MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +19 °C Tomorrow:+21 °C
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
21:28, 15.10.2013
59278 | 0

Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին


Մարդու մարմինը զարմանալի մի համակարգ է, որը միաժամանակ կատարում է սեփական կենսագործունեության ապահովմանը նպատակաուղղված բազմաթիվ բարդ գործողություններ։


Տուժածին արդյունավետ աոաջին օգնություն ցուցաբերելիս պարտադիր չէ մանրամասն գիտելիքներ ունենալ մարդու մարմնի գործունեության մասին։ Սակայն մարմնի կառուցվածքի, կենսական օրգանների տեղակայման և նրանց գործունեության մասին տարրական գիտելիքները կօգնեն վնասվածքների և հիվանդությունների դեպքում ճիշտ կողմնորոշվել, տուժածի վիճակի մասին ստույգ տեղեկություններ հաղորդել բժշկական անձնակազմին։


Մարմնի կենսական համակարգերը փոխկապակցված են։ Ուստի վնասվածքը կամ հիվանդությունը, որն ազդում է որևէ մի կենսական համակարգի գործունեության վրա, բնականաբար կարող է ազդել նաև մյուսների վրա։

ՄԱՐՄՆԻ ԽՈՌՈՉՆԵՐԸ

Մարմնի խոռոչները մարմնի մեջ գտնվող տարածություններն են, որոնցում գտնվում են ներքին օրգանները։ Մարդու մարմնի կարևոր խոռոչներն են՝ գանգի, կրծքավանդակի և որովայնի խոռոչները (նկ.2.1) ։


  • Գանգի խոռոչը գտնվում Է գլխում։ Գանգի խոռոչում գտնվում Է գլխուղեղը, որը վնասվածքներից պաշտպանված է գանգի ոսկրերով։

  • Կրծքավանդակի խոռոչը գտնվում Է իրանի վերին մասում և որովայնի խոռոչից բաժանված Է գմբեթաձև մկանով՝ ստոծանիով։ Կրծքավանդակը, որը ձևավորվում Է կողերի՝ կրծոսկրին և ողերին միանալով, պաշտպանում Է իր մեջ եղած օրգանները (սիրտ, թոքեր և այլն) ։

  • Որովայնի խոռոչը գտնվում Է իրանի ստորին մասում։ Որովայնի խոռոչում են գտնվում ստամոքսը, աղիները, լյարդը, լեղապարկը, փայծաղը, միզային և սեռական օրգանները և այլն։ Որովայնի խոռոչի օրգանները միայն հետևից են պաշտպանված ոսկրերով, հետնաբար խոցելի են։

ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ


Մարմինը բաղկացած Է բազմաթիվ բջիջներից, որոնք հանդիսանում են բոլոր կենդանի հյուսվածքների փոքրագույն կառուցվածքային և ֆունկցիոնալ միավորները։ Մարմնում կան տարբեր տեսակի բջիջներ, և ամեն մի տեսակ յուրովի ապահովում Է մարմնի նորմալ կենսագործունեությունը։ Նույնանման կառուցվածք ունեցող բջիջների բազմությունը կոչվում Է հյուսվածք։ Համակցված գործող տարբեր հյուսվածքներ ձևավորում են մարմնի օրգանները։ Օրգանները և որոշակի գործունեություն իրականացնող գոյացությունները ձևավորում են մարմնի կենսական համակարգերը։
Մարդու մարմնի կենսական համակարգերն են՝


  • նյարդային համակարգը,

  • շնչառական համակարգը,

  • սրտանոթային (արյան շրջանառության) համակարգը,

  • ավշային համակարգը,

  • ոսկրամկանային (հենաշարժիչ) համակարգը,

  • ծածկույթային համակարգը,

  • մարսողական համակարգը,

  • ներզատիչ համակարգը,

  • միզային համակարգը,

  • սեռական համակարգը:


Կենսական կարևոր են համարվում այն համակարգերը, որոնց գործունեության լուրջ խանգարումը կամ դադարը կարճ ժամանակում բերում Է մահվան: Մարդու կենսական կարևոր համակարգերն են նյարդային, շնչառական և սրտանոթային համակարգերը:


ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ


Նյարդային համակարգը կարգավորում Է մարմնի գործունեությունը։ Նյարդային համակարգն ապահովում Է մարմնի և արտաքին միջավայրի կապը։ Մարմնի բոլոր ռեակցիաները՝ արտաքին աշխարհից ստացվող գրգիռների նկատմամբ, պայմանավորվում են նյարդային համակարգի գործունեությամբ։


Նյարդային համակարգի կազմի մեջ մտնում են կենտրոնական նյարդային համակարգը (գլխուղեղ, ողնուղեղ) և ծայրամասային նյարդային համակարգը (նյարդեր) (նկ.2.2) ։


Գլխուղեղը կենտրոնական նյարդային համակարգի բաղկացուցիչ մասն է, որը գտնվում է գանգի խոռոչում և կառավարում է մարմնի բոլոր համակարգերի գործունեությունը։ Գլխուղեղը իրականացնում է երեք կարգի ֆունկցիաներ՝ միավորող, զգայական և շարժիչ։ Ուղեղի միավորող ֆունկցիայի շնորհիվ ապահովվում են գիտակցությունը, հիշողությունը, զգացմունքները, խոսքը։ Զգայական ֆունկցիան հնարավորություն է տալիս տեսնել, լսել, շոշափել, զգալ ջերմությունը, տարբեր հոտերն ու համերը։ Ուղեղի շարժիչ ֆունկցիայի շնորհիվ իրականանում են մարմնի շարժումները։


