МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Завтра+20 °C
Դեսպան Ձյունիկ Աղաջանյանն ընդունել է նախարար Գաբրիել Ղազարյանին
09:00, 10.08.2015
2811 | 0

  • Aug. 5th, 2015 at 5: 27 PM


ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ քննարկել է ֆիզկուլտուրայի և սպորտի ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորությունները, մասնավորապես, սպորտային մենեջմենթի, մարզաձևերի մասսայականացման և քարոզչության վերաբերյալ: Այդ մասին հայտնել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կայքը:
Նախարարը տեղեկացրել է դեսպան Աղաջանյանին, որ հայ մասնագետները ուրախությամբ կուսումնասիրեն հոլանդացի գործընկերների փորձը` այդ երկրում մեծ մասսայականացում վայելող ֆուտբոլ և հեծանվային սպորտ մարզաձևերում: «Զարգացնելով երկու մարզաձևերն էլ հնարավոր կլինի մեծ թվով պատանիների և երիտասարդների մոտ սեր և հետաքրքրություն առաջացնել սպորտի նկատմամբ», - ասել է նախարարը: Նա նաև մեծ հետաքրքրությամբ է ծանոթացել հոլանդական կողմի ներկայացրած առաջարկությանը` շուրջ տարին գործող «Հայրենասիրական, մարզական-առողջարարական մանկական ճամբար» ստեղծելու մասին: «ՀՀ կառավարությունը ի դեմս Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, պատրաստ է աջակցել սպորտի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր հետաքրքիր գաղափար իրագործելու գործին: Մեր նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր մարզաբազաները պատրաստ ենք տրամադրել ճամբարներում բնակվող և մարզվող երեխաներին», - եզրափակել է նախարարը:
Կողմերն անդրադարձել են նաև այս օրերին Երևանում ընթացող Համահայկական խաղերին, որին մասնակցելու նպատակով հայրենիք է ժամանել բազմամարդ պատվիրակություն: «Նիդերլանդների Թագավորությունում բնակվում և մարզվում են հայազգի բազմաթիվ մարզիկներ, որոնք բավականին լավ հաջողություններ են գրանցում այդ երկրի առաջնություններում, ինչպես նաև Նիդերլանդները ներկայացնում են միջազգային մրցասպարեզներում: Նրանցից շատերը ցանկություն են հայտնում հանդես գալ Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո», - ասել է Ձյունիկ Աղաջանյանը:
Նախարար Ղազարյանն իր կողմից տեղեկացրել է, որ արտերկրում բնակվող բազմաթիվ հայազգի մարզիկների արդեն իսկ ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է և հետագայում ևս կշնորհվի ՀՀ քաղաքացիություն ու չի բացառվում, որ դրանց թվում լինեն նաև Նիդերլանդներում բնակվող մարզիկներ: «Սակայն, ցանկանում եմ տեղեկացնել, որ յուրաքանչյուր դեպքում մոտեցումը լինում է անհատական` ուսումնասիրվում է մարզիկի գրանցած մարզական ձեռքբերումները և անձնական տվյալները», - փաստել է Գ. Ղազարյանը:
Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
наверх