MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Tomorrow:+20 °C
Հրանտ Թոխատյան. «Ներկայացումը հենց վերջանում է, ես արդեն կարոտում եմ բեմը»
03:40, 24.06.2016
4920 | 0

  • 24 июн, 2016 в 0: 33
Հունիսի 19-ին Ամստերդամի Mozaïek թատրոնում կայացավ «ԴՈՆ ԺՈՒԱՆՆԵՐԸ ՄԱՐՍԵԼՈՒՄ» կատակերգական ներկայացման պրեմյերան: Թատերախումբը' համալրված սիրված ու ճանաչված արտիստներով, այս ներկայացմամբ հանդես եկավ եվրոպական տարբեր քաղաքների բեմերում: Ամստերդամյան ներկայացումը կազմակերպվել էր Կարինե Քլյանի կողմից։
Ներկայացումից առաջ Նիդերլանդական Օրագրի թղթակցին հաջողվեց հետաքրքիր և բովանդակալից զրույց ունենալ Հրանտ Թոխատյանի հետ։ Զրույցը հետաքրքիր ստացվեց, ընթերցողը նորովի կարող է բացահայտել սիրված դերասանին' ինչպես արվեստի, այնպես էլ մարդկային տեսանկյունից, կարող է ծանոթանալ նրա ներկա և ապագա ծրագրերին: Ստորև ներկայացվող հարցազրույցն ՝ ամբողջությամբ
(ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ) :
(Հաջորդիվ կներկայացնենք հարցազրույցներ դերասան Ռաֆաել Երանոսյանի և Հոլանդիայում թատերական ներկայացման կազմակերպիչ Կարինե Քլյանի հետ):

- Բարև Ձեզ, պրն. Թոխատյան։ Ողջունում ենք ձեզ Ամստերդամում։ Կարծում եմ, հանդիսատեսը մեծ եռանդով սպասում է ձեզ։

- Մենք էլ մեծ եռանդով սպասում ենք հանդիսատեսին։

- Սա այս տարի ձեր թվով երկրորդ ներկայացումն է Հոլանդիայում, եթե չեմ սխալվում. սկիզբ է դրվել «Դոն Ժուան Ավիա» ներկայացմամբ։ Հետաքրքիր է՝ ինչպե՞ս ձեզ ընդունեց հոլանդահայ հանդիսատեսը, ի՞նչ տպավորություններ ունեցաք և ի՞նչ սպասումներ ունեք այս ներկայացումից։

- Եթե վատ ընդուներ, երևի թե, երկրորդ այցը չէր կայանա։ Կարծում եմ, որ «Դոն Ժուան Ավիան» հանդիսատեսը հավանեց, իսկ մենք շատ հավանեցինք հանդիսատեսին, ինչի արդյունքում էլ կազմակերպվեց մեր երկրորդ հանդիպումը։Կարծում եմ, որ լավ սկիզբ է դրված, կփորձենք անել էնպես, որ հանդիպումները լինեն շարունակական։ Էսպես աշխարհագրությունն էլ է լայնանում, որովհետև նախկինում՝ ներկայացումները պատրաստելիս, մտածում էինք, որ կներկայացնենք դրանք սկզբում Լոս-Անջելեսում, հետո՝ Մոսկվայում։ Բայց, արի ու տես, որ մենք ունենք սպասող հանդիսատես նաև Եվրոպայում։ Սա է պատճառը, որ այս տարվանից մեր հյուրախաղային «քաղաքականության» մեջ մտավ նաև Եվրոպան, տվյալ դեպքում՝ Հոլանդիան՝ Ամստերդամը։ Ուրախ եմ, որ ունենք Կարինեի նման կազմակերպիչ, ում հաջողվում է ամեն բան էնպես կազմակերպել, որ իրեն լավ զգա թե՛ հանդիսատեսը, թե՛ դերասանական խումբը։


- Հոլանդիան և Ամստերդամը եվրոպական առաջի՞ն երկիրն ու քաղաքն են, որ սկիզբ են դնում ձեր հյուրախաղերին։ Հյուրախաղային պլաններում կա՞ն այլ երկրներ, քաղաքներ։

- Այս տարի, ընդհակառակը, սկսեցինք Բրյուսելից։ Երեկ այնտեղ կայացավ մեր առաջին ներկայացումը։ Այսօր տեղի կունենա մեր երկրորդ ներկայացումը էստեղ՝ Ամստերդամում։ Հաջորդելու են ֆրանսիական մի քանի քաղաքները՝ Փարիզ, Լիոն, Գրենոբոլ, Նիցցա։Կարծում եմ, այս տարի այսքանով կեզրափակվենք, որովհետև ունենք ժամանակային խնդիր. դերասաններն ունեն իրենց ներկայացումները, պատրաստվում են նորերը, կան նկարահանումներ, դերասանները զբաղված են։

