
Ապրե՜լ… - Քեզ հարկավո՛ր է ժպտալ, հարկավո՛ր է, որ դեմքդ մի քիչ պայծառ լինի, հասկանո՞ւմ ես ինձ: - Մա՛մ, լա՜վ էլի, ի՞նչ ես ուզում: Մայրը զգաց աղջկա հետաքքրքրասիրությունն իր հայելու առաջ պտտվող մարմնի կազմվածքի նկատմամբ: Ձեռքերով շփեց կոնքերը, կուրծքը, ուղղեց սանրվածքը: - Տեսնո՞ւմ ես ինչպես եմ պահպանվել, սովորի՛ր, հասուն աղջիկ ես, իսկ հագնվում ես սարերում ման եկող երկրաբանի նման, ի՞նչ է փող չունենք, թե՞… Աղջիկը վեր կացավ, հավաքեց սեղանին մնացած սուրճի երկու բաժակը, շրթներկով ներկված ծխախոտի մնացուկներով լի մոխրամանն ու մինչ խոհանոց գնալը ցածր ասաց: - Ավելի լավ է քիչ ծխես, խեղդեցի՜ր: Խոհանոցից լսեց մոր զրնգուն, կյանքից գոհ ձայնը: - Իսկ քեզ դուր եկա՞վ իմ նոր ընկերը, իրավաբանականի ուսանող է: Պատասխան չստանալով մայրն մատների արանքում վառած հերթական ծխախոտը բարձր բռնած ինքը գնաց խոհանոց, - Մա՛մ, նա իմ տարիքին է, քեզ չի սազում, հարևաններն ի՞նչ կասեն: - Թքա՛ծ, գիտես ի՞նչ խորամանկն է, երեկ հասկացրեց, որ իրեն դուր են գալիս «Wolkswagen passat» մեքենաները, կառնե՜մ, ձեռքս քարի տակ չէ, այսօր էլ ռեստորան ենք գնում: - Մա՞մ, դու ինձ խոսք էիր տվել… - Բավակա՞ն չէ փողերը ծախսես այդ բոմժերի, հաշմանդամների, որբանոցների, եկեղեցական այդ ձրիակերների վրա, ամուսնուս փողերը դրանց համար չեն, վայելի՛ր կյանքը, լսի՛ր մորդ, չե՛ս փոշմանի: - Մա՛մ, ո՞ր ամուսնուդ: - Բոլորի, հետո ի՞նչ որ հինգն են եղել, դա դեռ ոչինչ չի նշանակում: Մայրը դերասանուհու շարժումով ոտքը դրեց խոհանոցի փոքրիկ աթոռին ու հաղթանակած հայացքով նայեց դստերը: - Լա՜վ, կտա՜մ, բայց ճիշտ չես ապրում: Դու երբևէ ծիծաղած կա՞ս: - Չե՛մ հիշում: - Ի՞սկ լաց եղել ես, ես ինչ որ չեմ հիշում: - Լա՞ց, այո մի անգամ, երբ տասներկու տարեկան էի, թաքուն լաց եմ եղել, զուգարանում: - Ինչո՞ւ, չի կարող պատահի, որ ես քեզ նեղացրած լինեմ, դա բացառվո՛ւմ է: - Դու ժամանակ չես ունեցել նեղացնելու, - կծու թե միամիտ ասված խոսքերը երևի տեղ չհասան: - Ի՞սկ ով: - Ամուսինդ, բռնաբարել էր ինձ: - Ի՞նչ, ո՞ր մեկը, ստո՛ւմ ես, ասա՛, որ ստում ես: Աղջիկը կռացավ գետնից վերցրեց մոր մատներից ընկած դեռ ծխող սիգարետը, օգնեց մորը նստելու աթոռին ու երկար նայեց աչքերի մեջ: Ի՞նչ տեսավ, ի՞նչ զգաց, չհասկացավ ու գրկելով մորն ասաց: -Ստո՛ւմ եմ, մամ ջան, ստո՜ւմ եմ, հանգստացի՛ր, աչքիդ ներկը ծորացել է այտիդ… Մաս երկրորդ Ապրե՜լ, միայն ապրել… «Հաղթանակի կամուրջ» … հասկանալի է անվան ծագումը, (միգուցե կյանքին հաղթած մահվան պատվին են այդպես անվանել), իսկ այ «Կիևյան կամուրջ» -ի անունը անհասկանալի է, երևի պետք է լիներ «Հրաժեշտի կամուրջ» …իր կառուցման օրից քանի մարդ է հրաժեշտ տվել կյանքին… Կամուրջի վրա