MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +7 °C ... +20 °C Tomorrow:+21 °C
Քննության ժամանակ մաման էր զանգել
18:18, 19.06.2012
8354 | 0

Aravot.am
Այսօր դիմորդները քննություն հանձնեցին ֆիզիկա առարկայից, որին մասնակցելու հայտ էր ներկայացրել 3392 դիմորդ: Հայաստանում քննությունը անցկացնելու համար ձեւավորվել է 16 քննական կենտրոն, որից 5-ը` մայրաքաղաքում: Երեւանի պետական համալսարանում ձեւավորված քննական կենտրոնում ֆիզիկա առարկայից քննություն պետք է հանձներ 356 դիմորդ, սակայն 25-ը չէր ներկայացել: ԵՊՀ-ի քննական կենտրոնի ղեկավար, թիվ 127 ավագ դպրոցի տնօրեն Ներսիկ Էլոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քննական գործընթացն ընթանում է նորմալ հունով:

Նրա փոխանցմամբ՝ սովորաբար առաջին 1-2 ժամերին քննակենտրոնում հանգիստ է, դիմորդներն իրենց իմացած հարցերին են պատասխանում, որից հետո արդեն սկսում են միմյանցից հարցնել` աղմկելով ու իրար խանգարելով: Նա հավելեց, որ, որպես կանոն, դիմորդներին դուրս չեն հանում քննասենյակից, բավարարվում են նկատողությամբ:

Էլոյանը կարևորում է նաև մանկավարժների ներկայությունը քննասենյակում. «ԳԹԿ-ն ներգրավելով դպրոցի ուսուցիչներին, տնօրեններին այս գործընթացում` յուրատեսակ թափանցիկ է դարձնում քննությունները»:

Առաջին դիմորդը 2 ժամ հետո դուրս եկավ քննասենյակից, նա ոչ միայն հասցրել էր իր աշխատանքն ավարտել, այլեւ նկատել, որ քննասենյակում դիմորդներից շատերը բավարար պատրաստվածությամբ չէին ներկայացել եւ փորձում էին պատասխանները արտագրել՝ խանգարելով մյուսներին: Aravot.am-ը զրուցեց Հայաստանում բնակություն հաստատած իրանահայ մեր հայրենակցուհի Նաիրի Օհանջանյանի հետ: Բժշկի մասնագիտությունն ընտրած դիմորդուհին քննակարգից, մթնոլորտից եւ թեստերից գոհ էր, կենսաբանությունից ստացել էր 18 միավոր եւ նույնքան էլ ակնկալում է ֆիզիկայից:

Այն պահին, երբ զրուցում էինք սփյուռքահայ դիմորդուհու հետ, քննասենյակից մի քանի դիմորդ եւս դուրս եկավ: Մեր տեսադաշտից չվրիպեց մոնիտորների առջեւ անդադար աղմկող ծնողների՝ քննասենյակից դուրս եկող դիմորդների պատճենահանված ձեւաթղթերի «խլման արարողությունը»:

Ի դեպ, քննության կազմակերպիչներից մեկը պատմեց, որ ավելորդ իրերի սեղանին դրված բջջային հեռախոսներից մեկը քննության ընթացքում զանգել է, եւ երբ ինքը մոտեցել է, որ ձայնն անջատի, տեսել է՝ հեռախոսի էկրանին գրված է «ՄԱՄԱ»: Շատ հետաքրքիր է, թե մամա՞ն ինչ էր ուզում ասել քննություն հանձնող զավակին այդ «նեղ» պահին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
http://www.aravot.am/2012/06/19/83003/

The article published in the Spokesperson project.
Share with friends
Գնահատման և թեստավորման կենտրոն (ԳԹԿ)
14:02, 17.05.2012
6520 | 0
to top