Գլխուղեղի բաժիններից է երկարավուն ուղեղը, որը գտնվում է ողնուղեղի՝ գլխուղեղին միանալու հատվածում։ Երկարավուն ուղեղում են գտնվում սրտանոթային, շնչառական և մի քանի այլ համակարգեր ղեկավարող կենտրոններ: Ուղեղի այդ հատվածի վնասվածքները կարող են մահվան պատճառ հանդիսանալ։


Ողնուղեղը կենտրոնական նյարդային համակարգի մի մասն է, որը գտնվում է ողնաշարի խողովակում և հիմնականում իրականացնում է կապը գլխուղեղի և ծայրամասային նյարդային համակարգի միջև, ինչպես նաև ունի իր սեփական կարգավորող կենտրոնները։ Ողնուղեղի որևէ հատվածի վնասման դեպքում խաթարվում է այդ հատվածից ներքև գտնվող մարմնի մասերի գործունեությունը։

Նյարդերը գլխուղեղից և ողնուղեղից տարածվում են դեպի մարմնի բոլոր մասերը։ Նրանք տեղեկություններ են հաղորդում էլեկտրական ազդակների (գրգիռների) միջոցով։


Այն նյարդերը, որոնց գրգռման ժամանակ ազդակները մարմնի ծայրամասից գնում են դեպի ուղեղ, ապահովում են ուղեղի զգայական ֆունկցիան։


Այն նյարդերը, որոնց գրգռման ժամանակ ազդակներն ուղեղից գնում են դեպի մկանները, ապահովում են ուղեղի շարժիչ ֆունկցիան։ Նյարդային բջիջները տարբերվում են մարմնի մյուս բջիջներից նրանով, որ չեն վերականգնվում։ Այսպիսով, վնասված նյարդային բջիջների կողմից իրականացվող՝ մարմնի որևէ շրջանի կարգավորման ֆունկցիան կարող է ընդմիշտ անհետանալ։


Նյարդային համակարգի գործունեության վիճակն արտահայտում է գիտակցությունը։ Գիտակցությունը կարող է խանգարվել տարբեր վնասվածքների և հիվանդությունների պատճառով։ Գլխի ցանկացած վնասվածք, որը բերում է գիտակցության կորստի, կարող է առաջացնել ուղեղի վնասում, ուստի դրան պետք է լրջորեն վերաբերվել։ Ողնուղեղի և նյարդերի վնասվածքները կարող են բերել զգացողության կամ շարժումների ժամանակավոր կամ մշտական կորստի (պարալիզի) ։


ՇՆՉԱՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ


Մարմնի և միջավայրի միջև տեղի ունեցող գազափոխանակությունը կոչվում է շնչառություն։ Նորմալ կենսագործունեության համար մարմնին անհրաժեշտ է էներգիա։ Սննդանյութերից էներգիայի ստացումն ընթանում է թթվածնի կլանմամբ և ածխաթթու գազի անջատմամբ։ Քանի որ մարմնում չկա թթվածնի պաշար, առանց որի բջիջները մահանում են, ապա անհրաժեշտ է թթվածնի անընդհատ մուտք մարմին։ Մյուս կողմից ածխաթթու գազը պետք է հեռացվի մարմնից, քանի որ նրա զգալի քանակության կուտակումը վտանգավոր է կյանքի համար։ Օդից թթվածնի կլանումը և ածխաթթու գազի արտազատումը իրագործվում է շնչառական համակարգի միջոցով։ Շնչառական համակարգը կազմում են շնչուղիները (քթի խոռոչ, քթաըմպան, ըմպան, կոկորդ, շնչափող, բրոնխներ) և թոքերը (նկ. 2.3) ։ Շնչուղիներով օդը հասնում է թոքեր, որտեղ իրականանում է գազափոխանակությունը։


Քթի խոռոչի ներքին մակերեսը պատված է արյունատար անոթներով հարուստ լորձաթաղանթով: Ներշնչվող օդը քթի խոռոչում տաքանում է, խոնավանում, մաքրվում փոշուց և մասամբ վարակազերծվում։ Ապա այն անցնում է քթաըմպան, ըմպան, իսկ հետո՝ կոկորդ։ Կոկորդում գտնվում են ձայնալարերը, որոնք թրթռում են իրենց միջով օդ անցնելիս և առաջացնում ձայն։ Կոկորդով օդն անցնում է շնչափող, որը գտնվում է կերակրափողի առջևում։ Կլման ժամանակ մակկոկորդը կափույրի նման փակում է կոկորդի մուտքը և խոչընդոտում շնչառական ուղիների մեջ օտար մասնիկների ու հեղուկների թափանցմանը։ Կրծքավանդակի խոռոչում շնչափողը բաժանվում է երկու՝ աջ և ձախ բրոնխների։ Բրոնխները ճյուղավորվում են՝ առաջացնելով բրոնխիալ ծառ, որի ծայրամասային օդատար խողովակները վերածվում են թոքաբշտերի (նկ. 2.3) ։ Թոքաբշտերը (ալվեոլները) մանրագույն բրոնխների ողկույզանման վերջավորություններն են, որտեղ կատարվում է գազափոխանակություն։ Թոքաբշտերը պատված են արյունատար անոթների խիտ ցանցով:


Թոքերը կրծքավանդակում տեղակայված սպունգանման զույգ օրգաններ են, որոնք շնչառության միջոցով մարմինն ապահովում են թթվածնով և մարմնից դուրս են բերում ածխաթթու գազը։


