МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Завтра+25 °C
Բոլորից մերժվածն ու դատապարտվածը
15:31, 26.02.2024
642 | 0

Այս անձնավորությունը նախապատերազմական ժամանակաշրջանի Խորհրդային Միության ամենազորեղ գործիչներից մեկն է եղել, որը, սակայն, 1939 թվականի այս օրը՝ փետրվարի 26-ին, գնդակահարվել է: Նա զբաղեցրել է Ուկրաինայի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարի, ԽՍՀՄ կառավարության նախագահի տեղակալի պաշտոնները, եղել է ՀամԿ (բ) Կ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ:

Սա ազգությամբ լեհ Ստանիսլավ Կոսիորն է: Նրա բանվոր ընտանիքի հինգ որդիներից չորսը դարձել են ընդհատակյա հեղափոխականներ: 1905 թվականի նոյեմբերին Ստանիսլավը մասնակցել է գործարանային գործադուլների, իսկ 1907 թվականին անդամագրվել է Ռուսաստանի Սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցությանը: Շուտով կալանավորվել է, երեք ամիս բանտում է անցկացրել և հեռացվել է այն գործարանից, որտեղ բանվոր է աշխատել: 1908-ից 1911 թվականներին գլխավորել է իր կուսակցության Սուլինի մասնաճյուղը: 1910 թվականին ֆուտբոլային ակումբ է ստեղծել, որն ընդհատակյա աշխատանքը քողարկող միջոց է ծառայեցրել: Չորս անգամ կարճատև բանտարկության է դատապարտվել, իսկ 1911 թվականին աքսորվել է Եկատերինոսլավյան նահանգ: 1912-ից 1914 թվականն ընդհատակյա աշխատանք է կատարել Խարկովում, Կիևում և Պոլտավայում: 1915 թվականին նրան աքսորել են Իրկուտսկի նահանգ:

Փետրվարյան հեղափոխությունից հետո հաստատվել է Պետրոգրադում: Երբ կնքվել է Բրեստի պայմանագիրը, Կոսիորը հարել է «Ձախ կոմունիստներ» -ին:

Նա Ուկրաինայի Կոմունիստական (բոլշևիկյան) Կուսակցության հիմնադիրներից մեկն է: 1918 թվականի մարտից ղեկավարել է Ուկրաինայի ֆինանսների ժողովրդական կոմիսարիատը: Գերմանական օկուպացիայի շրջանում (1918-ի օգոստոս) ղեկավարել է Ուկրաինայի կոմունիստների ընդհատակյա աշխատանքները: 1919-ի մայիսից 1920-ի դեկտեմբերը եղել է Ուկրաինայի Կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության քարտուղարը:

1925 – 1928 թթ. եղել է ՀամԿ (բ) Կ Կազմբյուրոյի անդամ և քարտուղար, իսկ 1928 – 1938 թթ.՝ Ուկրաինայի կոմկուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար: Նրա առաջնահերթ պարտականություններից մեկն է եղել Ուկրաինայում գյուղատնտեսության կոլեկտիվացումը, որի հետևանքով 1932 – 1938 թվականներին Ուկրաինայում սովից մի քանի միլիոն մարդ է մահացել:

1930 թվականին Կոսիորն ընդգրկվել է ՀամԿ (բ) Կ Կենտկոմի Քաղբյուրոյի կազմում, 1935-ին Լենինի շքանշան է ստացել «գյուղատնտեսության ոլորտում ակնառոււ հաջողությունների համար»:

1938 թվականի մայիսի 3-ին Կոսիորին հեռացրել են բոլոր կուսակցական պաշտոններից և կալանավորել են: Նրան մեղադրանք է ներկայացվել, թե իբր եղել «Լեհական ռազմական կազմակերպության» անդամ:

1939 թվականի փետրվարի 26-ին դատապարտվել է գնդակահարության: Դատավճիռն ի կատար է ածվել նույն օրը:

1956 թվականի մարտի 14-ին Կոսիորը ռեաբիլիտացիայի է ենթարկվել: Ահա՛ որոշումը.

«1907 թվականից կուսակցության անդամ Ս.Վ. Կոսիորը... Զինվորական կոլեգիայի կողմից դատապարտվել է գնդակահարության այն բանի համար, որ իբր 1922 թվականից անդամագրվել է «Լեհական բանակ» կոչվածին, դրանում ղեկավար դիրք է զբաղեցրել, եղել է Պիլսուդսկու էմիսարն Ուկրաինայում, իսկ 1934 թվականին հիմնել ու ղեկավարել է «Ուկրաինայի հակահեղափոխական դավադիր ահաբեկչական կենտրոն» -ը:

Փաստաթղթերով ապացուցվել է, որ ընկեր Կոսիորն անհիմն է կալանավորվել: Լեֆորտովոյի բանտում պահման առաջին իսկ օրերից նրա նկատմամբ կիրառվել են ամենաբարբարոսական, գազանային կտտանքներ, 14 ժամ անընդմեջ հարցաքննության են ենթարկել՝ զրկելով նրան քնից և նվազագույն հանգստից: Բավական է ասել, որ նա հարցաքննվել է 54 անգամ, թեպետ գործում առկա է հարցաքննության ընդամենը չորս արձանագրություն:

Ընկեր Կոսիորին զրկելով քնից, ենթարկելով դաժան կտտանքների՝ ստիպել են ստորագրել քննիչների կողմից կամայականորեն կազմված անհիմն մեղադրանքի արձանագրությունը»:

2010 թվականի հունվարի 13-ին Կիևի Վերաքննիչ դատարանը Կոսիորին ճանաչել է 1932-1933 թվականների «Գոլոդոմոր» -ի կազմակերպիչներից մեկը:

1970-ականներին Կիևի փողոցներից մեկում դրված է եղել Կոսիորի ոչ մեծ հուշարձանը, որը հետո փոխարինվել է ավելի մեծ արձանով, բայց 2008 թվականին այդ արձանը տապալվել է:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
312 | 0
09:44, 13.04.2024
422 | 0
11:39, 08.04.2024
409 | 0
09:16, 06.04.2024
355 | 0
08:44, 03.04.2024
294 | 0
наверх