ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Արա Բաբլոյանը ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ
17:52, 17.11.2018
1791 | 0

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Ինչպես տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը, ուղերձում ասվում է.
«Սիրելի ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, երջանկություն, նպատակասլացություն, ուսումնառության արդյունավետ տարիներ և ամենայն բարիք:
Ձեզնով է պայմանավորված Հայաստանի ապագան, դո՛ւք եք զարգացնելու հայրենական գիտությունը, տնտեսությունն ու մշակույթը և ապահովելու մեր երկրի կայուն առաջընթացը: Ուստի, պիտի յուրացնեք ժամանակակից գիտության նվաճումները և նոր հորիզոններ բացեք Հայաստանի հետագա զարգացման համար:
Հենվելով միջազգային փորձի վրա` այսօր մենք շարունակում ենք կրթական համակարգի բարեփոխումները, կատարելագործում երիտասարդության խնդիրներին առնչվող օրենսդրական դաշտը և վստահ եղեք, որ արվում է հնարավորը` ձեր գիտելիքների ու մասնագիտական կարողությունների լիարժեք դրսևորումն ապահովելու համար:
Հայ ուսանողության յուրաքանչյուր սերունդ ժառանգել է նախորդի լուսավոր ու ազատամիտ գաղափարները և զարգացնելով դրանք` որպես մի հին, բայց նորացված արժեհամակարգ՝ փոխանցել է հաջորդ սերնդին:
Վկան՝ հայ առաջին ուսանողները՝ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտները, հետո միջնադարյան Հայաստանի լուսավորության կենտրոնների՝ Գլաձորի ու Տաթևի համալսարանների սաները, ովքեր Հայաստանում տարածեցին հայ պատմիչների մատյանները, Անանիա Շիրակացու մաթեմատիկական գիտելիքներն ու Մխիթար Հերացու բժշկագիտական խորհուրդները:

Եվ հայ ուսանողությունն էր, որ բոլոր ժամանակներում ըմբոստանալու էր Հայաստանին սպառնացող յուրաքանչյուր թշնամու դեմ ու իր ընդհատված ուսումնառությունն ավարտելու էր մարտադաշտերում:
Եվ խոնարհվելով հայրենիքի համար իրենց կյանքը զոհած բոլոր ուսանողների պայծառ հիշատակի առջև` նաև պիտի արժանին մատուցենք ա՛յն ուսանողների սխրանքին, ովքեր շուրջ յոթ տասնամյակ առաջ Պրահայում ըմբոստացան հիտլերյան ֆաշիզմի մարդակեր ընթացքի դեմ ու 1939 թվականի այս օրը դրա համար վճարեցին իրենց երիտասարդ կյանքերով: Եվ նոյեմբերի 17-ը վաղուց դարձել է ոչ միայն նրանց հիշատակը, այլև բռնության դեմ պայքարում մարդկության համերաշխությունը խորհրդանշող օր:
Քսանմեկերորդ դարում ևս շարունակվում ու նորանոր ձևեր են ընդունում բռնության ու ատելության դրսևորումները: Դրանց դեմ պայքարի լավագույն զենքերը ժամանակակից կրթությունը, գիտելիքն ու զարգացող մշակույթն են: Մարդկության առաջընթացը պայմանավորված է նրանց լույսով, որի տարածողները դո´ւք եք լինելու: Որովհետև ուսանողությո´ւնն է եղել բռնությունն ու ատելությունը մերժող ամենահզոր ուժը և ձևավորել է ա´յն առաջադիմական գաղափարներն ու արժեքները, որոնց վրա են հիմնվում ազատ ու ժողովրդավարական հասարակությունները:
Սիրելի´ ուսանողներ, կրկին շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ, որ ուսումնառության ընթացքում լավագույնս օգտագործեք միջհամալսարանական կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները: Թող ձեր հայացքը մի´շտ հառված լինի ապագային և այն ամենը, ինչը յուրացրել եք համալսարանական լսարաններում, ծառայեցնեք Հայաստանի ու Արցախի հետագա զարգացմանը:
Բարին ընդ ձեզ՝ սիրելի ուսանողներ»:

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյան


Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4918 | 0
դեպի վեր