Վերարկուն իրենը չէր: Թեթևակի նեղություն ճամփին ևս զգում էր, բայց այն որոշակիացավ ավտոտնակը բացելիս, ապա, երբ ձգվելով վառեց լույսը: Այդպես էլ կար. հանդերձարանում, անուշադիր լինելով, ուրիշինն էր հագել: Այս մեկը մուգ էր, ոչ թե կապտին տվող, ինչպես իրենը, այլ սև, գուցե թե` ավելի նոր: Կաշկանդվածությունը դրա՞ պատճառով էր, թե՞ փոքր լինելու: Կարևորը, սակայն, դա չէր: Տաճատը տենդագին արագությամբ վրա բերեց դարպասը և վերստին մեքենա նստեց: Մինչև թատրոն հինգ-տասը րոպեի ճամփա է, հավանաբար հասցնի, միայն թե մյուսն իր պես առաջին դուրս եկողներից չլինի: Ասա ինչո՞ւ չսպասեց հանդերձապահուհուն... Երկու թե երեք րոպե կորցրեց պետավտոտեսուչի պատճառով, ավելի ստույգ` իր. առանց թարթիչը միացնելու վազանց կատարեց: Ժամանակ շահելու համար դրամ առաջարկեց: Տեսքը, թե՞ մեքենայի համարանիշերը վստահություն չներշնչեցին. Ոստիկանն զգուշացավ, փորձում էր արձանագրություն կազմել: Հարկադրված` ներկայացավ, ասաց` որտեղ է աշխատում: - Կարգ չխախտողն առաջինը դուք պետք է լինեք, - դիտողություն արեց տեսուչը, այդու առանց տուգանելու թույլատրեց գնալ: Թատրոնի մերձակայքում մարդ գրեթե չկար: Ներսում լույսերը, սակայն, չէին մարել, և դուռը բաց էր: Մուտքին մերձ խցիկում երկուսը պատրաստվում էին ընթրել: - Հանդերձապահուհին որտե՞ղ է, - հարցրեց: - Ի՞նչ կա, - մարդը շարունակեց երշիկ կտրել, մյուսը թեյ էր լցնում: Տաճատը դժվարացավ միտքը ձևակերպել ու, ինքն իրենից դժգոհ, դիմեց հանդերձարանի կողմը: - Սպասիր, ո՞ւր ես քշում, - մարդը դրեց թեյնիկը և, շրջանցելով ընկերոջը, ելավ սրահ: - Թատրոնը փակ է, ետ արի: Տաճատը կանգնեց, սակայն հայացքը հանդերձարանի կողմն էր: Դատարկ կախիչները, լքյալ անկյունը հույսի տեղ չէին թողնում: - Իմի փոխարեն ուրիշինն են տվել, - պահի տակ հորինեց. հավանաբար գործեց պաշտպանական բնազդը: - Տանը նոր նկատեցի: - Չի կարող պատահել, - խցիկում մնացածն էր: - Պատահել է, - Տաճատը ետ տարավ վերարկուի փեշերը: - Իմը չէ: - Ժետոն ունեի՞ր, - սա ևս առաջ եկավ: - Իհարկե, - Տաճատը նեղվում էր նրանց հարձակողական տոնից, բայց այլ ելք չուներ: - Բա էն մյուսը... ինչո՞ւ բան չասաց: Կարո՞ղ է ավելի թանկանոցն է եղել: - Չէի ասի. գրեթե չեն տարբերվում: Գույնն է ուրիշ, - նույն պահին նկատեց, - մեկ էլ ուսերը` իմը կտրած են, սրանը` թափվող: - Այ քեզ մարդ: Ուրիշի շորը հագել գնացել է, գլխի չէ... Հո խմած չե՞ս: Տաճատը հապաղեց. ի՞նչ պատասխաներ: - Չէ, - ասաց: - Սոֆիկը տուն հասած կլինի՞, - ավելի տարեցն էր: - Հարո, քաշե՞մ համարը: - Որ զանգեցինք, ի՞նչ: Մենակ եմ տվել շորերը: Ինքը շուտ գնաց. հարսը գործի էր, պուճուրին պահող չկա: Սպասիր, սպասիր, - նա դարձավ Տաճատին, - բայց ես չեմ հիշում, թե քեզ պալտո տված լինեմ: Չլինի՞ խաբում ես: - Նման մարդու տպավորությո՞ւն եմ թողնում, - Տաճատը փորձեց խիստ լինել, սակայն միտքը, որ դիմացինը ճիշտ է, թույլ չտվեց: - Ի՞նչ իմանամ` ով ես: Հլա գնանք ցույց տուր, որտե՞ղ էր կախած, - ու առաջ ընկավ: Տաճատն ակամա հետևեց նրան: - Ներքևի շարքում էր` նախավերջինը, - հետո հիշեց, - 222 համարը: Մարդը հանեց արույրից թվօղակը. - Սա՞ էր: - Ոնց որ: - Թե ցած ընկած լինի, հետո սխալմամբ ուրիշ տեղ կախած լինեմ...