Վերլուծելով հանրության շրջանում առկա մտավախությունները, բազմաթիվ հարցեր՝ պայմանավորված Արցախը մայր Հայաստանին կապող միակ ցամաքային այլընտրանքային (Բերձորի միջանցքը փոխարինող) ճանապարհի հետ, ինչպես նաեւ մամուլում տեղ գտած հրապարակումները, ադրբեջանական կողմի տարածած հայտարարությունները և Արցախի պաշտոնական մեկնաբանության բացակայությունը, անհրաժեշտություն է առաջացել անդրադառնալու տվյալ հիմնախնդրին: Ըստ այդմ, «ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոնը գրավոր դիմել է Արցախի Հանրապետության համապատասխան պետական մարմիններին՝ խնդրելով հստակ պարզաբանել, թե՝ -Ճանապարհի մեր հատվածի կառուցումը ներկայումս ի՞նչ փուլում է, ե՞րբ է նախատեսվում հանձնել շահագործման և ո՞ր բնակավայրերով է անցնելու այն: - «Բերձորի միջանցքով» են անցնում Արցախի համար կենսական, ռազմավարական նշանակություն ունեցող գազատարը, էլեկտրական հաղորդուղիները, հեռախոսակապը, ինտերնետ կապը: Ինչպե՞ս է ապահովվելու այս ենթակառուցվածքների անխափան գործունեությունը: -Բերձորից բացի ո՞ր հարակից համայնքներն են արդյունքում հայտնվելու Ադրբեջանի վերահսկողության տակ: -Ինչպիսի՞ տեխնիկական եւ անվտանգային պայմաններում է իրականացվելու այլընտրանքային ճանապարհի երթեւեկությունը, հերքվում են արդյո՞ք խոսակցություններն այն մասին, որ այնտեղ տեղադրվելու է ադրբեջանական անցակետ: Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի տեղյակ լինելու իրականացվող գործընթացներին և կարևորագույն հարցերի լուծման ոչ թափանցիկ գործելաոճն արցախահայության հանդեպ անընդունելի է: |