Լրագրող, բանաստեղծ Հասմիկ Բաբաջանյանի սույն հոդվածը հիշողությունից բացի կոթող է աշխարհի ամենաթանկ ու նվիրական էակին' ՄԱՅՐԻԿԻՆ: Քարալաց Մայրս ասում էր. «Իմ շիրմաքարը տեղական, մեր Սյունիքի քարերից կդնեք»: Իբր կատակով էր ասում, որ չնեղվեինք: Մի օր էլ, չնայած սրտովս արյուն էր գնում՝ իբր կատակեցի. «Ա՜յ մեր, ինչու՞ Սյունիքի», - ուզում էի հասկանալ նրան: Նայեց ու ժպտաց. «Մեր քարերը փափկասիրտ են, բարի»: Մահից հետո այդպես էլ արինք: Սիսիանից քար բերել տվինք ու շիրմաքար դրինք: Քարը դնելուց հետո բավականին ժամանակ գերեզման չէի եկել: Մի օր էլ որոշեցի հենց այնպես, առանց մեկին ասելու, գամ Գորիս՝ գերեզմանատուն ու նույն օրը ետ վերադառնամ Երևան: Ուզում էի մենակ լինել: Երբ մոտեցա շիրմաքարին, ինձ թվաց թե քարը լաց է լինում: Քարի վրա մորս պատկերն էր դրոշմված: Մորս նուրբ այտերին արցունքի կաթիլներ էին: Աչքերի շուրջ կնճիռների ստվերներ էին առաջացել ու տխուր էին աչքերը: Ձեռքով նրբորեն կպա՝ վերադառնալու իրականություն: Միանգամից էլ ետ քաշեցի ձեռքս, արցունքն իրական էր: Մատներս թրջվել էին: Ես թաշկինակ հանեցի ու մաքրեցի մորս աչքերն ու այտերը: Թաշկինակս թրջվեց: Օրը պա՜րզ, արևոտ էր, ամառային շոգ օր: Միանգամից հիշեցի մորս խոսքերը՝ մեր քարերը փափկասիրտ են ու բարի: Քարը լա՞ց է լինում: Ես քարին ինչպես մարդուն կփաթաթվեն, գրկեցի ու միասին սկսեցինք լաց լինել: Այս բանաստեղծությունս ծնվել է այդտեղ. Մորս շիրմաքարին Կնճիռներ են իջել, Ծերացել է բարի Քարը անցած հուշի: Ես շոյում եմ նրա Մեջքը սառած ու պաղ, Ջուր է կաթում քարի Գունափոխված մաշկից: Աղի արցունք առած Լաց է լինում անճար, Ո՞վ է գրկել նրան Վերջին անգամ, ավա՜ղ: Սիրտս փուլ է գալիս Մորս քարը գրկած, Քարի ուսին թիկնած Քարալաց ենք տալիս: ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ («Հրապարակ» թերթ) |