- Իսկ Ամերիկա ներկայացման պրեմյերան տանելու մասին դեռ խոսակցություններ չկա՞ն։

- Միացյալ Նահանգներում այս ներկայացումն արդեն տեսել են. թե՛ «Դոն Ժուաններ» առաջինը, թե՛ երկրորդը։ Հաջորդ ներկայացումը, կարծում եմ, կլինի ուշ աշնանը՝ նոյեմբերին, արդեն Ռուսաստանում։


- Վերջին ժամանակահատվածում Ձեզ կարելի է հանդիպել կամ ռուսական սերիալներում ու ֆիլմերում, կամ հայաստանյան և արտասահմանյան թատրոնների բեմերում։ Ինչու՞ հայկական սերիալներում պրն. Թոխատյանը չի ներկայանում. մի՞գուցե, Ձեզ չեն գոհացնում սցենարները, թե՞ չկան համապատասխան առաջարկներ։

- Շատ բարդ ու ցավալի հարց եք տալիս։ Ես, իհարկե, շատ կուզենայի, որպեսզի իմ ներկայությունն ավելի շատ լիներ մեր հայկական կինոինդուստրիայում։ Միգուցե, ցավոք սրտի, մենք դեռ չենք կարողանում նկարել ֆիլմեր, որոնք կլինեն լայնամասշտաբ, քանի որ մեծ ֆիլմ նկարելու համար Հայաստանը՝ որպես շուկա, շատ փոքր է, որպեսզի կարողանաս մեծ ֆինանսներ ներդնել՝ նորմալ ֆիլմ նկարելու համար։ Եթե խոսքը վերաբերում է ֆիլմը դուրս հանելուն, ապա ծախսը եռապատկվում և քառապատկվում է՝ ուրիշ շուկա ընդգրկելու նպատակով։ Եթե խոսքը վերաբերում է միայն մեր՝ աշխարհով մեկ սփռված հայկական համայնքներում ցուցադրելուն, միևնույն է՝ էլի քիչ է, քանի որ կինոյի և թատրոնի համար այստեղ արդեն առաջ են գալիս լեզվական խնդիրները։ Մեր սփյուռքահայ հանդիսատեսը ոչ միշտ է մեզ հասկանում կամ մեր խնդիրները, իսկ մենք, երևի թե, շատ լավ չգիտենք սփյուռքի թատրոնը։ Ֆիլմերը, որոնք նկարահանվում են սփյուռքում, քիչ են գալիս-հասնում Հայաստան։

Անցած տարի ամռանը մենք փորձեցինք այդ խթանը փոքր-ինչ հաղթահարել։ հավաքվեցինք երեք հին, բայց առաջին անգամ միասին աշխատող ընկերներով՝Վահեն Բերբերյան, ում շատ լավ գիտեն սփյուռքում, անգամ՝ չափից շատ լավ, նամանավանդ՝ արևմտահայ հանդիսատեսը; Վահիկը Փիրամզեի, ով ներկայացնում է իրանահայ համայնքը, և ես։ Նկարեցինք մի ֆիլմ, որի պրեմյերան կլինի այս տարի օգոստոսի 4-ին Երևանում, 18-ին՝ Լոս Անջելեսում։ Այնուհետև ֆիլմն անպայման կներկայացվի նաև Եվրոպայում։

Այս ֆիլմով կփորձենք մեր շփման խոչընդոտը որոշ չափով վերացնել։ Որովհետև այսօր անգամ Եվրոպայում դահլիճում նստած հանդիսատեսի 70-80 տոկոսը կազմում են հայաստանցիները։ Բնականաբար, ես էլ շատ կուզենայի դահլիճում ավելի շատ տեսնել սփյուռքահայերին, որպեսզի իրենք էլ մեր մշակույթին մի քիչ մոտ գային։ Երաժշտական տեսանկյունից մի փոքր ավելի հեշտ է, սակայն երաժշտությունն էլ, ցավոք սրտի, ոչ միշտ է, որ ամենալավն ու որակովն է գալիս և տեղ հասնում։ Հայաստանի սահմաններից դուրս, ինչու չէ՝ նաև Հայաստանում, այսօր ավելի շատ ներկայանալի է դարձել ռաբիս երաժշտությունը։ Բայց կան նաև ժողովրդական երգերը, կա էստրադան, կա ջազը, կա հայկական ռոքը, որն այսօրվա դրությամբ բավականին բարձր մակարդակի վրա է, սակայն չի հասնում մինչև հանդիսատեսը։ Ի վերջո, ունենք հայկական շարականների հրաշք կատարողներ։

