ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+16 °C
Հայաստանի ժամանակակից արվեստը պատշաճ կերպով է ներկայացվել Լեհաստանի փառատոնում
12:01, 17.07.2014
3528 | 0

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ժամանակակից արվեստը պատշաճ կերպով է ներկայացվել է Լեհաստանի փառատոնին և արժանացել արվեստասերների մեծ ուշադրությանը, հայտնեց «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը։

«Մշակույթի արևելքում. արվեստի և երաժշտության տարբեր հնչյունները» («East of Culture - Different Sounds Art` n Music Festival») փառատոնն անցկացվել է հուլիսի 8-ից 13-ը Լեհաստանի Լյուբլին քաղաքում։ Փառատոնին հրավիրվել են 11 երկրի մասնակիցներ։ Հայաստանը ներկայացրել է «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը «Նոր ձայներ հայկական կինոյում» («New ՚Voices in Armenian Cinema») հայ ժամանակակից ֆիլմերի ծրագրով և Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում» նախագծով։ Հայկական ծրագրի ցուցադրությանը ներկա էր Լեհաստանի մշակույթի նախարար Մալգոժատա Օմիլանովսկան (Małgorzata Omilanowska) ։

«Փառատոնի մասնակցությունը կարևոր է Հայաստանի և Լեհաստանի միջև միջմշակութային կապերի ամրապնդման առումով ի դեմս «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի։ Այդ կապերի սկիզբը դրվել է 2012 թվականին, երբ առաջին անգամ Լեհաստանի պատմության մեջ Վարշավայի թագավորական պալատում ներկայացվել էր Հայաստանի ժամանակակից արվեստը, այն է` նկարիչ Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում» ցուցադրությունը», – չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ «Նոր ձայներ հայ կինոինդուստրիայում» ֆիլմերի ծրագրի շրջանակում ցուցադրվել են ինչպես խաղարկային, այնպես էլ անիմացիոն և վավերագրական ֆիլմեր։ Լեհ հեռուստադիտողին ընձեռվել է հայկական կինոինդուստրիայի մասին ավելի ամբողջական տպավորություն կազմելու հնարավորություն։

«Ռազմավարական կարևոր նշանակություն ուներ ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի` 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին «Մարդկանց պատմությունը պատերազմի և խաղաղության ժամանակ» և Արցախյան պատերազմի մասին պատմող ռեժիսոր Վարդան Դանիելյանի «Կարճ հաղորդագրություններ» վավերագրական ֆիլմերի ցուցադրությունը, քանի որ փառատոնին մասնակցում էին նաև Ադրբեջանի, Իսրայելի և ԱՄՆ–ի ներկայացուցիչներ», – կարծում է Հարությունյանը։

Նկարիչ, «Սիմուլակրում» նախագծի հեղինակ Նարեկ Ավետիսյանն իր հերթին ասաց, որ իր աշխատանքների ցուցահանդեսն արդեն երրորդ անգամ ներկայացվել է Լեհաստանում, ինչը վկայում է դրա նկատմամբ լեհերի մեծ ուշադրության մասին։ Նկարիչը պատմեց նաև Լյուբլինում լեհ նկարիչ Վալդեմար Տատարչուկի հետ համատեղ կատարած պերֆորմանսը։

«Այդօրինակ պերֆորմանսները հետաքրքիր են, քանի որ յուրաքանչյուր արվեստագետ ներկայացնում է սեփական աշխարհընկալումն ու արվեստի սեփական ընկալումը։ Այսպես, Տատարչուկի պերֆորմանսն էքզիստենցիալ, աշխարհից առանձնանալու, սեփական անձի վրա սևեռման բնույթ էր կրում», – ասաց Ավետիսյանը։

Իսկ հայ նկարիչն իրեն համարում է լավատես։ Գեղանկարչական հատուկ տեխնիկայի օգնությամբ, երբ կտավի վրա ներկոտ ձեռքերով հարվածներ են արվում, նա փորձել է փոխանցել լուսային և գունային զգացողությունները։

Նարեկ Ավետիսյանի (հայ ականավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի որդին) «Սիմուլակրումն» իրենից ներկայացնում է 17–րդ դարի հոլանդացի գեղանկարիչ Յան Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի 33 տարբերակներ` արված գեղանկարչության տարբեր դարաշրջանների և ուղղությունների (բարոկկո, Վերածնունդ, մոդեռնիզմ, պոստմոդեռնիզմ) համաշխարհային և հայ հայտնի նկարիչների աշխատանքների ոճով։ Նախագիծը համաշխարհային ոճի և հայկական գեղանկարչության միաձուլում է։ Վերմեերի հայտնի կտավի «33 տարբերակ...» –ում նկարիչը ստեղծել է «կրկնակի սիմուլյակր»` փորձելով անիմացիայի միջոցով ներկայացնել արվեստի փոխակերպումը։

Հեղինակ` Narine
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Narine
դեպի վեր