MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+28 °C
Հովվական այց Լիսաբոն
14:07, 16.04.2024
261 | 0

Հովվական այց Լիսաբոն

  • 16 апр, 2024 в 11: 59

Արեւելահայ.

Ապրիլի 13-ից 15-ը Լիսաբոն կատարած իր հովվական այցի շրջանակում, Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը շաբաթ օրը այցելեց Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի հայկական բաժինը, ուր տնօրեն Ռազմիկ Փանոսյանի հետ քննարկեց հետագա համագործակցության ծրագրերը։

Հաջորդ օրը, կիրակի հետմիջօրեին, Խաժակ Սրբազանի ձեռամբ և Հոգշ․ Տեր Շնորհք աբեղա Սարգսյանի առընթերականությամբ Լիսաբոնի Igreja de Nossa Senhora do Rosário de Fátima եկեղեցում մատուցվեց պորտուգալահայ համայնքի վերջին տարիների պատմության մեջ Զատկական անդրակին Ս․ Պատարագը, որը կազմակերպել էր Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության միությունը: Նրան մասնակցեցին ավելի քան 50 հայ հավատավորներ՝ Լիսաբոնից, մոտակա շրջաններից և մինչև իսկ Պորտո քաղաքից։

Այդ ուրախ առիթով, ներկաների մեծ մասը նույն երեկոյան հավաքվեց սիրո սեղանի շուրջ՝ Ararat հայկական ռեստորանում ընթրիքի, որն ուղեկցվեց սրտագին կենացներով և հայկական երգով։

Միասնորեն ակնկալվեց մոտակայում ստեղծել ժամանակավոր եկեղեցական խորհուրդ, որի առաջնային նպատակը կլինի քարտեզագրել և կապ հաստատել Պորտուգալիայի մայրաքաղաքում և շրջակա վայրերում բնակվող հայության հետ՝ ծխական կյանքի և Եկեղեցու հայապահպան ծրագրերի մեջ ներգրավելու նպատակով։

Մեկնելուց առաջ, երկուշաբթի առավոտյան ժամը 10-ին, Խաժակ Արք․ Պարսամյանը հյուրընկալվեց Լիսաբոնի Պատրիարք, Արքեպիսկոպոս Րույ Մանուել Սոուզա Վալերիոյի մոտ։ Հանդիպմանը ներկա եղավ նաև Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախագահ Տիար Վահե Մխիթարյանը։

Սրբազան Հայրը նախ շնորհակալություն հայտնեց քաղաքի հոգևոր առաջնորդին իրեն անձնապես ճանաչելու ընձեռած հնարավորության, ինչպես նաև Սուրբ պատարագի կապակցությամբ կաթոլիկ աղոթավայր տրամադրելու համար։

Անդրադառնալով հայազգի բարերար Գալուստ Կկիւլպէնկեանի անձին, հյուրընկալ հոգևորականը բարձր գնահատանք տվեց նրա գործունեությանը՝ հօգուտ իր համար երկրորդ հայրենիք դարձած Պորտուգալիայի և նրա ժողովրդի բարօրությանը։

Հյուրընկալ հոգևորականը Խաժակ Սրբազանից տեղեկացավ երկրում բնակվող հայության մասին և, հանդիպմանը ներկա գտնվող միջեկեղեցական հարցերով իր փոխանորդի հետ, խոստացավ հայ հավատավորների հոգևոր կարիքները բավարարելու համար տրամադրել մի եկեղեցի, ուր կանոնավոր պատարագներից բացի հնարավոր կլինի նաև ստեղծել կիրակնօրյա դպրոց։

Բարեկամական ջերմ մթնոլորտում անցած զրույցի ավարտին Սրբազան Հայրը Լիսաբոնի Պատրիարքին նվիրեց Սուրբ Կույսի Ավետման փայտե սրբապատկերը։

Արեւմտահայ.

Հովուական այց՝ Լիզպոն

Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեան Ապրիլի 13-էն 15 Լիզպոն կատարած իր հովուական այցի ընթացքին, շաբաթ օր այցելեց Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի հայկական բաժինը, ուր տնօրէն՝ Ռազմիկ Փանոսեանի հետ քննարկեց յետագայ համագործակցութեան ծրագրերը։

Յաջորդ օրը, Կիրակի յետմիջօրէին, Խաժակ Սրբազանի ձեռամբ եւ Հոգշ․ Տէր Շնորհք աբեղայ Սարգսեանի առընթերականութեամբ Լիզպոնի Igreja de Nossa Senhora do Rosário de Fátima եկեղեցւոյ մէջ մատուցուեցաւ Փորթուկալահայ համայնքի վերջին տարիներու պատմութեան մէջ Զատկական անդրանիկ Ս․ Պատարագը, զոր կազմակերպած էր Փորթուկալիա-Հայաստան Բարեկամութեան միութիւնը: Պատարագին մասնակցեցան աւելի քան 50 հայ հաւատաւորներ՝ Լիզպոնէն, մօտակայ շրջաններէն եւ մինչեւ իսկ Պորտօ քաղաքէն։

Այդ ուրախ առիթով, ներկաներու մեծ մասը նոյն երեկոյ Ararat հայկական ռեստորանին մէջ հաւաքուեցաւ ընթրելու սիրոյ սեղանին շուրջ, որուն ուղեկցեցան սրտագին կենացներով եւ հայկական երգով։

Միասնօրէն ակնկալուեցաւ մօտակայքը ստեղծել ժամանակաւոր եկեղեցական խորհուրդ, որուն առաջնային նպատակը պէտք է ըլլար քարտէզագրել եւ կապ հաստատել Փորթուկալի մայրաքաղաքին եւ շրջակայ վայրերու մէջ բնակող հայութեան հետ՝ ծխական կեանքի եւ Եկեղեցւոյ հայապահպան ծրագրերու մէջ ներգրաւելու նպատակով։

Մեկնելէն առաջ, երկուշաբթի առաւօտեան ժամը 10-ին, Խաժակ Արք․ Պարսամեան հիւրընկալուեցաւ Լիզպոնի Պատրիարք՝ Արքեպիսկոպոս Րույ Մանուէլ Սոուզա Վալերիոյի մօտ։ Հանդիպման ներկայ եղաւ նաեւ Փորթուկալ-Հայաստան բարեկամութեան միութեան նախագահ Տիար Վահէ Մխիթարեանը։

Սրբազան Հայրը նախ շնորհակալութիւն յայտնեց քաղաքի հոգեւոր առաջնորդին զինք անձնապէս ճանչնալու ընձեռած հնարաւորութեան, ինչպէս նաեւ Սուրբ պատարագի կապակցութեամբ կաթոլիկ աղօթավայր տրամադրելու համար։

Անդրադառնալով հայազգի բարերար Գալուստ Կկիւլպէնկեանի անձին, հիւրընկալ հոգեւորականը բարձր գնահատեց անոր գործունէութիւնը՝ յօգուտ իրեն համար երկրորդ հայրենիք դարձած Փորթուկալիոյ եւ անոր ժողովուրդի բարօրութեան։

Հիւրընկալ հոգեւորականը Խաժակ Սրբազանէն տեղեկացաւ երկրի մէջ բնակող հայութեան մասին եւ հանդիպման ներկայ գտնուող միջեկեղեցական հարցերով իր փոխանորդի հետ, խոստացաւ հայ հաւատաւորներու հոգեւոր կարիքները բաւարարելու համար տրամադրել եկեղեցի մը, ուր կանոնաւոր պատարագներէն բացի հնարաւոր կ՛ըլլայ նաեւ ստեղծել կիրակնօրեայ դպրոց։

Բարեկամական ջերմ մթնոլորտի մէջ տեղի ունեցած զրոյցի աւարտին Սրբազան Հայրը Լիզպոնի Պատրիարքին նուիրեց Սուրբ Կոյսի Աւետման փայտէ սրբապատկերը։

The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
339 | 0
to top