երկուսով են: Երկու տխուր հայացք, երկու մենակություն, դեպի ներքև նայող երկու զույգ աչքեր… - Բա՜րձր է, գեղեցի՜կ, - ասաց աղջիկը: Վերևից էլ կարծես գետի հունը մի հարբած մարդ է գծել, համաձա՞յն ես: - Չգիտե՜մ, - ասաց տղան: - Այդ ո՞ւր ես նայում, ներքև նայիր, իրոք գեղեցի՜կ է: - Մեքենային ձեռք չտան հանկարծ, կամուրջի սկզբում կանգնեցրինք, հարմար տեղ չէ: - Մեքենա՞, մի՞թե դա մեքենա է, իր դարն ապրած, ինչո՞ւ ես անհանգստանում: - Դե իմ ունեցածն էլ դա է, տեսել եմ մայրիկիդ մեքենան, լա՜վն է: Տղան նայեց ժամացույցին: - Ինչ որ տեղ ես շտապո՞ւմ: Այսօր մի տեսակ տխուր ես, բա՞ն է պատահել: Տղան բացասական շարժեց գլուխը: - Շտապո՞ւմ ես: Նորից գլխով ասաց ոչ: - Ես գիտեմ ինչպես բարձրացնեմ տրամադրությունդ, կսպասե՞ս մի քիչ, շատ քիչ համբերիր ու… Աղջիկը վազեց դեպի կամուրջի հակառակ կողմում վաճառվող պաղպաղակի կրպակի կողմը: «Գեղեցիկ է վազում, անհամբեր» - մտածեց տղան: Երբ աղջիկը վերադարձավ տղան չկար: Նայեց կամուրջից ցած, հետո վազելով հատեց կամուրջի լայնությունն ու մյուս կողմից նայեց ցած: Զանգահարեց տղայի համարով – անջատված էր: Վախից լայնացած աչքերով նայեց դեպի տղայի մեքենայի կողմը: Մեքենան չկար: Ծիծաղեց, մի-մի փոքրիկ կտոր կծեց ամեն պաղպաղակից ու երկուսն էլ գցեց կամուրջից ցած… Վերջաբան Ապրե՜լ… Ապրե՜լ… Ապրե՜լ… - Քեզ հարկավո՛ր է ժպտալ, հարկավո՛ր է, որ դեմքդ մի քիչ պայծառ լինի, հասկանո՞ւմ ես ինձ: - Մա՛մ, լա՜վ էլի, ի՞նչ ես ուզում: Երեք երեխայի հետ քեզ ինչպես թողնեմ որ գնաս: - Ես շատ անգամ եմ եղել ծովափում, հավատա, վայելի՛ր կյանքդ, լսի՛ր մորդ, չե՛ս փոշմանի: * * * Սև, լայնեզր գլխարկով, գեղեցիկ կազմվածքով մի կին էր նայում ծովին: Քիչ այն կողմ երեք երեխաներ ծովավազից մարդ էին ծեփում ու նրանց ուրախ ձայները խառնվում էին ծովից եկող, ականջ շոյող ալիքների ձայներին: Օրն ավարտվում էր ու հոգնած արևը հորիզոնում, իր վերջին ուժերով փորձում էր հարթեցնել ծովի մակերևույթը… ստացվո՜ւմ էր: Կինն ավելի մոտեցավ ծովին ու ջուրը գուցե հաճույքից բարձրացավ մինչև ծնկները: Կնոջ խիստ հայացքը սաստեց ջրին ավելի վեր չբարձրանալու համար: Ձեռքը մտցրեց ցելոֆանե տոպրակից հանեց այրված մահվան վկայակաների մոխիրը: Ափը բացեց, պարզեց քամուն: - Հաջողությո՜ւն, - կարծես ինքն իրեն ասաց: - Շնորհակալությո՜ւն, - կարծես քամու ձայնը պատասխանեց: Բարձրաձայն բղավեց. - Երեխաներ, պաղպաղակ ուտելու ժա՛մն է, գնացի՜նք: Երեխաները մոռացած ավազե մարդուն վազեցին դեպի տատիկը: Ծովափը դատարկ էր կամ համարյա դատարկ՝ միայնակ կանգնած էր ավազե մարդը, որին քիչ հետո ծովի ալիքները կտապալեին ու կվերադարձնեին իր նախնական տեսքին՝ ավազահատիկների… Ս.Ումառ-Հարությունյան Ապրիլ 2015 թ. |