ժամանակ արդեն ուրվագծվեց մտավախություն, որ ավագ դպրոցը, եթե դառնա միջնակարգ ընդհանուր դպրոցի մեխանիկական շարունակություն, ապա բազմաթիվ հիմնախնդիրներ կդառնան ցայտուն՝ նմանօրինակ դպրոցների կայացման գործընթացում:
Եվ իրոք, եթե ավագ դպրոցի առաքելությունը համակողմանիորեն զարգացած հայրենասիրության, պետականության, մարդասիրության ոգով դաստիարակված և մասնագիտական կողմնորոշում ունեցող անձի ձևավորումն է, նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերումը, ապա դա իր հերթին ենթադրում է ծրագրային բազմաթիվ բարեփոխումներ:
Սկզբնական շրջանում, երբ հոսքային խմբերում առանձնացան խորացված առարկաներ, որոնք իհարկե կօգնեին հետագայում մասնագիտանալու և ԲՈՒՀ ընդունվելու համար, թվում էր, թե իր թերություններով հանդերձ ռազմավարությունը բխում էր ընդհանուր կրթական բնական շահերից: Սակայն հետագայում պարզվեց, որ բազմաթիվ առարկաների ուսուցանումը խանգարում է աշակերտներին կենտրոնանալ 2-3 առարկաների վրա: Խոսքս ավելի կոնկրետացնելու համար փորձեմ խոսել փաստերով: Առաջին տարում քաղաքի տարբեր հիմնական դպրոցներից 10-րդ դասարան ընդունվեցին շուրջ 220 աշակերտներ: Թվում էր, թե ամեն ինչ հստակ էր, որ դպրոցի ընդհանուր, բնագիտա-մաթեմատիկական, տնտեսագիտական և հումանիտար հոսքերում արվում էր արդյունավետ աշխատանք: Սակայն հետագայում 12-րդ դասարանում ջրի երես հանվեցին բազմաթիվ խոչընդոտներ, որոնք հատուկ էին ընդհանուր կրթական համակարգին: Շտեմարանների առկայությունը հիմնականում «խփում էր» ծնողների գրպանին, սակայն այլ ելք չկար, որովհետև պարզվեց, որ ԳԹԿ-ի կողմից կազմակերպվող միասնական քննությունների թեստերն իրենց բովանդակությամբ չէին համապատասխանում ավագ դպրոցի ուսումնական պլանով նախատեսված ծրագրերին և բովանդակությանը: Եվ ավելի խորը հակասական շղթայի մեջ պարզվեց, որ դպրոցը չի տալիս այն գիտելիքները, ինչը անհրաժեշտ է միասնական քննությունները հաջողությամբ հանձնելու և բուհ ընդունվելու համար: Դեռևս 11-րդ դասարանից պարզ դարձավ, որ ԲՈՒՀ ընդունվելու համար կրկնուսույցների մոտ հավելյալ պարապմունքները խիստ անհրաժեշտ են: Ու հենց այդ տարում 12-րդ դասարաններում տիրող իրավիճակը արդեն մտահոգեց դպրոցների տնօրեններին: Ծնողները տարբեր ճանապարհներով խուսափում էին իրենց երեխաներին ուղարկել դպրոց, որովետև 3 առարկա օրնիբուն պարապող, շտեմարանները «զուբրիտ անող» աշակերտներին այլևս չէին հետաքրքրում ուսումնական պլանով նախատեսված այն մնացած բոլոր առարկաները, որոնք իրոք պետք չէին աշակերտներին իր ընտրած մասնագիտական ուղղության մեջ: Մեզ միայն մնում էր բացակայող աշակերտներին կարգապահական տույժերի ենթարկելու, ծնողներին ծանուցումներ ուղարկելու գործընթացը, որն ի վերջո բերեց աշակերտների դպրոցից դպրոց տեղափոխման ահավոր, ոչ ցանկալի երևույթին: Մեզ մոտ 12-րդ դասարանի առաջին կիսամյակում այլ դպրոցներ (հիմնականում կրթահամալիրներ և միջնակարգ դպրոցներ) տեղափոխվեցին շուրջ 53 աշակերտներ: Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ:
