Դրվագ գրողի կյանքից։ Մաքսիմ Գորկին է պատմում․ «Մի անգամ նրան ճոխ հագնված երեք տիկին այցեցին։ Սենյակը լցնելով մետաքսե շրջազգեստների աղմուկով և թունդ օծանելիքի բույրով՝ նրանք պարկեշտաբար նստեցին տանտիրոջ դիմաց և, ձևացնելով, իբր թե քաղաքականությունը շատ է հետաքրքրում, սկսեցին «հարցեր առաջադրել» ։ -Անտոն Պավլովիչ, իսկ դուք ինչպե՞ս եք կարծում, ինչո՞վ կավատվի պատերազմը։ Անտոն Պավլովիչը հազաց, մտորեց և հանդարտ, լուրջ տոնով, բարեհամբույր պատասխանեց․ -Հավանաբար․․․ խաղաղությամբ։ -Դե, իհարկե։ Բայց ո՞վ է հաղթելու։ Թուրքե՞րը, թե՞ հույները։ -Ինձ թվում է, կհաղթեն նրանք, ովքեր ուժեղ են։ -Իսկ ովքե՞ր են ավելի ուժեղ, -իրար խոսք կտրելով՝ վրա եկան կանայք։ -Նրանք, ովքեր ավելի լավ են սնվում և առավել ուսյալ են․․․ -Ախ, որքա՜ն սրամիտ է, -բացականչեց մեկը։ -Իսկ դուք ու՞մ եք ավելի սիրում՝ թուրքերի՞ն, թե՞ հույներին։ Անտոն Պավլովիչը գորովանքով նայելով նրան՝ պատասխանեց սիրալիր ժպիտով․ -Ես մարմելադ եմ սիրում։ Իսկ դուք․․․ սիրու՞մ եք։ -Շա՜տ, -աշխուժացած՝ բացականչեց տիկինը։ -Այնքա՜ն անուշ է, -լրջորեն հաստատեց մյուսը։ ՈՒ բոլորը սկսեցին ոգեշնչված խոսել՝ ցուցաբերելով մարմելադի մասին հրաշալի խորագիտություն և նրբիմացություն։ Ակնհայտ էր՝ տիկնայք շատ էին գոհ, որ հարկ չկա լարել միտքը և հետաքրքրվածություն ձևացնել թուրքերի ու հույների հանդեպ, որոնց մասին մինչ այդ չէին էլ մտածել։ Գնալիս Անտոն Պավլովիչին խոստացան․ -Մենք ձեզ մարմելադ կուղարկենք։ -Դուք փառավոր զրուցեցիք, -նկատեցի ես, երբ նրանք հեռացան։ Անտոն Պավլովիչը հուշիկ ծիծաղով ասաց․ -Պետք է յուրաքանչյուր մարդ խոսի իր լեզվով․․․» ։ |