Գրական հանրության հետ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի նախաձեռնած առաջին հանդիպումը Հայաստանի գրողների միության նախագահության անդամների հետ էր: Գրողին աջակցելու համար, ըստ Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի, պետք է արմատապես փոխել ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ինչպես օրինակ՝ վերանայել գրական մամուլին տրվող պետական աջակցությունը: «15 տարվա ընթացքում այս մասով որևէ դրամ չի ավելացել: Մեր գրողները անվարձ երգիչների նման են ապրում: Հրաշալի է, որ դրամաշնորհային ծրագիր է մշակվել, այն նոր շունչ կտա գրական տարբեր ուղղություններին, բայց մեզ համար չափազանց կարևոր է՝ ովքե՞ր են ընդգրկվելու այն հանձնաժողովում, որը որոշելու է գրողի կամ գրքի ճակատագիրը: Այդ հանձնաժողովների հարցը պետք է քննարկել գրողական ամենածանրակշիռ կառույցի՝ Հայաստանի գրողների միության հետ», -ասաց միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը: «Հայաստանի ներկայությունն աշխարհում պետք է ամրագրել նաև հայ գրողների միջոցով», -խոսքը եզրափակեց Գրողների միության նախագա Անդրադառնալով ներկայացված խնդիրներին՝ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն արձանագրեց. «Մենք ունենք մի քանի ծրագիր, որոնք միտված են խրախուսելու ոչ միայն գրողին, այլև ընթերցանությունը: Կարծում եմ, որ գրողին աջակցելու լավագույն ձևերից մեկը նրա համար ընթերցող ապահովելն է: Նման նպատակ ունի, օրինակ, «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը, որն իրականացնում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ: Մեր գրողները բավականին ակտիվ են, և աջակցության հարցում կողմնորոշվելը իսկապես բարդ խնդիր է: Այդ պատճառով որոշել ենք առաջնորդվել հետևյալ սկզբունքով. աջակցության հարցում առաջնորդվել ոչ թե գրողի կերպարով, այլ նրա ստեղծած գրական «արտադրանքով»: Պետպատվերի շրջանակում. մենք ոչ թե պատվիրում ենք կոնկրետ աշխատանք, այլ ֆինանսավորում ենք ներկայացված գաղափարը որևէ թեմայի շրջանակում, օրինակ՝ Թումանյան 150: Գրադարանների ֆոնդի կրկնապատկման նախաձեռնությունը ոչ միայն գրադարանները համալրելու, այլև գրողին աջակցելու նպատակ է հետապնդում: Նախապատվությունը տալու ենք հատկապես ժամանակակից գրողներին: Այդ նպատակով մենք որդեգրել ենք նաև դրամաշնորհային քաղաքականության սկզբունքը»: Անդրադառնալով հանձնաժողովներին, որոնք՝ Էդուարդ Միլիտոնյանի բնորոշմամբ, որոշելու են գրողի կամ գրքի ճակատագիրը, Լիլիթ Մակունցը պարզաբանեց. «Հանձնաժողովների ձևավորման սկզբունքը հետևյալն է. դրանցում պետք է ներգրավված լինեն ոլորտի վաստակաշատ ներկայացուցիչներ, նաև նրանց կողքին պետք է լինեն նոր դեմքեր՝ թարմ գաղափարներով: Նոր սերունդը պետք է անպայման ներկայացված լինի: Անաչառությունը հանձնաժողովների ձևավորման կարևորագույն սկզբունքներից մեկն է: Կարևորագույն ևս մեկ նախապայման՝ յուրաքանչյուր մրցույթում ներգրավված կլինի նոր հանձնաժողով՝ նոր կազմով»: Հայաստանի Գրողների Միություն |