Հարցը երևույթն է, մտահոգողը՝ կրթական համակարգում առկա, հիմնախնդիրները և խոչընդոտները, իսկ հետագա տարիներին ցավոք պարզվեց, որ դա մի խրոնիկական հիվանդություն էր, նաև հասկանալի: Կրկնուսույցների մոտ պարապելու համար ծնողը գումար է ներդրել և դրա գլխավոր նպատակը երեխայի ԲՈՒՀ ընդունվելն է: Հենց այդ տարիներին պարզ դարձավ, որ ավագ դպրոցը չի կատարում իր առաքելությունը: Համաձայն եմ, որ մարզերում իրավիճակը մի փոքր ավելի մխիթարական է: Կոնկրետ վերջին տարիների ընթացքում Աբովյան քաղաքի բոլոր ավագ դպրոցների տնօրենները միահամուռ խստացրեցին վերահսկողությունը բացակաների նկատմամբ: Միահամուռ արգելեցին գոնե մեր քաղաքում դպրոցից դպրոց տեղափոխելու ծնողների նկրտումները: Այս տարիներին ՀՀ կրթության պետական տեսչությունը ստուգումների և ուսումնասիրությունների ժամանակ արձանագրեց աշակերտների հաճախումների դրական ցուցանիշ՝ մոտ 80-90% հաճախումներ:
Մեր մտահոգությունն ավելի գլոբալ է, որովհետև, մենք՝ մանկավարժներս, գիտակցում ենք, որ ծնողների միակ հույսը դպրոցի փոխարեն կրկնուսույցներն են: Պատճառների մասին բարձրաձայնելու, խոսելու, մտահոգվելու փոխարեն կատարվեց մեկ այլ ծայրահեղ քայլ: Հարգելի բացակաների թույլատրելի չափը դարձավ 81-120 ժամ, այսինքն առողջական խնդիրներ ունեցող աշակերտը, որ 2 շաբաթ անցկացնում է տանը կամ հիվանդանոցում՝ ենթակա է դպրոցից հեռացման: Կարծում եմ, որ պետք է անպայման վերանայվի այդ սահմանաթիվը:
Հետագա տարիներին մի շարք մտահոգիչ հիմնախնդիրներ նույնպես ավելացան:
Օրնիբուն, քրտնաջան աշխատանք տանող և միայն միասնական քննությունների վրա ուշադրություն դարձնող աշակերտի համար դպրոցը արդեն կորցրել է իր հետաքրքրությունը, իսկ աշակերտի ծնողը ավագ դպրոցը համարում է ժամանակի ավելորդ կորուստ: Ես համամիտ եմ նորանշանակ նախարարի կողմից արված այն մտահոգությունների հետ, որ պետք է բեռնաթափվի ավագ դպրոցը: Այնտեղ պետք է ընդամենը ուշադրություն դարձվեն խորացված առարկաների վրա, 3 տարիների ընթացքում աշակերտը անհրաժեշտաբար պետք է ուսումնասիրի հայոց լեզու, մաթեմատիկա, ռազմագիտություն, ֆիզկուլտուրա և մասնագիտացված, խորացված որևէ մեկ առարկա: Այսքանը: Այո՛, բեռնաթափումը խիստ կարևոր է և ծայրահեղ անհրաժեշտ: Իհարկե, այստեղ առաջանում է մի նոր մտահոգող հարց: Ավագ դպրոցին անհրաժեշտ են բարձրակարգ մասնագետներ: Վերջերս հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ բազմափորձ Անահիտ Բախշյանը նշեց, որ սկզբնական շրջանում ավագ դպրոցների ռազմավարության մեջ նշվում էր ավագ դպրոցի ուսուցիչների մրցույթների անցկացումը: Երևի ոչ մի դպրոց այդպես էլ քայլեր չձեռնարկեց այդ ուղղությամբ՝ սոցիալական լարվածությունը թուլացնելու և մանկավարժներին գործազուրկ չդարձնելու պատճառաբանությամբ: Եվ ունենք այն, ինչ ունենք և ճշմարտության դեմ չմեղանչելու համար հավելենք, որ այսօրվա ավագ դպրոցներում դեռևս աշխատում են նաև իրենց մանկավարժական հոգեբանությամբ, տրամաբանությամբ ավագ դպրոցներից «կիլոմետրերով հեռու» ուսուցիչներ:
Այժմ անցնենք ամենակարևորին, որը բացասաբար է անդրադառնում նաև կրթության որակին և բովանդակությանը:
Երկար տարիների իմ մանկավարժական և տնօրենի փորձը ցույց է տվել, որ մեկ աշակերտի թվով ֆինանսավորումը բացի ֆինանսական դժվարություններ ստեղծելուց բերում է նաև այլ տխուր հետևանքներ: Նմանօրինակ կարգով առաջացող դպրոցի բյուջեն ստիպում է մեղմ վերահսկողություն ցուցաբերել բացակայող աշակերտների նկատմամբ, դպրոց ընդունել թույլ և ոչ պարտաճանաչ, ավագ դպրոցների պահանջներին չհամապատասխանող աշակերտների, որոնք էլ բացասաբար են ազդում դպրոցի աշխատանքները արդյունավետ կազմակերպելու վրա: Եվ եթե 12-ամյա պարտադիր կրթության մասին կառավարության իրավական ակտերի կատարման համար միջնակարգ դպրոցներում թույլ աշակերտ հասկացությունը այնքան էլ էական նշանակություն չունի, ավագ դպրոցում դա ունենում է բացասական հետևանքներ: Ես առաջարկում եմ ավագ դպրոցների ուսումնական պլաններից ընդհանրապես հանել ընդհանուր հոսք հասկացությունը: Կոնկրետ մեր դպրոցի օրինակը ցույց է տվել, որ բացի ընդհանուր հոսքից, մնացած հոսքերի աշակերտները ավելի պարտաճանաչ են, ավելի կազմակերպված և կատարում են ուսուցչի բոլոր պահանջները, ինչը չի կարելի ասել միջնակարգ կրթության ատեստատի համար դպրոց հաճախող ընդհանուր հոսքի աշակերտների մասին: Դրա հետ մեկտեղ ցանկանում եմ նշել, որ պետք է լրջորեն մտածել մեկ աշակերտի ֆինանսավորման կարգի մասին ավելի արդյունավետ ուղիներ և մեխանիզմներ փնտրել:
Մի քանի խոսքով իմ մտահոգությունը արտահայտեմ կրթության բովանդակության նկատմամբ: Այստեղ ունեմ մի շարք առարկություններ, որոնք հասարակության կողմից հնարավոր է չընդունվեն և չընկալվեն:
Կրթության մեջ խորաթափանց և խորագիտակ, նորանշանակ Լևոն Մկրտչյանն իր հարցազրույցներում գլոբալ կարգով խոսել է թերությունների և բացթողումների մասին: Կուզենայի, իհարկե, որ կրթության հմուտ մեր նախարարը կիսի իմ հետ մի շարք մտահոգություններ: Առաջին կարևոր հիմնախնդիրը ԳԹԿ-ի միասնական քննությունների թեստերի, դպրոցական ուսումնական պլանների և ծրագրերի համապատասխանեցումն է:
Տարբեր մեխանիզմների մասին մտածելուց հետո ինձ թվում է՝ «սայլը տեղից չի շարժվի» , հարկավոր է անցնել կտրուկ գործողությունների: Ընդամենը գրչի մեկ հարվածով առաջարկում եմ շատ պարզ ու հասարակ մեխանիզմ: Նաև մատչելի: Ելքը ընդունելության քննությունների վերացումն է և կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար հաշվի չառնել ատեստատի գնահատականները: Մեխանիզմը հետևյալն է: Աշակերտը սովորական, միջին գնահատականներով, ընդունվում է ԲՈՒՀ՝ հարստացնելով պետական բյուջեն՝ բազմահատոր շտեմարաններին և կրկնուսույցներին տրվող գումարների փոխարեն: Հակառակ դեպքում, ըստ իս, կրկնուսույցների առկայությունը խանգարելու է, որքան էլ մենք մշակենք նոր մեխանիզմներ և բարեփոխենք ավագ դպրոցը:
Ես համամիտ եմ նորանշանակ նախարար պարոն Լևոն Մկրտչյանի այն տրամաբանական դատողությանը, որ ավագ դպրոցներին բաժին ընկավ շենքային վատ պայմաններ ունեցող դպրոցներ: Համաշխարհային ճգնաժամի և նաև որոշ պատվիրատուների ու շինարարների ամենաթողության պատճառով ահավոր ծանր վիճակում է գտնվում հանրապետության ավագ դպրոցների գերակշռող մեծամասնությունը: Պոկված մանրահատակներ, անբարեկարգ դասասենյակներ, շինարարների կիսատ թողած աշխատանք, էժանագին նյութերից պատրաստված եվրո դռներ և լուսամուտներ: Ու որքան էլ մենք ցանկանանք բարձրացնել կրթական որակը և արդյունավետությունը, որքան էլ կարողանանք խստագույնս հետևել աշակերտների հաճախումներին, ծնողը իր երեխային դժվարությամբ է ուղարկում չվերանորոգված ճաքճքված պատերով դասարաններ, բետոնե հատակներով ոչ բարետես դասասենյակներ: Ու որքան էլ ավագ դպրոցի նյութատեխնիկական բազան հագեցվեց, ձեռք բերվեց լաբորատոր տարբեր, թանկարժեք և ուսումնառության համար պիտանի սարքավորումներ, դրանք մնացին փակի տակ գտնվող կիսաքանդված լաբորատորիաներում, տուփերի մեջ՝ այդպես էլ չօգտագործվելով ըստ նպատակի:
Հարցը բազմաշերտ է և բազմատարր, մտահոգությունները բավականին խրթին շղթայով հագեցված, սակայն հրատապ: Ուշացնել չի կարելի, ժամանակն է դպրոցներին վերադարձնել նախկին հեղինակությունը:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4929 | 0
դեպի վեր