ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Մենք ուրիշ ձեւ չենք տեսնում. բերդավանցիները կրկին ճանապարհ են փակել, այնտեղ է Տավուշի մարզպետը
14:43, 18.11.2018
2069 | 0

Բերդավանի բնակիչներն այսօր՝ նոյեմբերի 18-ին, կրկին ճանապարհ են փակել: Նրանք պահանջում են իշխանություններից ադրբեջանական կողմի հետ բանակցել եւ վերադարձնել արդեն 4 ամիս գերության մեջ գտնվող 34-ամյա Կարեն Ղազարյանին:

Բողոքողների հետ բանակցում է Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը. նա ակցիայի մասնակիցներին փորձեց հանգստացնել եւ բացատրել, որ իշխանություններն ամեն ինչ անում են՝ Կարեն Ղազարյանին վերադարձնելու համար:

«Մեր միակ հնարավորությունն էս է, մենք ուրիշ ձեւ չենք տեսնում: Եթե Ադրբեջանն այդ դատի մասին չհայտարարեր, մենք էլի կսպասեինք, բայց դա մեզ լրիվ հունից հանեց: Իմ անմեղ երեխուն դիվերսանտ են դարձրել», - մարզպետին դիմեց Կարեն Ղազարյանի մայրը:

Բողոքող բնակիչները մարզպետին հայտնեցին, որ իրենց են միացել նաեւ հարակից գյուղի բնակիչները:

Նշենք, որ երեկ նույնպես գյուղի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացրել եւ մի քանի ժամ փակ պահել Բագրատաշեն եւ Վրաստան տանող ճանապարհը:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը հուլիսի 15-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել «սահմանին Հայաստանի ԶՈՒ հետախուզադիվերսիոն խմբի հարձակման կանխման», ինչպես նաեւ 1984 թվականի ծնված հայ զինծառայող Կարեն Ղազարյանի գերեվարման մասին: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում եւ երբեք չի ծառայել Հայաստանի ԶՈՒ շարքերում:

Սա Ադրբեջանի իշխանություններին չէր խանգարել Ղազարյանին դիվերսանտ հայտարարել եւ դատել:

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը օրերս հայտարարել էր, որ Ադրբեջանը փորձել է շոու անել, Ղազարյանին դիվերսանտ ներկայացնել եւ հավասարության նշան դնել Ասկերովի եւ Գուլիեւի հետ, որոնք ծանր հանցագործություններ են կատարել. «Չնայած այս ամենին, համապատասխան աշխատանք է տարվում. հայրենակցին վերադարձնելու հարցն օրակարգում է»:

Այս հարցով ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը դիմել է ՄԱԿ եւ ԵԽ հանձնակատարներին, աշխատանք է տարվում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությամբ: Արման Թաթոյանը նաեւ հայտնել է, որ իրենք միջազգային կառույցներին ներկայացրել ենք փաստաթղթեր, որ Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, երբևէ չի ծառայել Զինված ուժերում և նաև ունի հոգեկան առողջության խնդիրներ: Սակայն այդ կառույցներից որեւէ արձագանք դեռ չկա: Paradox Media

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4918 | 0
դեպի վեր