ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Չեմ կարող լռել»․ Անի Հովսեփյանը՝ Անժելիկա Ստեփանյանի մասին
01:15, 31.08.2018 | mamul.am
9799 | 1

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում 2017 թվականի հուլիսին կայացած մինչև 18 տարեկան աղջիկների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անժելիկա Ստեփանյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ մեկ տարի առաջ, իր մենամարտից հետո, հավաքականի ավագ մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն ապտակել և հայհոյել է իրեն։ MAMUL.am-ի թղթակիցը նախ զրուցեց 17-ամյա Անժելիկայի հետ, ապա նաև մարզչի՝ Ռաֆայել Մեհրաբյանի հետ, ով հերքեց իր հասցեին հնչեցրած մեղադրանքները։ Սոֆիայում առաջնությանը մասնակցած մեկ այլ մարզուհի՝ գերծանր քաշային կարգում հանդես եկող Լիանա Մանուկյանը նույնպես հերքեց թիմակցուհու բոլոր մեղադրանքները։ Հանգամանքները պարզելու համար MAMUL.am-ի թղթակիցը զրուցեց նաև մեծահակների Հայաստանի հավաքականի անդամ Անի Հովսեփյանի հետ։

- Կարդացի ընկեր Մեհրաբյանի հասցեին հնչեցրած շատ վատ մեղադրանքները և չեմ կարող լռել։ Ես ընկեր Մեհրաբյանին 2013 թվականից եմ ճանաչում, նա ինձ երիտասարդների աշխարհի առաջնություն էր տարել, որտեղ նրա շնորհիվ, շեշտո՛ւմ եմ՝ նրա շնորհիվ, ես բրոնզե մեդալ նվաճել։ Եթե Անժելիկան կոպիտ խոսելը հայհոյանք է որակել, ասեմ որ, դա հաստատ այդպես չէ։ Ընկեր Մեհրաբյանն ինձ հետ էլ է կոպիտ խոսել, որ սթափվեմ ու ճիշտ մենամարտեմ։ Բայց դա չի նշանակում, որ գան ու վաստակաշատ մարզչի հասցեին նման մեղադրանքներ հնչեցնեն։ Կարող եմ ասել, որ նույնիսկ այդ բառերի շնորհիվ է, որ ես կարողացա մեդալ վերցնել։ Դա մարզչի աշխատանքն է, որը նա ճիշտ է կատարել։ Թե հիմա ինչ աղմուկ են բարձրացրել, որ ընկեր Մեհրաբյանը հայհոյել է կամ խմած է եղել, անհեթեթություն է։ Ասեմ որ ես այսքան ժամանակ իրեն երբևէ խմելիս կամ ալկոհոլի ազդեցության տակ չեմ տեսել։ Չգիտեմ՝ ինչ անհեթեթ բաներ են խոսում։ Նույն Անժելիկան, որ մրցումներից եկել էր, պատմում էր, որ առանց մարզչին տեղյակ պահելու դուրս են եկել քաղաք, որ ցրվեն։ Հետո մոլորվել են, բայց հետ գալու ճանապարհը գտել են, վերադարձել են հյուրանոց։ Անժելիկան է ինձ դա պատմել անցած տարի։

- Անժելիկան նշել է, որ պարոն Մեհրաբյանը ոչ միայն մրցումներին, այլև հավաքներին է ոչ սթափ վիճակում եղել։

- Խաբել է։ Ես էլ եմ հավաքներին եղել ու հաստատ կարող եմ ասել, որ ընկեր Մեհրաբյանը երբևէ հարբած չի եղել։ Նա շատ խիստ մարզիչ է ու նման պահվածք իրեն հաստատ թույլ չէր տա։

- Պարոն Մեհրաբյանը կամ դուք Անժելիկայի հետ երբևէ վատ վարվե՞լ եք։

- Երբևէ խնդիր չենք ունեցել Անժելիկայի հետ։ Նա գնաց մրցմանը, եկավ ու որոշեց, որ մենք իրեն վատ ենք վերաբերվում, իր հետ վատ կատակներ ենք անում, որոնք նա չի ընդունում։ Սուտ է, նման բան չի եղել։ Թեթև կատակներ են եղել, որ բոլորով անում են հավաքներին, քանի որ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը դիմանալու համար պետք է նաև թեթև դրական էմոցիաներ։ Հիմա էլ նա այդ հորինված վատ վերաբերմունքին գումարեց ընկեր Մեհրաբյանի իբրև թե վատ վերաբերմունքը, որ նման պատմություն սարքի։ Ես ո՛չ ուզում եմ հիմա ընկեր Մեհրաբյանին պաշտպանել, ո՛չ Անժելիկային վատաբանել։ Ես ասում եմ այն, ինչ տեսել եմ ու ինչ գիտեմ այդ մարդու մասին։ Ինձնից շատ հավաքականում ոչ ոքի հետ նա չի աշխատել, որովհետև ես 2013 թավականից նրան ճանաչում եմ, գիտեմ նրա լավ ու վատ կողմերը։ Կարող է նա խիստ է, շատ խիստ, բայց դա չի նշանակում, որ խստությունը պետք է դարձնեն անշնորհք վերաբերմունք ու նրան անշնորհք մարդ որակեն։ Նրանց ասելով դա է դուրս գալիս։ Անհեթեթություն է։

Նշենք, որ MAMUL.am-ը լրագրողական հետաքննություն է անցկացրել՝ պարզելու միջադեպի հանգամանքները։ Մյուս մանրամասները կներկայացնենք ավելի ուշ։


Հեղինակ՝ Կատարինե Այդինյան

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր