ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ի՞նչ ճակատագրի արժանացան «Դինգո Թիմ»-ի հայտնաբերած սովահար շները
16:05, 27.10.2018 | mamul.am
3608 | 0

Օրերս կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո Թիմ»-ը Ֆեյսբուքում հայտարարություն էր տարածել, որ բացահայտել է անմարդկային պայմաններում ցեղական շներ բուծող մի կնոջ և վերցրել շներին՝ տեղափոխելով կլինիկա:

Մեր թղթակիցը խնդրի վերաբերյալ փորձեց մանրամասներ իմանալ «Դինգո Թիմ» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Օվսաննա Հովսեփյանից: «Շներից մի քանիսն արդեն որդեգրվել են, իսկ մնացածի համար, որոնք կլինիկայում են, տերեր են փնտրում: Եղել են նաև ձագեր, որոնց այդ կինը վաճառել էր Զեյթունի կենդանիների շուկայում»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը:

Նա նշեց, որ կենդանիների պաշտպանության վերաբերյալ չկա օրենք, սակայն քաղաքապետարանում գործում են Ընտանի կենդանիներին հաշվառելու և պահելու կանոններ, ըստ որի՝ իրենք կարող ենք իրականացնել ստուգումներ և տուգանել այն մարդկանց, ովքեր դրանց չեն հետևում:

Հարցին, արդյոք պատասխանատվության կենթարկվի՞ այդ կինը, Օվսաննա Հովսեփյանը պատասխանեց. «Քանի որ կինն ինքնակամ է կենդանիներին հանձնել մեզ, ուստի, այդպիսով, նա կխուսափի տուգանքներից: Մենք ունենք տեսաձայնագրություն, թե ինչպես է նա առաջինը բացում դուռը և մեզ հանձնում շներին»:

ՀԿ-ի նախագահի խոսքերով՝ այդ կինը նույնիսկ չուներ անձնագիր, փաստաթղթեր, որոնք կհավաստեին, որ կենդանիներն իրեն էին պատկանում և չի բացառվում, որ շները կարող էին նաև գողացված լինել: «Պայմաններն անտանելի էին, շները՝ սովահար վիճակում՝ լվաթափ ու ճիճվաթափ չեղած…կոշիկներս ամբողջովին կեղտոտվել էին, երբ ներս մտա»,- պատմում էր մեր զրուցակիցը:

ՀԿ-ի նախագահը նշեց, որ նման դեպքեր էլի են եղել: Վերջերս Զովունիում է բացահայտվել նմանատիպ մի դեպք, երբ կինը կենդանիներին պահում էր նկուղում՝ վատ պայմաններում: «Քանի որ նա չգիտեր նրանց պահելու կանոնները և չէր բուծում շներին՝ երկուսին ստերջացրինք և հանձնեցինք իրեն, սակայն այս մյուս դեպքում՝ շներն այլևս չենք վերադարձնելու»,- ասաց ՀԿ-ի նախագահը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր