ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Հայոց քարերը որպես հուշարձան փափկասիրտ ու բարի ինչպես մայրը
15:52, 19.03.2014
2586 | 0
Լրագրող, բանաստեղծ Հասմիկ Բաբաջանյանի սույն հոդվածը հիշողությունից բացի կոթող է աշխարհի ամենաթանկ ու նվիրական էակին' ՄԱՅՐԻԿԻՆ:

Քարալաց


Մայրս ասում էր. «Իմ շիրմաքարը տեղական, մեր Սյունիքի քարերից կդնեք»: Իբր կատակով էր ասում, որ չնեղվեինք: Մի օր էլ, չնայած սրտովս արյուն էր գնում՝ իբր կատակեցի. «Ա՜յ մեր, ինչու՞ Սյունիքի», - ուզում էի հասկանալ նրան: Նայեց ու ժպտաց. «Մեր քարերը փափկասիրտ են, բարի»:

Մահից հետո այդպես էլ արինք: Սիսիանից քար բերել տվինք ու շիրմաքար դրինք: Քարը դնելուց հետո բավականին ժամանակ գերեզման չէի եկել: Մի օր էլ որոշեցի հենց այնպես, առանց մեկին ասելու, գամ Գորիս՝ գերեզմանատուն ու նույն օրը ետ վերադառնամ Երևան: Ուզում էի մենակ լինել: Երբ մոտեցա շիրմաքարին, ինձ թվաց թե քարը լաց է լինում: Քարի վրա մորս պատկերն էր դրոշմված: Մորս նուրբ այտերին արցունքի կաթիլներ էին: Աչքերի շուրջ կնճիռների ստվերներ էին առաջացել ու տխուր էին աչքերը: Ձեռքով նրբորեն կպա՝ վերադառնալու իրականություն: Միանգամից էլ ետ քաշեցի ձեռքս, արցունքն իրական էր: Մատներս թրջվել էին: Ես թաշկինակ հանեցի ու մաքրեցի մորս աչքերն ու այտերը: Թաշկինակս թրջվեց: Օրը պա՜րզ, արևոտ էր, ամառային շոգ օր: Միանգամից հիշեցի մորս խոսքերը՝ մեր քարերը փափկասիրտ են ու բարի: Քարը լա՞ց է լինում: Ես քարին ինչպես մարդուն կփաթաթվեն, գրկեցի ու միասին սկսեցինք լաց լինել: Այս բանաստեղծությունս ծնվել է այդտեղ.


Մորս շիրմաքարին

Կնճիռներ են իջել,

Ծերացել է բարի

Քարը անցած հուշի:

Ես շոյում եմ նրա

Մեջքը սառած ու պաղ,

Ջուր է կաթում քարի

Գունափոխված մաշկից:

Աղի արցունք առած

Լաց է լինում անճար,

Ո՞վ է գրկել նրան

Վերջին անգամ, ավա՜ղ:

Սիրտս փուլ է գալիս

Մորս քարը գրկած,

Քարի ուսին թիկնած

Քարալաց ենք տալիս:


ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

(«Հրապարակ» թերթ)

Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
դեպի վեր