Թոքերը պատված են թաղանթով՝ թոքամզով (պլևրա) ։ Թոքամիզը, պատելով յուրաքանչյուր թոքը, անցնում է կրծքավանդակի ներքին պատերի վրա և թոքի շուրջն առաջացնում փակ թոքամզային խոռոչ։ Թոքամզային խոռոչում ճնշումը մթնոլորտայինից ցածր է։ Ճնշումների տարբերության շնորհիվ ապահովվում է օդի անցումը թոքեր։


Ներշնչման Ժամանակ կրծքավանդակի մկանները և ստոծանին կծկվում են՝ մեծացնելով կրծքավանդակի ծավալը։ Քանի որ թոքամզային խոռոչում ճնշումը մթնոլորտայինից ցածր է, կրծքավանդակի ծավալի մեծացման հետ մեկտեղ, լայնանում են նաև թոքերը, որի հետևանքով օդն անցնում է այնտեղ (նկ. 2.4ա) ։ Արտաշնչման ժամանակ վերոհիշյալ մկանները թուլանում են, և օդը դուրս է գալիս թոքերից (նկ. 2.4բ) ։

Թթվածինը` անցնելով ալվեոլի և արյունատար անոթի բարակ պատի միջով, ներթափանցում է օդից արյուն, իսկ ածխաթթու գազը՝ հակառակ ուղղությամբ:


Մարդու շնչառության հաճախությունը և ծավալը կախված է մարմնի թթվածնի պահանջից։ Չափահաս մարդը հանգիստ վիճակում մեկ ներշնչման ընթացքում ներշնչում է մոտավորապես 500 մլ օդ։ Շնչառության հաճախությունը սովորաբար կազմում է՝


  • չափահաս մարդկանց և ութ տարեկանից բարձր երեխաների մոտ՝ րոպեում 14-18 շնչառական շարժում,

  • 1-8 տարեկան երեխաների մոտ՝ րոպեում 20-25 շնչառական շարժում,

  • ծծկեր երեխաների մոտ՝ րոպեում 40-60 շնչառական շարժում։


Շնչառությունն անընդհատ է և կառավարվում է նյարդային համակարգի կողմից։

Մարդու շնչառությունը կարող է դժվարանալ կրծքավանդակի վնասվածքների, շնչառական հիվանդությունների, ալերգիկ վիճակների, շնչուղիների խցանման և այլ պատճառներով։ Այս պատճառները կարող են հանգեցնել շնչառության կանգի, որը կյանքին անմիջական վտանգ սպառնացող իրավիճակ է։


ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ


Սրտանոթային (արյան շրջանառության) համակարգը իրականացնում է արյան անընդհատ հոսքը մարմնում։ Արյան հոսքի շնորհիվ բջիջներն ապահովվում են թթվածնով, սննդանյութերով և հեռացվում են ածխաթթու գազն ու նյութափոխանակության արգասիքները։ Սրտանոթային համակարգը կազմում են սիրտը և արյունատար անոթները (նկ. 2.5) ։


ՍԻՐՏ


Սիրտը կրծոսկրի հետևում տեղակայված մկանային խոռոչավոր օրգան է, որը մղում է արյունն ամբողջ մարմնով։ Սիրտը բաժանվում է իրար հետ չհաղորդակցվող աջ և ձախ կեսերի։


Սրտի մղիչ գործունեությունն ապահովվում է սրտամկանի կծկման շնորհիվ։ Սիրտն ունի իր սեփական էլեկտրական համակարգը, որը կարգավորում է սրտի կծկումների կանոնավորությունը։ Սրտի կծկումների կանոնավորությունն ապահովում է արյան անընդհատ հոսքը։ Սիրտն ունի փականային համակարգ, որի շնորհիվ ապահովվում է արյան հոսքը մեկ ուղղությամբ: Փականային համակարգը խոչընդոտում է արյան հետհոսքը։

Սրտամկանը թթվածնի և սննդանյութերի անդադար մատակարարման կարիք ունի։ Սրտամկանը սնուցող անոթները կոչվում են պսակաձև անոթներ։


ԱՐՅՈՒՆԱՏԱՐ ԱՆՈԹՆԵՐ


Արյունատար անոթներն են զարկերակները, երակները, մազանոթները։ Զարկերակներով արյունը սրտից մղվում է դեպի մարմնի բոլոր հյուսվածքները։ Խոշոր զարկերակները բաժանվում են ավելի ու ավելի փոքր տրամագիծ ունեցող զարկերակների, որոնք վերածվում են մազանոթների։ Մազանոթները մանր անոթներ են, որոնց պատի միջով կատարվում է թթվածնի ու սննդանյութերի անցումն արյունից բջիջներ և ածխաթթու գազի ու նյութափոխանակության արգասիքների անցումը բջիջներից արյան մեջ։ Մազանոթները միանալով, կազմում են երակներ, որոնք, իրենց հերթին միանալով, առաջացնում են ավելի խոշոր երակներ։ Երակներով արյունը մարմնի տարբեր մասերից հոսում է դեպի սիրտ։


ԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ


Արյունը շրջանառում է արյան մեծ և փոքր շրջաններով (նկ. 2.6) ։ Արյան շրջանառության մեծ շրջանն ապահովում է հյուսվածքներին թթվածնով հարուստ արյունով։ Արյան շրջանառության փոքր շրջանում արյունը հարստանում է թթվածնով և ազատվում ածխաթթու գազից։ Արյան շրջանառության մեծ շրջանում թթվածնով հարուստ ալ կարմիր արյունը սրտի ձախ կեսից զարկերակներով մղվում է դեպի մարմնի բոլոր հյուսվածքները։ Մազանոթներով հոսող արյան և հյուսվածքների բջիջների միջև տեղի է ունենում նյութափոխանակություն։ Թթվածնով աղքատ, մուգ կարմիր արյունը երակներով վերադառնում է սրտի աջ կեսը։ Արյան շրջանառության փոքր շրջանում սրտի աջ կեսից թթվածնով աղքատ արյունը թոքային զարկերակներով մղվում է դեպի թոքեր, որտեղ արյունը հարստանում է թթվածնով և, թոքային երակների միջոցով անցնելով սրտի ձախ կես, կրկին սկսում է իր շրջանը։


ԱՆՈԹԱԶԱՐԿ


Սրտի կծկման ժամանակ արյան հարվածային ալիքը տարածվում է զարկերակների պատերով։ Դա կոչվում է անոթազարկ (պուլս), որը կարելի է շոշափել մակերեսային զարկերակների վրա, օրինակ՝ պարանոցի շրջանում (քնային զարկերակի վրա), դաստակին (ճաճանչային զարկերակի վրա) ։


Հանգիստ վիճակում մարդու սրտի կծկումների հաճախականությունը կազմում է՝


  • չափահաս մարդկանց և ութ տարեկանից բարձր երեխաների մոտ՝ րոպեում 60-80 զարկ,

  • 1-8 տարեկան երեխաների մոտ՝ րոպեում 80-110 զարկ,

  • ծծկեր երեխաների մոտ՝ րոպեում 120-140 զարկ։


Սրտանոթային համակարգի խաթարման պատճառ կարող են լինել սրտանոթային հիվանդությունները, կրծքավանդակի վնասվածքները, ուժեղ արյունահոսությունը, էլեկտրական հարվածը և այլն։ Այս վիճակները կարող են հանգեցնել սրտի կանգի, որը կյանքին անմիջական վտանգ սպառնացող իրավիճակ է, քանի որ դադարում է մարմնի բոլոր բջիջներին թթվածնի մատակարարումը։ Սրտի կանգն իր հերթին անխուսափելիորեն բերում է շնչառության կանգի։


ՄԱՐՄՆԻ ՆԵՐՔԻՆ ՀԵՂՈՒԿ ՄԻՋԱՎԱՅՐԸ


Արյունը, ավիշը և հյուսվածքային հեղուկը կազմում են մարմնի ներքին հեղուկ միջավայրը։


ԱՐՅՈՒՆ


Արյունը կազմում է մարմնի զանգվածի 7-8%-ը։ Սովորաբար միայն արյան մի մասն է շրջանառում։ Մյուս մասը գտնվում է արյունը պահեստավորող օրգաններում՝ լյարդում, փայծաղում, մաշկում, թոքերում։ Այդ արյունը շրջանառության մեջ է մտնում ակտիվ ֆիզիկական աշխատանքի ժամանակ, արյան կորստի կամ այլ դեպքերում։ Արյունը բաղկացած է հեղուկ մասից ու ձևավոր տարրերից։ Հեղուկ մասը կոչվում է պլազմա։ Արյան ձևավոր տարրերն են արյան կարմիր բջիջները (էրիթրոցիտներ), արյան սպիտակ բջիջները (լեյկոցիտներ) և արյան թիթեղիկները (թրոմբոցիտներ) ։


Պլազման կազմում է արյան ծավալի մոտ 55%-ը։ Այն հիմնականում բաղկացած է ջրից, որտեղ լուծված են սպիտակուցներ և այլ օրգանական նյութեր, աղեր։


Արյան կարմիր բջիջները պարունակում են հեմոգլոբին, որը կապում և տեղափոխում է թթվածինը։ Հեմոգլոբինով է պայմանավորված արյան կարմիր գույնը։ Թթվածնով հարուստ արյունն ունի վառ կարմիր, իսկ թթվածնով աղքատ արյունը՝ մուգ կարմիր գույն։

Արյան սպիտակ բջիջները մտնում են մարմնի իմուն համակարգի կազմի մեջ։ Դրանք պաշտպանում են օրգանիզմը մանրէներից, օտարածին մասնիկներից և այլ նյութերից։


Արյան թիթեղիկներն անոթի պատի վնասման դեպքում մասնակցում են արյան մակարդմանը, նպաստում են խցանի (թրոմբ) առաջացմանը և կանխում հետագա արյունահոսությունը։ Արյունը իրականացնում է հետևյալ ֆունկցիաները՝


  • Տեղափոխության։ Արյունը հասցնում է սննդանյութեր և թթվածին մարմնի բոլոր բջիջներին, հեռացնում է նյութափոխանակության արգասիքներն ու ածխաթթու գազը։ Կենսաբանական ակտիվ նյութերն անցնում են արյուն և հասցվում թիրախ օրգաններին։

  • Պաշտպանական։ Արյան սպիտակ բջիջների միջոցով իրականանում է պայքարը վարակի դեմ։ Արյան թիթեղիկները մասնակցում են արյան մակարդմանը և պաշտպանում մարմինն արյան կորստից։

  • Ջերմակարգավորիչ։ Արյան շրջանառության միջոցով ապահովվում է մարմնի ջերմաստիճանի հարաբերական հաստատունությունը։


ՀՅՈՒՍՎԱԾՔԱՅԻՆ ՀԵՂՈՒԿ


Հյուսվածքներում բջիջները սովորաբար իրար կիպ չեն հարում։ Նրանց միջև եղած տարածությունը լցված է հյուսվածքային հեղուկով։ Սննդանյութեր և թթվածին պարունակող պլազման արյունատար մազանոթներից մշտապես անցնում է հյուսվածքների մեջ՝ առաջացնելով հյուսվածքային հեղուկ։ Բջիջները հյուսվածքային հեղուկից վերցնում են թթվածինը, անհրաժեշտ նյութերը և նրա մեջ արտազատում նյութափոխանակության արգասիքները։


ԱՎԻՇ


Ավիշը մարմնի հեղուկ միջավայրի բաղադրամասն է, որը կատարում է պաշտպանական և նյութափոխանակության ֆունկցիաներ։ Հյուսվածքային հեղուկը, անցնելով ավշային անոթների մեջ, ձևավորում է ավիշը։ Ավիշը թափանցիկ հեղուկ է, բաղադրությամբ նման է արյան պլազմային և պարունակում է արյան սպիտակ բջիջներ։


ԱՎՇԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ


Ավշային համակարգն իրականացնում է պաշտպանական ֆունկցիա և մասնակցում է նյութափոխանակությանը։


Ավշային համակարգը բաղկացած է ավշային անոթներից, ավշային հանգույցներից, ավշային գեղձերից (նշիկները), մարսողական խողովակի պատում ավշային բջիջների կուտակումներից, փայծաղից, ուրցագեղձից (նկ. 2.7) ։


Ավշային շրջանառությունը սկսվում է կույր սկսվող ավշային մազանոթներով, որոնք աստիճանաբար վերածվում են ավելի խոշոր ավշային անոթների և ի վերջո բացվում սրտի աջ կեսը մտնող երակի մեջ։ Ավշային մազանոթների պատերի բարձր թափանցելիության շնորհիվ հյուսվածքային հեղուկն անցնում է դրանց մեջ՝ ձևավորելով ավիշը։ Ավշի հոսքը դանդաղ է։ Համեմատության համար, եթե մարդու մարմնում օրական շրջանառող արյան ծավալը կազմում է մոտ 10 000 լիտր, ապա մարմնում շրջանառող ավշի օրական ծավալը կազմում է մոտ 2, 5 լ։


Ավշային անոթների ճանապարհին կան ավշային հանգույցներ, որտեղ կուտակված են արյան սպիտակ բջիջներ, և որոնցով անցնելով՝ ավիշն ազատվում է ախտածին մանրէներից։ Մակերեսային ավշային հանգույցները հիմնականում խմբավորված են մարմնի որոշակի շրջաններում՝ պարանոց, անութային և աճուկային փոսեր (նկ. 2.7) ։


Ավշային հանգույցները սովորաբար փոքր են և չեն շոշափվում, սակայն վարակի և որոշ հիվանդությունների դեպքում մեծանում են՝ դաոնալով շոշափելի և երբեմն՝ ցավոտ։



ՈՍԿՐԱՄԿԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Ոսկրամկանային (հենաշարժիչ) համակարգն իրականացնում է մարմնի հենման, ներքին օրգանների պաշտպանման, շարժումների ապահովման, աղերի պահեստավորման, արյան բջիջների ստեղծման, ջերմարտադրման ֆունկցիաներ։


Ոսկրամկանային համակարգը բաղկացած է ոսկրերից, կմախքային մկաններից, ջլերից ու կապաններից։


Մարմինն ունի 200-ից ավելի ոսկրեր։ Ոսկրը կմախքը ձևավորող օրգան է, որի հիմնական մասը կազմված է ամուր, պինդ հյուսվածքից: Ոսկրերը տարիքի հետ որոշակի փոփոխություններ են կրում։ Երիտասարդ տարիքում դրանք ավելի ճկուն են և դժվար են կոտրվում, իսկ տարեց մարդկանց ոսկրերն ավելի փխրուն են և հեշտ են կոտրվում։ Ոսկրերն ըստ կառուցվածքի լինում են խողովակավոր (ազդրոսկր, բազկոսկր), տափակ (կրծոսկր, կողեր, թիակ) և խառը (ողներ, ստորին ծնոտ) ։ Կմախքը կատարում է հենարանի դեր՝ պաշտպանելով ներքին օրգանները և հյուսվածքները։


Մարդու կմախքը բաղկացած է գանգի, իրանի և վերջույթների կմախքից (նկ. 2.8) ։


Գանգը, որը պաշտպանում է գլխուղեղը վնասվածքներից, կազմված է գանգի ոսկրերից (ծոծրակոսկր, գագաթոսկր, քունքոսկր և այլն) ։ Իրանի կմախքը կազմված է ողնաշարից և կրծքավանդակից։


Ողնաշարը, որը պաշտպանում է ողնուղեղը, բաղկացած է ողներից, որոնք միմյանցից բաժանված են աճառային հյուսվածքի շերտով; Կրծքավանդակը ձևավորվում է կողերի՝ կրծոսկրին ու ողներին միանալուց։ Այն պաշտպանում է իր ներսում գտնվող օրգանները։


Վերջույթը կազմված է վերջույթի գոտուց և ազատ վերջույթից։ Վերին վերջույթի կմախքը կազմված է ուսագոտուց (թիակ և անրակ) և վերին ազատ վերջույթից։ Վերին ազատ վերջույթի ոսկրերն են բազկոսկրը, նախաբազկի ոսկրերը (ճաճանչոսկր և ծղիկոսկր), դաստակի, նախադաստակի ոսկրերը և մատների ֆալանգները։ Ստորին վերջույթի կմախքը կազմված Է կոնքագոտուց և ստորին ազատ վերջույթից։ Կոնքագոտու կազմի մեջ մտնում են երկու կոնքոսկրերը, որոնք մարմնի հետին մասում միանում են սրբոսկրի հետ: Ստորին ազատ վերջույթի ոսկրերն են ազդրոսկրը, սրունքի ոսկրերը (մեծ և փոքր ոլոքները), գարշապարի, նախագարշապարի ոսկրերը և մատների ֆալանգները։


Տարբերում ենք ոսկրերի միացման երեք ձև՝ անշարժ միացում (գանգի ոսկրեր, սրբոսկրը կազմող ողները), կիսաշարժուն միացում (ողների միացումը միմյանց, կողերի միացումը կրծոսկրին) և շարժուն միացում կամ հոդ (արմնկային, կոնքազդրային, սրունքթաթային): Անշարժ միացումը ձևավորվում Է ոսկրերի սերտաճման, կարանների միջոցով։ Ոսկրերի կիսաշարժուն միացումը ձևավորվում է աճառային հյուսվածքի և կապանների միջոցով: Ոսկրերի շարժուն միացումը՝ հոդը, ունի բարդ կառուցվածք (նկ. 2.9) ։ Այն կազմված Է ոսկրերի ներհոդային ծայրերից, ներհոդային հեղուկից և հոդը դրսից պատող թաղանթից՝ հոդաշապիկից։ Սովորաբար հոդը կազմող ոսկրերի հոդային մակերեսներից մեկը լինում Է ուռուցիկ, մյուսը՝ գոգավոր։ Հոդի ամրությունն ապահովում են կապանները, որոնցով ոսկրերը կապվում են միմյանց։


Մկանն օրգան Է, որի կծկման շնորհիվ առաջանում Է շարժում (նկ. 2.10) ։ Մկանները ոսկրերին ամրանում են ջլերով, որոնք կազմված են ամուր կապակցող հյուսվածքից։ Մկանների աշխատանքի ընթացքում անջատվում Է ջերմություն։


Մարմնի ոսկրամկանային համակարգի վնասվածքներն են ոսկրերի կոտրվածքները, հոդախախտերը, մկանների, ջլերի, կապանների ձգումներն ու պատռվածքները։ Այդ վնասվածքները սովորաբար կյանքին անմիջականորեն չեն սպառնում։ Սակայն համապատասխան օգնություն չցուցաբերելու դեպքում դրանք կարող են վնասել խոշոր արյունատար անոթները, նյարդերը, ներքին օրգանները և բարդացնել իրավիճակը։


Մկանները լինում են կամային և ոչ կամային։ Կամային մկանները կծկվում են մարդու կամքով։ Օրինակ՝ մարդը իր ցանկությամբ շարժում է ձեռքը։ Այս խմբի մեջ են մտնում գլխի, պարանոցի, իրանի վերջույթների բոլոր մկանները, ինչպես նաև որոշ ներքին օրգանների, կոկորդի, լեզվի մկանները։ Ոչ կամային մկանները գտնվում են ներքին օրգանների և արյունատար անոթների պատերում։ Այս մկանների կծկումը կախված չէ մարդու կամքից։


ԾԱԾԿՈՒՅԹԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ


Մաշկը, նրա ածանցյալները (մազերն ու եղունգները) և լորձաթաղանթները կազմում են ծածկույթային համակարգը։ Ծածկույթային համակարգը կատարում է պաշտպանական, ջերմակարգավորման, արտազատման, ջրաաղային փոխանակության և զգայական ֆունկցիաներ։ Մաշկն ամուր, առաձգական թաղանթ է, որը պատում է մարդու մարմնի մակերեսը։ Մաշկը կազմված է երկու շերտերից՝ արտաքին (վերնամաշկ) և ներքին (բուն մաշկ) (նկ. 2.11) ։ Մաշկի տակ գտնվում է ենթամաշկային ճարպային բջջանքի շերտը։ Վերնամաշկում չկան արյունատար անոթներ և նյարդեր, այն կազմված է մի քանի շերտ բջիջներից։ Վերնամաշկի մակերեսային շերտը կազմված է եղջրացած, մեռած բջիջներից, որոնք անընդհատ փոխարինվում են ստորև գտնվող շերտերի բջիջներով։ Բուն մաշկում են գտնվում մազարմատները, ճարպագեղձերը, քրտնագեղձերը, արյունատար անոթները և նյարդերը։


Մաշկը պաշտպանում է իր տակ գտնվող հյուսվածքները վնասվածքներից և վարակի արգելք է հանդիսանում՝ խոչընդոտելով հիվանդության հարուցիչների մուտքը։ Մաշկը կարգավորում է մարմնից ջրի գոլորշիացումը և դրանով մասնակցում ջերմակարգավորմանը։ Մարմնում առաջացած ջերմության մոտ 80%-ը արտազատվում է մաշկի միջոցով։


Կախված պայմաններից (օդի ջերմաստիճան ու խոնավություն, ֆիզիկական ակտիվություն և այլն), որոնցում գտնվում է մարմինը, ջերմատվությունը փոխվում է։ Այսպես, ցուրտ եղանակին մաշկի արյան անոթները նեղանում են, և շրջապատին տրվող ջերմության քանակը նվազում է։ Տաք եղանակին, ընդհակառակը, արյան անոթները լայնանում են, և մաշկի միջոցով ջերմատվությունը մեծանում է։ Երբ մաշկի կամ լորձաթաղանթների արյունատար անոթները լայնանում կամ նեղանում են՝ փոխվում է նրանց գույնը։ Անոթների լայնացման ժամանակ մաշկն ու լորձաթաղանթները կարմրում են, նեղացման ժամանակ՝ գունատվում։ Ջերմակարգավորմանը մասնակցում են նաև քրտնագեղձերը։ Քրտինքը գոլորշանալով՝ իջեցնում է մարմնի ջերմաստիճանը։ Քրտինքի հետ մարմնից հեռացվում են նյութափոխանակության արգասիքները, աղերը և ջուրը։ Ճարպագեղձերի արտազատուկն օծելով մաշկը՝ այն դարձնում է առաձգական, փափուկ և ջրակայուն։ Մաշկը հարուստ նյարդավորման շնորհիվ շատ զգայուն է ցավի, ջերմության, շփման նկատմամբ։ Նրա միջոցով ուղեղը ստանում է որոշակի տեղեկություններ շրջապատող միջավայրի մասին։ Տարբեր առարկաներ կարող են ծակել, կտրել, պատռել մաշկը, բարձր կամ ցածր ջերմաստիճանների ազդեցության դեպքում կարող Է առաջանալ մաշկի ջերմային վնասում (այրվածք կամ ցրտահարում) ։ Մաշկի վնասվածքները կարող են հեղուկի կորստի և արյունահոսության պատճառ հանդիսանալ։ Նրա ամբողջականության խախտման դեպքում մարմին կարող են ներթափանցել ախտածին մանրէներ։


ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ


Մարսողական համակարգն ապահովում է մարմինը ջրով, աղերով և սննդարար նյութերով, որոնք անհրաժեշտ են էներգիայի ստացման, բջիջների նորմալ կենսագործունեության համար։


Մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակից (բերանի խոռոչ, ըմպան, կերակրափող, ստամոքս, աղիներ) և նրա մեջ բացվող մարսողական գեղձերից (թքագեղձեր, լյարդ, ենթաստամոքսային գեղձ և այլն) (նկ. 2.12):

Մարսողական խողովակն այն ճանապարհն է, որով անցնում է սնունդը։ Այստեղ սնունդը ենթարկվում է մեխանիկական և քիմիական մշակման։ Մարսողական խողովակի ամբողջ երկարությամբ արտազատվում են մարսողական հյութեր, որոնք նպաստում են սննդի մարսմանը։ Մարսողական համակարգը սկսվում է բերանի խոռոչից, որտեղ սնունդն ատամների և թքի միջոցով ենթարկվում է առաջնային մշակման։ Կիսամշակված սնունդը բերանից անցնում է ըմպան, իսկ հետո կերակրափողի միջով՝ ստամոքս։ Ստամոքսը մարսողական խողովակի լայնացած մասն է, որտեղ տեղի է ունենում սննդի հետագա մշակումը։ Ստամոքսից սննդախյուսն անցնում է բարակ աղիներ, որտեղ այն շարունակում է մշակվել։ Այստեղ սննդանյութերը ներծծվում են արյան մեջ։ Բարակ աղիներին հաջորդում են հաստ աղիները, որտեղ արդեն մշակված զանգվածից ներծծվում են ջուրը և անօրգանական աղերը։ Մարմնի համար թափոն նյութերը արտաթորանքի ձևով դուրս են բերվում ուղիղ աղիով, որն ավարտվում է հետանցքով։ Մարսողությանը նպաստում են մարսողական գեղձերը։ Օրինակ՝ լյարդը և ենթաստամոքսային գեղձն արտազատում են նյութեր, որոնք նպաստում են սննդի մարսմանը։ Լյարդը նաև վնասազերծում է թունավոր նյութերը, որոնք որոշ քանակով առկա են սննդի մեջ և նրա հետ ներծծվում են արյան մեջ։


Մարսողական համակարգի օրգանների վնասման և նրանց նորմալ գործունեության խանգարման պատճառ կարող են հանդիսանալ որովայնի վնասվածքները, որոշ հիվանդություններ և թունավորումները։


ՆԵՐԶԱՏԻՉ ՀԱՄԱԿԱՐԳ


Ներզատիչ համակարգը նյարդային համակարգի հետ միասին կարգավորում է մարմնի գործունեությունը։

Ներզատիչ համակարգը բաղկացած է ներզատիչ գեղձերից (նկ. 2.13) ։


Դրանք այն օրգաններն են, որոնք արտադրում և արյան մեջ արտազատում են կենսաբանական ակտիվ նյութեր՝ հորմոններ։ Հորմոնները, արյան շրջանառության միջոցով հասնելով թիրախ օրգաններին, կարգավորում են նրանց գործունեությունը։

Օրինակ՝ ենթաստամոքսային գեղձում արտադրվում է ինսուլին հորմոնը։ Առանց ինսուլինի բջիջները չեն կարող յուրացնել արյան մեջ առկա շաքարը, որն անհրաժեշտ է նրանց նորմալ կենսագործունեության համար։ Երբ մարմնում չի արտադրվում բավարար քանակով ինսուլին, ապա արյան մեջ բարձրանում է շաքարի մակարդակը, և զարգանում է շաքարախտ։


ՄԻԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ


Միգային համակարգը կարևոր դեր է խաղում նյութափոխանակության արգասիքների հեռացման գործում։


Միզային համակարգը կազմում են երիկամները, միզածորանները, միզապարկը և միզուկը (նկ. 2.14): Երիկամները որովայնի խոռոչում գտնվող զույգ օրգաններ են, որոնք, զտելով արյունը, առաջացնում են մեզ։ Մեզը երիկամներից միզածորաններով անցնում և կուտակվում է միզապարկում։ Միզապարկը մկանային օրգան է։ Երբ այն լցվում է, նրա մկանները կծկվում են և միզուկով դուրս մղում մեզը։