Մի՞գուցե, PR սսվածի խնդի՞ր կա։

- Ամեն բան կախված է կազմակերպիչներից։ Եթե մեզանից յուրաքանչյուրը կարողանա իր շահից մի փոքր հետ կանգնել, առաջ բերելով մշակույթը, հետո անպայման այդ շահն էլ կլինի, ես վստահ եմ։ Միայն այդ դեպքում ամեն բան շատ լավ կստացվի։


- Եթե խոսենք հայկական սերիալներից և վեր հիշենք վերջին «Մեր Բակը» ոչ ռեյթինգային սերիալը, մի՞գուցե այն պատճառ դարձավ, որ Դուք այլևս չնկարահանվեցիք հայկական սերիալներում։ Մի՞գուցե, մտավախություն կա, որ մեկ այլ սերիալ նույնպես կարող է ոչ ռեյթինգային լինել և Ձեր անվան շուրջ անցկալի խոսակցությունների առիթ դառնալ։ Մի՞գուցե, հենց սա է պատճառըմ, որ Ձեր կողմից հայկական սերիալներին չի տրվում նախապատվությունը. Ձեզ ավելի շատ տեսնում ենք թատրոնում, կինոյում՝ դերսանական առումով ավելի պրոֆեսիոնալ հարթակներում։

- Նախ ասեմ, որ «Մեր Բակը» սերիալն ընդհանրապես որևէ կապ չուներ «Շարմ» ընկերության հետ, որը «Մեր Բակի» ստեղծողն է։ Այս ֆիլմը ստեղծվեց և իր ուրույն տեղն ունեցավ իր՝ դրական և բացասական կողմերով։ Այո, «Մեր Բակն» ուներ նաև մինուսներ։


- Առաջինների մեջ չենք նկատում։

- Կան-կան. «սլենգը» մտավ, ինչի համար շատ եմ ցավում։ Դրանից հետո սկսեցին կրկնել՝ ծռմռված բերաններով և այլն։ «Մեր Բակում» դրվեց սրա սկիզբը, որը, կարծում եմ, պիտի չլիներ։

Ինչ վերաբերում է սերիալին, ապա փորձը կատարվեց մեր հեռուստաընկերություններից մեկի կողմից։ Մենք խորհուրդ տվեցինք, որ չարվի դա։ Չլսեցին, արեցին։ Պայմանն էնպես էր, որ, «Մեր Բակ» բռենդը գնելով, պիտի «գնեին» նաև ինձ։ Մենք համաձայնության եկանք, որ առաջին չորս սերիայից հետո ես այլևս չեմ նկարահանվի։

Այո, ինձ համար անհետաքրքիր է, ինչի պատճառով էլ ես մեզ մոտ սերիալում չեմ նկարվում։ Ես ունեմ ավելի հետաքրքիր առաջարկներ. դա կլինի Ռուսաստանում, թե Միացյալ Նահանգներում։ Ինչ վերաբերում է կինոյին և հեռուստատեսությանը, դա այսօր ռուսականն է կամ ամերիկյանը։ Ի՞նչու չեմ նշում եվրոպականը, քանի որ կա լեզվական խնդիր։ Ես չեմ ուզում անել մի աշխատանք, որտեղ ես չեմ կարողանա իմ լեզվով խաղալ այնպես, ինչպես ես կուզեի։ Ռուսերեն լեզուն իմ մասնագիտությունն է: Իսկ ամերիկյան ֆիլմերը հիմնականում կապված են լինում Հայաստանի հետ, հայի կերպարի հետ։ Էդտեղ որևէ խնդիր չի լինում։ Իսկ Հայաստանում ավելի շատ ներկայացումներ են և մանկական կենտրոնը՝ իմ երազանքը, որը հիմա կառուցում ու ստեղծում եմ։

- Փաստորեն, մանկական կենտրո՞ն է ստեղծվում Հայաստանում Ձեր կողմից։ Մի փոքր կպատմե՞ք։

- Բարեբախտաբար, ծրագրերը մեծ են, բայց, ցավոք սրտի, Հայաստանում որևէ շենք խելքի բերելը, գրեթե զրոյից կառուցելը բավականին բարդ է։ Բայց հարցը հենց նրանում է, որ պետք է դնել ավելի բարդ խնդիր և փորձել իրականացնել։ Կարծում եմ, որ կստացվի, կանեմ։

- Իսկ ուսումնակա՞ն, թե զվարճանքի կենտրոնի մասին է խոսքը։

- Այո՛, ուսումնական կենտրոն և մանկական թատրոն։ Մենք չունենք թատերական դպրոց մանուկների համար, իսկ ցանկացողները շատ են։ Էնտեղ կլինի նաև կինոյի դպրոց, ներգրավված կլինեն թատրոնին վերաբերող մասնագիտական այն բոլոր ճյուղերը, որոնք անհրաժեշտ են։ Բեմի վրա կլինեն մանուկները, պրոֆեսիոնալ դերասանները։ Սա իմ երազանքն է, որը հիմա ես իրականացնում եմ։- Պրն. Թոխատյան, խոսեցինք ռուսական սերիալներից։ Ուզում եմ նշել «ՄՈՀԻԿՅԱՆՆԵՐԻՑ ՎԵՐՋԻՆԸ» ("ПОСЛЕДНИЙ ИЗ МАГИКЯН") ռուսական հումորային հեռուստասերյալը, որի շրջանակներում Դուք մարմնավորում էիք Կարեն Մոհիկյանի կերպարը։ Ձեզ հաջողվեց տիպիկ և շատ «համով» ներկայացնել հայ տղամարդու կերպարը՝ իր դրական և բացասական կողմերով։ Ասեմ ավելին՝ բացասական կողմերը ինչ-որ չափով հեռուստադիտողի աչքերում դարձան նույնիսկ դրական։Ձեր հիանալի ու պրոֆեսիոնալ խաղի, տիպիկ հայկական կերպար պրոֆեսոնալ մակարդակով կերտելու շնորհիվ ռուս հանդիսատեսի շրջանում առանձնակի հետաքրքրություն առաջացավ մեր երկրի, հայ մշակույթի, ադաթների, լեզվի հանդեպ: Շատերը հատուկ այցելեցին Հայաստան։ Կարելի է ասել, ազգանվեր մեծ գործ եք արել, պրոպագանդել Հայաստանը, ինչու չէ նաև նպաստել տուրիզմի զարգացմանը։ Ինչու՞ փակվեց այդ հիանալի նախագիծը։ Չեմ կարծում, որ այն կարող էր կոմերցիոն տեսանկյունից եկամտաբեր չլիներ, հովանավորի պակաս ունենար։ Նոր նախագծեր կա՞ն՝ Ռուսաստանի հետ համատեղ։

- Չէ, այն չի փակվել, այն ուղղակի իր ավարտին մոտեցավ։ Գիտեք ինչ՝ ոչինչ անավարտ չի մնում։ Մի օր պետք է փակվեր։ 80 սերիա նմանատիպ պատմության համար, կարծում եմ, ամբողջովին բավարար էր. տղան ծնվեց, թոռնիկի մասին լուրն իմալով, սերիալն ավարտին մոտեցավ։ Կարծում եմ, որ եթե անդրադառնանք կրկին, ապա՝ մի որոշ ժամանակ անց։

Սերիալն, իսկապես, լավն էր։ Ես շատ ուրախ եմ, որ այն խթան հանդիսացավ նաև զբոսաշրջության համար։ СТС ռուսական հեռուստաընկերությունը Ռուսաստանում ռեգիոնալ մակարդակով մրցույթներ հայտարարեց, որոնց շրջանակներում հեռուստադիտողներին հղում էինք Հայաստանին վերաբերող հարցեր (ես էլ եմ առանձին նկարահանվել), և ճիշտ պատասխանողները ստանում էին Հայաստան այցելելու փաթեթներ՝ զեղչված գներով։ Մեծ խմբեր եկան Հայաստան. անցած տարվա ընթացքում 500-600 մարդ միայն այդ սերիալի շնորհիվ եկավ Հայաստան։ Ես այս առիթով շատ ուրախ եմ։

Սերիալը շատ լավն էր։ Չնայած, հեղինակների մեջ որևէ հայ չկար. սցենարը գրում էին ռուս և ուկրաինացի հեղինակները, նկարում էր վրացի, պրոդյուսերը ազգությամբ աբխազ էր։ Փաստորեն, հայերի հետ կապ չունեին, եթե հաշվի չառնենք, որ СТС հեռուստաընկերության փրոդաքշնի ղեկավարը հայ երիտասարդ տղա է։ Բայց մտահաղացումն անգամ իրենը չէր, այլ՝ СТС-ի գլխավոր պրոդյուսերինը, ով ազգությամբ հրեա է։

Այնուհետև նկարահանվեց «Առանց Սահմանների» ("Без Границ") ռուսական ֆիլմը, որի շրջանակներում երիտասարդ, բայց շատ խոստումնալից ռեժիսոր Մոսկվայում Ռեզո Գիգինիաշվիլին, ելնելով «Մոհիկյանների» մեր ծանոթությունից, մի առանձին պատմություն, նովել դարձրեց հայկական և նվիրեց ինձ։

Հետո Ռուսստանի կողմից նկարահանվեց «Երկրաշարժ» ֆիլմը՝ հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի և շատերին հայտնի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի կողմից։ Պրեմյերան կկայանա այս տարի հոկտեմբերին։

Այնուհետև նկարահանվեց «Հրաշքների Աշխարհ» ("Страна Чудес") ֆիլմը, որի մի նովելը ռեժիսորը կրկին նվիրեց ինձ. իմ կերպարն այնտեղ հայ է։ - Կարելի է ասել, սոցիալական և Հայաստանի տեսանկյունից բարեգործական գործունեություն եք ծավալում՝ պրոպագանդելով մեր երկրի մշակույթը, բարքերը։

- Չէի ասի բարեգործական։ Ինձ ավելի շատ ուրախացնում է այն փաստը, որ կովկասցու խեղաթյուրված կերպարի վերգտնում տեղի ունեցավ։ Հավատացեք, մեղքի չափաբաժինը հիմնականում ազգությաբ ոչ հայ ռեժիսորներինն ու դերասաններինն է, ովքեր փորձում են հայի այնպիսի կերպար ստեղծել, որը, չգիտես թե ինչու, անպայման պետք է լինի ծիծաղելի, հերոսն անպայման պիտի խոսի գռեհիկ ակցենտով։ Սա սխալ մոտեցում է. պետք է ստեղծել հայի նորմալ կերպար, այնպիսին, ինչպիսին որ իրականում կա, ինչը ժամանակին արել էր Մհեր Մկրտչյանը։ Մենք ներկայացված էինք Մհեր Մկրտչյանով։ Այսօր ռուսական կողմը, զգալով դրա պակասը, փորձեց վերգտնել այդ կերպարը, և ես այն երջանիկներից եմ, ում բախտ վիճակվեց ներկայացնել հայի կերպարը Ռուսաստանում։

Կան նաև մի քանի ռուսական ներկայացումներ Մոսկվայում, որտեղ ես հրավիրված եմ խաղալու ռուս դերասանների հետ։


- Կուզենայի վերադառնալ սփյուռքի հանդիսատեսին. հաաճա՞խ է պատահում, երբ նույն հումորը արցունքներով ծիծաղ է առաջացնում հանդիսատեսի մոտ Հայաստանում, բայց, տարօրինակաբար, սփույռքահայ հանդիսատեսն այն չի ընկալում։ Եթե պատահում են նման դեպքեր, կարո՞ղ եք նշել՝ ինչ տեսակի և թեմաների հումորները կարող են նման իրավիճակի պատճառ դառնալ։

- Ես ավելի շատ ոչ թե հումորային մասով կնշեի, քանի որ դերասանական խաղի միջոցով փորձում ես հումորը տեղ հասցնել։ Էստեղ ավելի շատ իմաստային խթան կա։ Օրինակ՝ մենք «Դոն Ժուանները» որոշոցինք բերել էստեղ, այլ ոչ թե այն ներկայացումները, որոնք ինձ համար ծրագրային են և շատ կարևոր։ Կլինի դա «Խաթաբալադան», «Մեա Կուլպան», կլինի դա «Խաթաբալադայի» շարունակությունը, որը մենք հիմա Հայաստանում խաղում ենք։ Ես շատ կուզենայի այդ ներկայացումները բերել։ Բայց վախ կա՝ չհասկացված լինելու. որքանո՞վ է սփյուռքի հանդիսատեսը պատրաստ, որքանո՞վ է նա տեղեկացված հայաստանյան անցուդարձից, որ ես վստահ նման ներկայացումներ կարողանամ բերել էստեղ։ Մի՞գուցե, մենք հիմա «Դոն Ժուաններով» սկիզբը դնենք, մի փոքր ավելի լավ իրար ճանաչենք։ Ես անպայման կուզենամ, որ այդ ներկայացումներն էլ գան էստեղ։ -Եթե համեմատենք Եվրոպայի, ԱՄՆ-ի և Հայաստանի հայ հանդիսատեսին, ի՞նչ տարբերություններ Դուք կարող եք նկատել՝ Ձեր սուբյեկտիվ տեսանկյունից։ Մի՞գուցե, օրինակ, հայաստանաբնակ հանդիսատեսի հետ կապն ավելի արագ է հաստատվում ։