- նա ավելի շուտ ինքն իր հետ էր խոսում, հետո դարձավ Տաճատին: - Որ սպանես, չեմ հիշի: Մեղավորը դու ես: Թափվել էիք գլխիս, հնարավոր է և խառնել եմ, - մարդը համոզված էր` գործի լրջանալու դեպքում կմեղադրեն, և ջանում էր պատնեշ կառուցել: - Աշխատանքից հանել չտվինք, պաշտպանվում ես: - Տվածներն ի՞նչ է, որ վախենամ: Թող էգուց էլ հանեն, - հետո բորբոքվեց, - Բայց խի՞... - Նման դեպք էլի եղե՞լ է, - Տաճատը փորձում էր ելք գտնել: - Գողություն` հա, բայց որ երկուսն էլ սուսուփուս հագնեն գնան` չէ: Քսանհինգ տարի կնոջս հետ էս գործին ենք, քիչ չկարծես: - Հիմա ի՞նչ անենք, - Տաճատը հուսալքվում էր: Սկսել էր ձյուն տեղալ: Սպասելը դառնում էր անիմաստ: - Ես, երևի, գնամ: Եթե կարելի է, ձեր համարը վերցնեմ, իմն էլ մի տեղ գրեք: Թե գա, թող զանգի: Պահակը դարակից հանեց կարճլիկ մատիտը: - Վերցրու: Հենց պատի վրա քո ձեռքով էլ գրի: Տաճատը, չկամենալով հանդերձ, օրացույցի ազատ եզրին գրեց հեռախոսահամարները: - Սա տան համարն է, մյուսը` երկարը, ձեռքինս է: - Ախպեր, ուզո՞ւմ ես մի բաժակ էն մյուսից... Տրամադրությունդ, տեսնում եմ, ընկած է, - հանդերձապահը գլուխը սեղանի տակ մտցրեց: - Շնորհակալություն, մեքենայով եմ: Եթե վերարկուս գտնվի, խոստանում եմ դատարկաձեռն չգալ: Ձեր համարը չտվիք, - նա ձեռքը տարավ, որպեսզի հանի բջջայինը: Այն սովորաբար կոնքի վրա էր կրում, վերարկու հագնելիս` տեղափոխում ծոցագրպանը. այդպես ավելի հեշտ էր: Գրպանում երկու հեռախոս կար: Շփոթահար` փորձեց շոշափելով որոշել, թե որն է իրենը: Երկրորդը ևս պատյանով էր, բայց, կարծես, ավելի բարալիկ: Մինչ կհաներ իրենը, որպեսզի հիշողությանը հանձնի պահակի ասած համարը, հանդերձապահը սեղանին բացված թերթին գրելով թվերը` պարզեց Տաճատին: Բարի գիշեր մաղթելով` դուրս եկավ: Համոզված էր` բանը թատրոն զանգելուն այլևս չի հասնի, որովհետև գործը հեշտանում էր: Մեքենայում բջջայինի օգնությամբ կփորձեմ գտնել տիրոջը, - որոշեց: - Տեղեկատուի վրա ծանոթ-բարեկամների, գուցե թե հենց տան հեռախոսահամարը լինի: Չհամբերելով` վառեց սրահի լամպը և գրպանից հանեց բջջայինը: Անծանոթ հեռախոս էր` նուրբ, արծաթավուն փայլով: Սեղմեց տեղեկատու էջը: Երկնագույն էկրանին հիմնականում բջջային համարներ էին, երկուսը` բնակարանի, դեպի դուրս զանգերի էջում` ոչինչ չասող անուններ` Արմեն, Նորա... Ուշադրությունը գրավեց Լիլիթ անունը: Այն հանդիպում էր թե° մուտքի, թե° ելքի էջերում: Որոշ զանգեր անպատասխան էին մնացել։ Վերստին սեղմեց կոճակը: Այո, նույն համարն էր: Կամուկացի մեջ չգիտեր որն է ճիշտ` տեղնուտեղը մեկնումեկին զանգելը, թե՞ սարքը միացրած սպասելը: Մինչ կորոշեր անելիքը, հեռախոսը ծլնգաց: Տաճատը, փոքր ինչ հուզված, այն ականջին