«Ես առավել ուսյալ կլինեմ իմ մահվան օրոք, քան կենդանության», - «Վերջին դուռը» գրքում ասում է Շառլ Ազնավուրը, և էլի բաներ, որոնց տարիների հոսքում հանգել է շանսոնիեն․ ․ Յուրաքանչյուր գրքից մնացել է մի փոքր բան, բոլորովին աննշան, որը, ավելանալով շատուշատ ուրիշներին, ինձ հնարավորություն է տվել դառնալ եթե ոչ կիրթ, ապա գոնե գրչի մարդ։ ․ Մինչև ապագա ալբոմի ձայնագրումն անընդհատ այստեղ-այնտեղ բառեր եմ փոխում։ Ոչ թե կատարելապաշտ, ավելի շուտ ինքս իմ հանդեպ առաջին կարգի քթի մազ եմ։ ․ Տեքստերն ինձ համար ամեն ինչից կարևոր են, շատ ավելի, քան երաժշտությունը։ . Ես բառերին հագցրի երաժշտական նոտաներ նախքան հասկանալը, որ բառն ինքը երաժշտություն է։ ․ Ժամանակին բացառապես ծառայում էի հանդիսատեսին, այսուհետ ծառայում եմ լեզվին։ ․ Մի ժամանակ սյուժեն էր ինձ գրավում և դրդում գրել․ հիմա սյուժեն սոսկ երգի հիմքն է։ Իսկական ժանյակը ֆրազներն ու բառերն են։ ․ Բառը, միայն մեկ բառը կարող է որոշել մի ամբողջ երգի բովանդակությունը։ ․ Կարող ես լինել զուսպ, նույնիսկ ամոթխած մարդ, բայց արտահայտվել ամեն նյութի շուրջ։ Երբ ես ասում եմ ամեն նյութ, նկատի չունեմ միայն վիճահարույց կամ անվայելուչ նյութերը։ ․ Երգիչը մշակ է, եթե չաշխատի, ցանքս չանի իր պարտեզում, մի օր նրա դաշտը՝ երգը կչորանա և պտուղ չի տա։ ․ Կանացիության այն մասը, որ ամեն մի տղամարդ ամփոփում է իր մեջ, բոլորովին իմաստ չունի ժխտել։ ․ Ճակատագիրն ինքնիրեն չի կառուցվում պատահականության հրաշքով։ Պետք է ճակատագրին օգնել, սիրաշահել, դիմակայել։ ․ Քարոզներ մի կարդացեք ձեզ ցուցադրելու համար․ վաղ թե ուշ այն ձեր գլխին կընկնի։ ․ Ոչ ամենագետ եմ, ոչ մտավորական, ավելի շուտ ջանասերի մեկը, և ինչ ինձ չեն սովորեցրել, փորձել եմ միայնակ անել։ ․ Ավելի լավ է ամեն օր նախապատրաստվես երջանկությանդ ավարտին, այլապես անկումը սարսափելի, ես կասեի՝ անտանելի կլինի։ ․ Միայն երիտասարդները կարող են իրենց թույլ տալ դատողություն անել, դատապարտլ իրենց ժամանակն ու դարը և կարծել, թե ամեն ինչ գիտեն։ Հետո ուշ է, ծերանում ես, հայտնաբերում սեփական անգիտությունդ, բայց նաև իմաստնությունդ։ ․ Ծերության օրերը ավերակված չապրելու միակ միջոցը ինքդ քեզնով զբաղվելն է։ ․ Չարությունից կարող ես թոթափվել, հիմարությունից՝ երբեք։ |