Mamul.am
Full version
USD 476.22, EUR 526.22, RUB 7.39, GBP 593.51
+14 °C, +15 °C ... +28 °C Tomorrow:+29 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԷԼ ՄԻԱՑԱՎ ՆՆՋԵՑՅԱԼ ԶՈՐՔԻՆ:
13:50, 12.06.2018

«Արծիվ մահապարտների միությունը» ցավով հայտնում է.

- Մահապարտներից մեկն էլ գնաց մեր շարքերից, միացավ ննջեցյալ զորքին:

2018թ. հունիսի 9-ին կյանքին հրաժեշտ տվեց Արծիվ մահապարտ, ՀՀ Արիության և ԼՂՀ Մարտական ծառայության մեդալակիր ՄԿՐՏԻՉ ԳԵՎՈՐԳԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ:


Մկրտիչ Գևորգի Ստեփանյանը ծնվել է 1950թ հունիսի 17-ին ՀՀ Երևան քաղաքում:

1958-66թթ. սովորել է Երևանի թիվ 90 դպրոցում: 1966-69թթ. համատեղ ուսանել է թիվ 31 հանրակրթական միջնակարգ դպրոցում և քաղաքային թիվ 32 պրոֆտեխնիկական ուսումնարանում, որը գերազանց ավարտելով, ստացել է ավտոկռունկավար-մեխանիզատորի որակավորում:

1969-71թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

1972թ.-ից սկսած Մկրտիչ Ստեփանյանը աշխատել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի ավտոպարկում:

1983-89թթ. հեռակա կարգով սովորել և ավարտել է ՌԴ Ստավրապոլի պոլիտեխնիկական ինստիտուտի ճանապարհատրանսպորտային բաժինը, ինժեներ-մեխանիկի որակավորմամբ:

Արցախյան շարժման առաջամարտիկ-նվիրյալներից մեկը լինելով, դեռևս 1989թ. փետրվար ամսից մասնակցել է ՀՀ սահմանների և ԼՂՀ տարածքների ու բնակչության պաշտպանության գործողություններին: Նրա մարտական ուղին սկիզբ է առել 1990թ. հունվար-փետրվարին Վազգեն Սարգսյանի հրամանատարությամբ, ՀՀ Արարատի շրջանի Երասխի մարտական գործողության օրերից, և շարունակվել մինչև 1994թ., մինչև հրադադար:

1990թ. մարտ ամսին նա Շահեն Մեղրյանի և Պողոս Մեղրյանի ջոկատների կազմերում մասնակցել է ԼՂՀ Շահումյանի Վերիշեն, Բուզլուխ, Էրքեջ, Մանաշիդ, Հայ Բարիս, Գյուլիստան գյուղերի պաշտպանության մարտերին:

1992թ. հունիսից Մ.Ստեփանյանը ծառայության է անցել ՀՀ ՊՆ թիկունքի վարչության՝ Սպառազինության, պարենային և սննդի ծառայությունում, հանդիսացել է պատասխանատու՝ սահման մեկնող երկրապահ և աշխարհազորի ջոկատների սննդի և սպառազինության գծով, մինչև 1993թ.-ը:

1992թ. օգոստոսի 15-ից Վ.Սարգսյանի կոչով զինվորագրվել է ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակին, որպես գումարտակի վառելիքաքսուկային նյութերով ապահովման պատասխանատու: Կատարելով իր անմիջական պարտականությունները, ինչպես «Արծիվ մահապարտների» ՀՆԳ հրամկազմի մյուս անդամները, նա էլ, մասսայական սխրանքի այդ օրերին, ինչպես շարքային ազատամարտիկ` 1992թ. սեպտեմբերին մասնակցում էր ԼՂՀ Մարտակերտի շրջանի Գանձասար, Վաղուհաս, Հարությունագոմեր, Չլդրան գյուղերի պաշտպանության և ազատագրության համար մղվող դժվարին մարտերին:

10.09.92թ. մարտերից մեկի ժամանակ, Հարությունագոմերի բարձունքում վիրավորվել է գլխից, և ստացել կոնտուզիա: Սակայն չի լքել մարտադաշտը:

Մարտական ուղին շարունակել է 1993թ. ՀՀ ՊՆ «Արծիվ 28» ջոկատի կազմում. Մասնակցելով ԼՂՀ Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի ազատագրման մարտերին:

Հարաբերական խաղաղության տարիներին պահեստի լեյտենանտ Մկրտիչ Ստեփանյանը, մինչև առողջական վիճակի վատթարացումը, աշխատել է Երևանի ջրմուղ-կոյուղու Շահումյանի տեղամասում, որպես ինժեներ:

Ազատամարտիկ, Արծիվ մահապարտ Մկրտիչ Գևորգի Ստեփանյանը «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ և ԵԿՄ անդամ է: Հայրենիքին մատուցած ծառայությունների, Արցախյան ազատամարտում ցուցաբերած արիության, նվիրումի, ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտներ» ՀՆԳ-ի մասսայական սխրանքին մասնակցության համար պարգևատրվել է ՀՀ Արիության /1998թ./, ԼՂՀ «Մարտական ծառայություն» /2012թ/ մեդալներով և այլ պարգևներով, այդ թվում` ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտներ» կրծքանշան-հուշամեդալով /1997թ./, ԱԱՄ «Արծիվ մահապարտ. Վազգեն Սարգսյան» շքանշանով /2007թ./, ՀՀ ՊՆ «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական /2011թ./ և «Գարեգին Նժդեհ» մեդալներով /2012թ./:

Հոգով` անպարտ մահապարտ մեր մարտական ընկերը հասարակության մեջ հարգված էր, որպես լավ ընտանիքի հայր ու ամուսին: Նրա երեք զավակներն այսօր ԲՈՒՀավարտ են, և իրենց ապրելու կերպով վստահորեն բարձր կպահեն մահապարտ-ազատամարտիկ հոր պատիվը, նրանից ժառանգած հայրենանվիրության, ու մարդասիրության ոգին, որպես արժանի հետնորդներ:

Մեր վշտակցությունն են ենք հայտնում հանգուցյալի հարազատներին:

Խոնարհվում ենք, և կրկնում` փառք քեզ մեր մարտական ընկեր:


«ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Share with friends
| |
,,ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ,, ՀԿ
17:32, 11.01.2018
to top