տարավ. - Լսում եմ: - Ալո, Գագիկի բջջայի՞նն է, - հարց տվողը կին էր: - Գուցե, - Տաճատը շարժիչը, որ տաքանալու համար գործի էր գցել, անջատեց: - Ձեր անո՞ւնը: - Տաճատ: - Չլսեցի: - Տաճատ, Տաճո է անունս: - Էլի լավ չհասկացա, բայց ոչինչ... Էդ ձեռքի հեռախոսը ձեզ որտեղի՞ց: Գիտե՞ք... - Հա՛: Սխալմունք է... Ես հիմա թատրոնի մոտ եմ, եթե, ի՞նչ ասիք անունը, Գագո՞, եթե նա հիմա գա, կփոխենք. ես իմը կվերցնեմ, նա` իրենը: - Գագիկի ինքնաթիռը տասը րոպեից կթռչի: Բջջայիննն անջատած էր, թե չէ ավելի շուտ իմաց կտայինք: Նա մի շաբաթից նոր կգա: Խնդրեց վերցնել, իսկ վերարկուները կմնան հետո: - Պարզ է, - մի շաբաթ առանց վերնազգեստի մնալու հեռանկարը Տաճատին տխրեցրեց: - Դուք նրա ի՞նչն եք, - հարցրեց և տեղնուտեղն զգաց` սխալ է թույլ տալիս: Պատասխանը սառը հնչեց. - Ի՞նչ կարևոր է: Եթե չեք վստահում, ուրիշ խնդիր: - Վստահելը վստահում եմ, բայց ներկայացման ավարտից հազիվ մի ժամ է անցել: Եթե պիտի թռչեր, այդ ժամին թատրոնում... - Հյուրեր ուներ, չգնալ չէր կարող: Տեղավորել է, կեսից դուրս եկել: Տաճատը թեթևություն զգաց. ուրեմն` առաջին սխալը նա է թույլ տվել, կամ հանդերձապահուհին, ով, հավանաբար, այդ պահին դեռ տուն գնացած չի եղել: - Հեռախոսի ետևից դուք կգա՞ք, թե՞ ինքս բերեմ: - Հիմա քանի՞սն է: - Տասներկուսը դեռ չկա` քսան պակաս: - Ուշ է, սակայն ոչինչ... Մամիկոնյանի արձանի մոտ հարմա՞ր է: - Հինգ-յոթ րոպեից այնտեղ կլինեմ: Ես սև վերարկուով եմ, այսինքն` ինձնից լավ գիտեք... Իսկ ձեր արտաքի՞նը: Կինը ծիծաղեց. - Դե, ո՞նց ասեմ` երեսուն տարեկան եմ, բարձրահասակ... - Շիկահեր, երկար ոտքերով, բարակ իրանով: Կինը քրքջաց. - Չտեսած` հաճոյախոսում եք: Որտեղի՞ց իմացաք: - Ձայնից: Ուզո՞ւմ եք ասեմ` ինչ վերարկուով եք լինելու: - Շարունակեք: - Մոխրագույն, փեշերը` երկար, նույն գույնի վզնոցով և գլխարկով: - Ստիպված` մուշտակ եմ հագնելու, այլապես... - Դուք ոտքով եք գալու, թե՞ մեքենայով: - Տնից հեռու չէ` նախկին «Ռիգա» գաստրոնոմի մոտ եմ ապրում: - Պայմանավորվեցինք: Տաճատը գործի գցեց շարժիչը: Փողոցում անցուդարձ չկար: Սահքից խուսափելու համար դանդաղ էր ընթանում: ...Իր բնակարանը ևս այդ թաղամասում է: Հետաքրքիր է... Հենց այնպես ծնված միտքը դարձավ կանխազգացում: Եթե իրենց շենքի... Հարկը չգիտի, անունը` նմանապես: Վերջերս է տեսել մտնել-ելնելիս, մի քանի անգամ վերելակում են հանդիպել: Ո՞ւմ արտաքինն էր ինքը հեռախոսով նկարագրում, ենթագիտակցու թյունն ինչո՞ւ այդ ուղղությամբ տարավ... Տաճատը վերջին պահին նկատեց մեքենայի դեմով փողոցը կտրող կնոջը: Նա էր` մոխրագույն վերարկուով, նույներանգ վզնոցով... Ուսերին, գլխարկին ձյուն կար նստած: Իջեցրեց կողապակին: - Լիլի՞թ... Կինը շրջվեց, տեսավ Տաճատին. - Բարև ձեզ: - Բարև: Տեսա՞ք, որ ճիշտ էի, - Տաճատը հայացքով տնտղում էր կնոջը: - Հագուստը նկատի ունեմ: - Հեշտ ճանաչվելու համար այսպես հագնվեցի, - արդարացավ կինը: - Սպասեք, սպասեք, ձեր դեմքը...