- Եկեք չմոռանանք, որ Հայաստանի հանդիսատեսին ես տեսնում եմ, եթե ոչ ամեն օր, ապա գոնե շաբաթը մի քանի անգամ։ Այսինքն՝ մենք իրար շատ լավ ճանաչում ենք։ Խոսքը ոչ միայն իմ, այլ նաև իմ կոլեգաների մասին է։ Եթե խոսում ենք սփյուռքի հանդիսատեսի մասին, ապա այն երկրի հայ հանդիսատեսը, ով առավել ակտիվ հետաքրքրվում է Հայաստանի անցուդարձով, հայաստանյան մշակույթով, ավելի հեշտ է ընկալում այն ամենը, ինչ կատարվում է բեմի վրա։ Չնայած այն հանդիսատեսի պարագայում, ով ավելի կտրված է, հեռվացած է, այս դեպքում ևս ես մերձանալու, իրար հասկանալու մեջ բարդություն չեմ տեսնում։ Միգուցե, սկզբում կլինի մի փոքր բարդ։ Ուղղակի պետք է մի քիչ հաճախ հանդիպել։

Ես տեսնում եմ, որ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում հայկական ընտանիքներում պինդ է պահվում հայոց լեզուն։ Ռուսաստանում՝ ավելի պասիվ են այդ հարցում. 16 տարեկանից փոքրերի շրջանում հազվադեպ կհանդիպես հայերենին տիրապետող երեխաների։ Սակայն, փառք Աստծո, այսօր կան դահլիճներ, որոնք հնարավորություն ունեն հանդիսատեսին սինխրոն թարգմանությամբ ականջակալներ տրամադրելու կամ սուբտիտրերով ապահովելու՝ ինչպես ֆիլմերն են դիտում։ Մենք Ռուսաստանում նման փորձ ունեցել ենք. խաղացել ենք ներկայացումը հայերեն, դահլիճում հայ և ռուս հանդիսատեսը՝ ըստ ցանկության, դիտում էր ներկայացումը ականջակալներով՝ հայերենից ռուսերեն սինխրոն թարգմանությամբ։ Ու այս տարբերակում ևս դահլիճից արձագանքը կար։ Էնպես որ, ես ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում։ Եթե վաղը Եվրոպայում նման լեզվական խնդիր լինի, հնարավոր է էդպես անել։ Էստեղ արդեն բեմադրության նյութն է կարևոր, դերասանական խաղը. մնացածը լուծելի խնդիրներ են։

Չի կարելի անընդհատ ակցենտը դնել 6/8 երաժշտության վրա։ Ես՝ ինքս, դեմ չեմ այդ երաժշտությանը. այն քեֆի, ուրախության երաժշտություն է։ Բայց բեմից պետք է հնչի այլ երաժշտություն՝ դասական երաժշտություն։ Շատ ու շատ արտասահմանյան բեմերում մենք ամենուր ունենք հայ ոկալիստներ, երաժիշտներ, պարողներ։ Միգուցե, բալերինաներ չունենք հայ, բայց բալերոններ ունենք աշխարհի լավագույն բեմերում։ Այսօր հայկական երաժշտությունը՝ ռոք, փոփ վերամշակմամբ, աշխարհի տարբեր ծայրերում առկա է, բայց, ցավոք, մենք ավելի քիչ ենք այն պրոպագանդում, քան ուրիշները։ Ինչի՞ նույն «System Of a Down» -ը պիտի դառնար հայտնի ԱՄՆ-ում, որ հետո նոր մենք իրենց ընկալեինք։ «Գնա մեռի, արի սիրեմը» մեզ համար կացնի պես մի բան է դարձել։ Պետք է դրանից մի կողմ անցնել։ Այսօր կարելի է շարականները բերել ու կատարել։ Եվ, ի վերջո, մենք պիտի վերջ տանք աշխատել միայն հայ հանդիսատեսի համար։ Բերելով դուրս դրամատիկ, օպերային և այլ ներկայացումները՝ մենք պիտի աշխատենք նաև օտար հանդիսատեսի համար, թող միայն հայեր չլինեն դահլիճում։ Որովհետև ափսոս է արված աշխատանքը. ուզում ես, որ այն գնահատվի ոչ միայն մերոնց կողմից։


