Հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին Ավանդական բժշկության համալսարանում անցկացվեց ներբուհական շախմատի մրցաշար: ԱԲՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և Երևանի Ավանի շախմատի մարզադպրոցի աջակցությամբ կազմակերված մրցաշարին մասնակցում էին համալսարանի հայ և օտարազգի մի շարք ուսանողներ: Դեկան Անահիտ Կարապետյանը ողջունելով մասնակիցներին՝ նշեց, որ ավանդույթ դարձած սպորտային խաղերը մեծապես ոգևորում են ուսանողներին՝ ապահովելով բարձր տրամադրություն: Ըստ դեկանի, շախմատի առաջնության կազմակերպումը մի քանի նպատակ է հետապնդում՝ համախմբել ու մտերմացնել ուսանողներին, նրանց առօրյան դարձնել է՛լ ավելի բովանդակալից, զարգացնել ուսանողների տրամաբանությունը, և, վերջապես, այն լավագույն առիթ է շնորհալի ուսանողներին բացահայտելու համար: Խաղն ընթացավ հետաքրքիր և լարված պայքարով: Համառ պայքարում համալսարանի լավագույն շախմատիստներ ճանաչվեցին՝ 1-ին տեղ՝ Մուստաֆա Իմադ Սաադալլահ Ալ-Խալիդի /Ստոմատոլոգիայի ֆակուլտետ, 1-ին կուրս/, 2-րդ տեղ՝ Մոհամմեդ Յասին Մահմուդ Մահմուդը /Բուժական ֆակուլտետ, 3-րդ կուրս/, 3-րդ տեղ՝ Հայկ Կուլիջանյանը /Ստոմատոլոգիական ֆակուլտետ, մագիստրատուրա 1-ին կուրս/: Շախմատի մրցաշարում 3 լավագույն տեղերը զբաղեցրած ուսանողներին գավաթներ, մեդալներ և պատվոգրեր հանձնեց Ավանի շախմատի մանկապատանեկան դպրոցի տնօրեն, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ, շախմատի ՖԻԴԵ-ի սպորտի վարպետ Դավիթ Հունանյանը: Համալսարանի դեկան Անահիտ Կարապետյանը շնորհավորելով հաղթողներին՝ նրանց մաղթեց նորանոր հաջողություններ և հաղթանակներ առաջիկայում կայանալիք միջբուհական մրցաշարերին: Նշենք, որ մրցաշարը անցկացվեց միջազգային չափորոշիչներին համապատասխան. մրցակիցներն ընտրվում էին համակարգչային հատուկ ծրագրով (www.chess-results.com), որին աշխարհի տարբեր անկյուններից կարող էին հետևել ուսանողների ծնողներն ու հարազատները: |