ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Մեղեդի ծննդյան. Գրիգոր Նարեկացի
19:05, 07.09.2017
26585 | 0

Մեղեդի ծննդյան. Գրիգոր Նարեկացի

Ծավալվել են աչքերը ծով
Առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ,
Ինչպես երկու փայլակնաձև արեգակներ.
Շողն է նման լուսացնցուղ այգաբացի:
Թափվում էին այտերից վառ
Դափնեվարդի ու նռնենու ծաղկաթերթեր.
Գեղաշիտակ իրանից սիրան էր կարկաչում
Հուզավարար կենսատու սեր:
Կամար կապած թևերը գիրգ՝
Երգում էր նա ախորժալուր ու գեղգեղուն,
Ելևէջներն հյուսում իրար.
Շարժվում հանդարտ ու ճեմում էր թիկնեթեկին:
Բերանն երկթերթ, շրթունքներից վարդն էր կաթում.
Լեզվի տավիղն էր քաղցր երգում հուզումնահորդ.
Շողում էին նույն կենսավառ
Սիրով չքնաղ ու գինեթույր
Ծամերն իրենց գիսակներով խոպոպավոր:
Այդ վարսերը համերամ զա՜րդ, համորեն զա՜րդ,
Ոլորք առած եռահյուսակ՝
Բոլորվել են այտերի շուրջ.
Լուսափայլ է ծովը, կարմիր վարդով լցված,
Դաստակներն են մանուշակի ծիրանի փունջ:
Բուրում էր նա կնդրուկի պես
Աստվածային հրով լցված մի բուրվառի.
Ձայնն էր մեղուշ, քաղցրանվագ:
Զարդարված էր պատմուճանով գեղեցկատես,
Որ բեհեզի կապույտ, որդան ու ծիրանի
Գույներով էր ոսկեշողում.
Գոտին կամար, արծաթափայլ,
Ոսկետտուն ու նրբակերտ՝
Պաճուճված էր ակնեղենով շափյուղայի:
Երբ շարժվում էր մարգարտափայլ գեղեցկությամբ,
Քայլերի հետ շողն էր կաթում իր ոտքերից:
Քեզ պսակող Թագավորին
Ու նորածին այն Փրկչին փա՜ռք
Հավիտյանս հավիտենից. ամեն:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մշակույթ ԱրմԼուր
22:54, 14.11.2018
32188 | 0
22:52, 14.11.2018
5042 | 0
22:46, 11.09.2018
5637 | 0
22:24, 11.09.2018
5445 | 0
դեպի վեր