- Ի՞նչ զվարճալի իրավիճակներ կհիշեք՝ կապված սփյուռքի հայ հանդիսատեսի հետ։

- Ամեն անգամ, երբ ինձ ասում են զվարճալի բան հիշի, ես չեմ հիշում։ Զվարճալի չէ, այլ ամենաջերմը հենց մեր հանդիպումն է։ Եթե Երևանում ես գիտեմ, որ գալու եմ, ներկայացումը խաղալու եմ, ավարտվելու է, գնալու եմ տուն, ապա էստեղ ներկայացումից առաջ հանդիպում ենք հանդիսատեսին. այնքան ճերմություն կա այդ շփման մեջ։ Ներկայացումից հետո չեն շտապում գնալ, սպասում են՝ մի փոքր զրուցելու, լուսանկարվելու, հայաստանյան վերջին նորությունները իմանալու համար, որովհետև ոչ միշտ ես կարողանում լրատվամիջոցների շնորհիվ օբյեկտիվ կարծիք ստեղծել այն ամենի մասին, ինչ այսօր կատարվում է Հայաստանում։ Իսկ այսօր Հայաստանի կյանքը բավական բուռն է՝ իր բոլոր իմաստներով. սոցիալական, քաղաքական։ Այս չորսօրյա պատերազմը բավականին մեծ փոփոխություններ բերեց մարդկանց մտածելակերպի մեջ։ Երիտասարդությունն այսօր ավելի արթուն է, անկաշկանդ, անվախ։ Շատ ու շատ շարժումներ են սկսվել։Այս առիթով պետք է միայն ուրախանալ և լինել նրանց կողքին։ Իսկ զվարճալի՝ ամբողջ կյանքն է զվարճալի։

- Ամեն անգամ, երբ ինձ ասում են զվարճալի բան հիշի, ես չեմ հիշում։ Զվարճալի չէ, այլ ամենաջերմը հենց մեր հանդիպումն է։ Եթե Երևանում ես գիտեմ, որ գալու եմ, ներկայացումը խաղալու եմ, ավարտվելու է, գնալու եմ տուն, ապա էստեղ ներկայացումից առաջ հանդիպում ենք հանդիսատեսին. այնքան ճերմություն կա այդ շփման մեջ։ Ներկայացումից հետո չեն շտապում գնալ, սպասում են՝ մի փոքր զրուցելու, լուսանկարվելու, հայաստանյան վերջին նորությունները իմանալու համար, որովհետև ոչ միշտ ես կարողանում լրատվամիջոցների շնորհիվ օբյեկտիվ կարծիք ստեղծել այն ամենի մասին, ինչ այսօր կատարվում է Հայաստանում։ Իսկ այսօր Հայաստանի կյանքը բավական բուռն է՝ իր բոլոր իմաստներով. սոցիալական, քաղաքական։ Այս չորսօրյա պատերազմը բավականին մեծ փոփոխություններ բերեց մարդկանց մտածելակերպի մեջ։ Երիտասարդությունն այսօր ավելի արթուն է, անկաշկանդ, անվախ։ Շատ ու շատ շարժումներ են սկսվել։Այս առիթով պետք է միայն ուրախանալ և լինել նրանց կողքին։ Իսկ զվարճալի՝ ամբողջ կյանքն է զվարճալի։

- Եվ վերջին հարցը, պրն. Թոխատյան։ Ներկայացման ընթացքում Դուք, պրն. Դուրյանը վատնում եք ահռելի քանակի էներգիա։ Հետաքրքիր է իմանալ՝ ինչպե՞ս եք վերականգնում կորցրած ուժերը։ Հյուրախաղերի շրջանակներում հասցնու՞մ եք տեսնել այս կամ այն քաղաքի տեսարժան վայրերը։

- Անպայման. շնորհակալություն մեր պրոդյուսերին, ով ամեն բան կազմակերպում է էնպես, որ ներկայացումների մեջտեղում մենք երեքից չորս օր ազատ ժամանակ ունենանք։ Օրինակ՝ էնպես ենք արել, որ մեր հաջորդ ներկայացումը լինի հինգ, թե չորս օր հետո։


- Պատրաստվում եք դեռ մնալ Ամստերդամու՞մ։

- Ոչ, էստեղից մենք կմեկնենք, որովհետև խումբն ուզում է տեսնել նաև Իտալիան։ Կզբոսնենք Իտալիայով, ինչպես նաև հարավային Ֆրանսիայով։ Հետո նոր կշարունակենք մեր հյուրախաղերը։ Փորձում ենք համատեղել հաճելին օգտակարի հետ, միշտ էդպես ենք կազմակերպում։ Շատ լավ տարբերակ ենք գտել. քանի որ խումբը փոքր է, վերցնում ենք մեքենա՝ փոքր ավտոբուս, և ուղևորվում։ Էդպե զբոսնելն ավելի հեշտ է։

Իսկ լիցքաթափվել, գիտեք ինչ, ինձ համար ներկայացումը հենց ինքնին լիցքաթափում է։ Որովհետև ինձ համար բեմ բարձրանալը, հանդիսատեսի հետ հանդիպելը տոն է. ես էնտեղ եմ լիցքաթափվում։ Ընդհակառակը՝ ես ինձ ավելի վատ եմ զգում, երբ ներկայացումն ավարտվում է։ Որովհետև ուզում ես, որ այդ «տոն» կոչվածը լինի միշտ։ Միգուցե, դա նրանից է, որ ես պրոֆեսիոնալ դերասան չեմ, ես մասնագիտությամբ լեզվաբան եմ, մանկավարժ։ Բեմն ինձ համար միշտ եղել է իմ կյանքի ամենամեծ հոբին։ Ինքնակրթությամբ փորձել եմ մշակել այն ամենը, ինչ ինձ պետք է բեմում։Ես կարոտում եմ բեմը։ Ներկայացումը հենց վերջանում է, ես արդեն կարոտում եմ բեմը։ Ինձ որ մնար ես՝ ամեն օր ու անդադար կխաղայի։ Այդ էներգիան, որ տալիս ես... Դուք չեք պատկերացնի. երբ կանգնած ես բեմի վրա ու տեսնում ես դահլիճից քեզ ուղղված աչքերը, այն ջերմությունը, որ գալիս է, այն ժպիտը, որ մարդկանց դեմքին կա... Միասին մտածում ենք, միասին լռում ենք, միասին ինչ-որ բանի մասին հոգ ենք տանում։ Բայց այդ ամեն ինչը միասին է, դա երկխոսություն է։ Իսկ վերջին ծափահարությունները... Երևի, դրանից թանկ բան աշխարհում չկա։ Այ դա է լիցքաթափումը։

Կադրից այն կողմ՝ մինչ հրաժեշտ տալը, պրն. Թոխատյանի հետ զրուցեցինք նաև բարեգործական միջոցառումներից։ Ես պատմեցի մեր հայ-հոլանդական «Լուսավոր Ապագա» (Bright Future) բարեգործական թիմի գործունեության մասին։ Ասացի, որ հաջորդ տարի նախատեսում ենք մեծ միջազգային երիտասարդական սեմինարներ, փորձի փոխանակման ծրագիր իրականացնել Հայաստանում, որոնց ծախսերի 80% կհովանավորվի նախագծի կողմից։ Պատմեցի, որ նախատեսվում է ընդգրկել եվրոպական մի շարք երկրների (Հոլանդիա, Գերմանիա, Ավստրիա, Իսպանիա, Ֆրանսիա, Բելգիա), Ռուսաստանի և հայաստանաբնակ հայ և արտասահմանցի երիտասարդների՝ Եվրոպա-Հայաստան հայ երիտասարդների կապը ամրապնդելու, նոր նախագծեր ստեղծելու, ինչպես նաև օտարազգի երիտասարդներին Հայաստանին և հայ մշակույթին ծանոթացնելու նպատակով։ Պրն. Թոխատյանը հետաքրքրվեց երիտասարդական նախագծով և ընդունեց մեր հրավերը՝ այս նախագծին մասնակցելու և Հայաստան ժամանած հայ ու օտարազգի երիտասարդների հետ իր տարիների փորձը փոխանակելու։ «Երկրում լինելու պարագայում անպայման կմասնակցեմ», - ասաց նա։
Հրանտ Թոխատյանն իր հերթին պատմեց «Արարատ 5165» բարեգործական նախագծի մասին, որը ձեռնարկվել է՝ ի օգնություն սահմանում կանգնած զինվորների։ Նախատեսում են կառուցել ճանապարհ, ինչի մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ կցված տեսանյութից։ Ներկայացման ավարտից հետո պրն. Թոխատյանը հոլանդահայերին ներկայացրեց նախագիծը, ինչը մեծ հետաքրքրություն առաջացրեց հավաքված հանդիսատեսի շրջանում։ Շատերը ցանկություն հայտնեցին իրենց հանգանակությունները փոխանցել՝ այս բարեգործական նախագծի իրականացմանն աջակցելու համար։ /տեսանյութ/

Պատրաստեց' Մարիշա ՇԻԿԸ


The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
to top