Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնը, ինչպես խոստացել էր ավելի վաղ, պարզաբանումներ է ներկայացրել շաբաթ օրը նույն կենտրոնում նորածնի մահվան վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ստորև: «Ս․թ․ 20.10.2018թ․ «Շենգավթ» ԲԿ է ընդունվել 23 տարեկան Տաթև Ահարոնի Հովսեփյանը` ծննդալուծման: Առաջին փուլը (ակտիվ կծկանքների շրջան) ընթացել է առանց բարդությունների, սակայն երկրորդ փուլի սկզբում (ճիգային շրջան) պտղի գլխի ծկլթման ժամանակահատվածում (պտղի գլուխը փոքր կոնքի հատակում է) խիստ տուժել է պտղի սրտի բաբախը: Անհապաղ իրականացվել է ծննդալուծում վակուումային էքստրակցիայի ճանապարհով: Պտուղը ծնվել է կարճ պորտալարով, ծանր ասֆիկցիայով: Չնայած իրականացված ինտենսիվ վերակենդանացման միջոցառումների, նորածինը մահացել է: «Շենգավիթ» ԲԿ-ի տնօրինությունը և ողջ անձնակազմը խորապես ցավում է նորածնի մահվան կապակցությամբ և իր ցավակցությունն է հայտնում հարազատներին: «Շենգավիթ» ԲԿ-ի տնօրինությունը խնդրում է ԶԼՄ-ներին մինչև դատաբժշկական փորձաքննության վերջնական արդյունքների հրապարակումը զերծ մնալ հուզական, ոչ ստույգ տեղեկատվության տարածումից, գնահատական տալուց: «Շենգավիթ» ԲԿ-ը հանդիսանում է երրորդ մակարդակի ծննդատուն և ընդունում է ամենաբարդ դեպքերը: Ի պատասխան ԶԼՄ-ներում տեղ գտած հայտարարությունների, առ այն որ «Շենգավիթ» ԲԿ-ում հաճախ են նորածնային մահացությունները, պաշտոնապես տեղեկացնում ենք, որ 2017 թ․ հանրապետական պերինաթալ մահացությունների ցուցանիշը եղել է 19 ‰ (պրոմիլե), իսկ մայրաքաղաքայինը՝ 25/8 ‰ (պրոմիլե), միևնույն ժամանակահատվածում Շենգավիթ ԲԿ-ում պերինաթալ մահացությունները եղել են 6.06‰ (պրոմիլե), իսկ 2000 թվականից մինչ այսօր մայրական մահացության դեպք չի եղել: ՀՀ-ում պերինաթալ մահացությունների մասին տեղեկատվությունը կարող եք ստանալ այցելելով հետևյալ հղումը՝ http://nih.am/am: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: |