Երիկամները կարող են վնասվել թիկունքից հասցված հարվածից, թափանցող վերքերից (հրազենային վերքեր, դաշույնով հասցված վերքեր) և այլն։


Երիկամներն ունեն արյունատար անոթների հարուստ ցանց։ Այդ պատճառով երիկամների վնասումը կարող է առաջացնել ուժեղ ներքին արյունահոսություն, որը արտահայտվում է արյունամիզությամբ։


ՍԵՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Մարմնի սեռական համակարգի գործունեության շնորհիվ մարդկությունը շարունակում է իր գոյությունը։


Տարբերում ենք արտաքին և ներքին սեռական օրգաններ։ Ներքին սեռական օրգանները գտնվում են որովայնի խոռոչում և պաշտպանված են կոնքի ոսկրերով։ Իգական սեռական օրգանների մեծ մասը տեղակայված են որովայնի խոռոչի ստորին մասում (ձվարաններ, արգանդափողեր, արգանդ, հեշտոց) (նկ. 2.15ա) ։ Արական սեռական օրգանների հիմնական մասը (ամորձիներ, սերմնածորան, առնանդամ) (նկ. 2.15բ) գտնվում են կոնքից դուրս և ավելի հաճախ կարող են վնասվել։ Սեռական օրգաններն ունեն հարուստ նյարդավորում և անոթավորում, ուստի շատ ցավազգայուն են և վնասվածքների դեպքում կարող են ուժեղ արյունահոսել։


ՄԱՐՄՆԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ


Մարմնի բոլոր համակարգերի գործունեությունը փոխկապակցված է։ Գործելով միասին՝ նրանք օգնում են մարմնին հարմարվել փոփոխվող պայմաններին։


Օրինակ՝ երբ մարդը կատարում է ծանր ֆիզիկական աշխատանք, ապա շնչառական և սրտանոթային համակարգերն էլ են լարված աշխատում, որպեսզի կարողանան ապահովել թթվածնի բարձրացած պահանջը։ Մարմնի մի համակարգի ախտահարումն անդրադառնում է մյուս համակարգերի գործունեության վրա։ Օրինակ՝ կրծքավանդակի ոսկրերի վնասվածքները կարող են դժվարացնել շնչառությունը։ Շնչառության դադարը կարող է սրտի կանգի պատճառ դառնալ, որն էլ կբերի մահվան։


ՄԱՀՎԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ


Սրտի կանգի հետևանքով դադարում է բջիջներին թթվածնի մատակարարումը, և զարգանում է մահ: Մահվան առաջին 4-6 րոպեների ընթացքում ուղեղի բջիջներում տեղի ունեցող փոփոխությունները դարձելի են, և մարդուն կարելի է վերակենդանացնել։ Այս շրջանը կոչվում է կլինիկական մահ։ Դրանից հետո բջիջներում աստիճանաբար տեղի են ունենում անդառնալի փոփոխություններ, և զարգանում է կենսաբանական մահ, որից հետո լիարժեք վերակենդանացումն անհնար է։ Անոթազարկի բացակայությունը մահվան առաջին նշանն է, սակայն կենսաբանական մահվան ստույգ նշաններն ի հայտ են գալիս մահվանից մի քանի ժամ հետո։ Դրանք են.


  • կատվի աչքի ֆենոմենը (ակնագունդը կողքերից սեղմելիս՝ բիբն ուղղահայաց նեղ ճեղքի կամ էլիպսի տեսք է ընդունում),

  • մաշկի և տեսանելի լորձաթաղանթների մասնակի չորացումը (օրինակ՝ եթե դիակի աչքերը բաց են մնացել, չորանում և պղտորվում է աչքի լորձաթաղանթը՝ ստանալով գորշ երանգ),

  • դիակային սառեցումը (դիակի ջերմաստիճանն աստիճանաբար հավասարվում է շրջապատի ջերմաստիճանին),

  • դիակային փայտացումը, որը սկսվում է դիակի վերին մասերից և աստիճանաբար իջնում ներքև,

  • դիակային բծերը (դիակի ստորին մասերում ծանրության ուժի ազդեցությամբ արյան վերաբաշխման շնորհիվ առաջանում են գորշամանուշակագույն բծեր) ։


ԱՄՓՈՓՈՒՄ


  • Մարմնի կենսական համակարգերի կառուցվածքի, նրանց տեղադրության, գործունեության մասին գիտելիքները, մարմնի մասերի ճիշտ անվանումների իմացությունը կօգնեն ձեզ վնասվածքների և հիվանդությունների դեպքում ճիշտ կողմնորոշվել, տուժածի վիճակի մասին ստույգ տեղեկություններ հաղորդել ժամանող բժշկական անձնակազմին։

  • Մարդու կենսական կարևոր համակարգերն են նյարդային, շնչառական և սրտանոթային համակարգերը։

  • Հիվանդությունները և վնասվածքները, որոնք խաթարում են մարմնի մի համակարգի գործունեությունը, ազդում են նաև մյուս համակարգերի գործունեության վրա։

  • Մարդու մարմնի համակարգերի, կառուցվածքի և գործունեության վերաբերյալ համառոտ տվյալները ներկայացված են աղյուսակ 2.1-ում։

Author: Syuzi
The article published in the Spokesperson project.
Share with friends
Syuzi
14:20, 12.10.2013
6070 | 3
14:00, 12.10.2013
5997 | 0
16:33, 11.10.2013
4805 | 0
16:26, 11.10.2013
9696 | 8
17:36, 10.10.2013
3943 | 0
19:22, 04.10.2013
7598 | 0
to top