- նա բարձրացրեց ձեռքը, ասես կամենում էր մի կողմ տանել շեղությամբ թափվող խոշորափաթիլ ձյունը: - Նույն շենքից ենք, - Տաճատը ծիծաղեց, - բայց ազնվորեն եմ ասում` չգիտեի, որ ձեզ հետ եմ խոսում: - Իսկ անո՞ւնս... - Պատահաբար թռավ բերանիցս: - Չհավատացի: Ինչ-որ մեկից լսած կլինեք, թեև... ես նոր բնակիչ եմ` ո՞ւմ եմ ճանաչում, բարևում, որ... - Այսուհետ կճանաչեք` Տաճատ է անունս: - Տաճա՜տ։ Ես էլ հեռախոսով լսում եմ` տաճար: Ասում եմ` այ քեզ անուն... - Նստեք: Կինը նազանքով օրորեց գլուխը: - Ուզո՞ւմ եք` ոտքով գնանք: Հրաշալի ձյուն է, հրաշալի գիշեր, դուք` առավել: Կինը շարունակում էր լռել: - Լավ, դուք ոտքով գնացեք` մայթով, ես մեքենայով կհետևեմ: Հարմա՞ր է: - Որ ի՞նչ: - Որպեսզի չփախցնեն: - Փորձվածն եք, հա, - կինը քայլ արեց և, մինչ Տաճատը կշրջանցեր մեքենան, բացելով առջևի դուռը` նստեց: - Ո՞ւր գնանք: - Իհարկե, տուն: Թե՞ վախենում եք շենքում միասին տեսնեն: - Ձեզ համար եմ անհանգիստ: - Անհոգ մնացեք: Եթե այս ժամին դուրս եմ եկել...- նա միտքը չհասցրեց ավարտել, որովհետև ծլնգաց հեռախոսը: - Գագոյինն է, - Տաճատը բջջայինը մեկնեց կնոջը: «Ալո» խոսքից հետո զանգողն ինչ-որ բան ասաց, որին հետևեց կնոջ պատասխանը. - Արդեն վերցրել եմ: Աղմուկ լսվեց, մեկի խռպոտ ձայնը, ապա կինն ականջից հեռացրեց հեռախոսը. - Անջատվեց, ինքնաթիռից էր զանգում: Ուր որ է կթռչեն։ Առժամանակ երկուսն էլ չէին խոսում: - Այդպես էլ չասացիք` անունս որտեղի՞ց գիտեք, - լռությունն առաջինը խզեց կինը: - Բջջայինի տեղեկատուում կարդացի, մուտքագրած զանգերի էջում: Հենց այնպես ասացի, համընկավ: - Հենց այնպես ոչինչ չի լինում, - խորհրդավոր նկատեց կինը, - ապա թե` - Տրամադրության փոփոխությունը զանգի՞ պատճառով է: Խոսքի նման ոճը համարձակության էր մղում: - Իսկ դո՞ւք: Հենց այնպե՞ս այս վերարկուն հագաք, թե՞... հատուկ: - Փորձեք գուշակել: Բջջայինը վերստին ձայնեց: Տաճատը տեսավ` կինը դժկամությամբ պայուսակից հանեց հեռախոսը: Մինչ այդ հասան: Նա բացեց դուռն ու, քանի որ կինը խոսում էր, սպասեց: Վերջինս ձեռքը նրբորեն երկարելով` հասկացրեց, որ օգնի: Քանի դեռ նա զբաղված էր հեռախոսազրույցով` Տաճատը բացեց ավտոտնակը և ձյունածածկ մեքենան ներս տարավ: Կինն ավարտել զրույցը, սանդղահարթակին սպասում էր: Մուտքի լամպը չէր վառվում: Տաճատն անվարան բռնելով նրա թևքից` խարխափելով առաջացավ, այնուհետ նույն կերպ գտավ սեղմակը. վերելակը նրանց էր սպասում: - Ո՞ր հարկ: - Ութերորդ, - կինը ձեռքը պարզեց վահանակին: - Իմը հինգերորդն է, բայց ես ևս ձեր հարկ եմ գալիս: - Եվ ո՞ւմ տուն: - Լիլիթի, - շեղակի նայելով կնոջը` ասաց Տաճատն ու մատը հպեց կոճակին, իսկ ազատ ձեռքով ետ տարավ նրա` գլխարկից դուրս պրծած մազափունջը: Լիլիթը գլուխը թեքելով` պարանոցով սեղմվեց Տաճատին և, դեմքին հմայիչ ժպիտ, շշնջաց. - Վերարկուն իսկը ձեր հագով է, էլ չտաք Գագիկին: - Վերարկուն` չգիտեմ, բայց քեզ հաստատ չեմ տա: Դու իմն ես: «OPEL-ի աղջիկը» շարքից, 2003: |