Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է ուկրաինաբնակ հայազգի հայտնի գործարար Օլեգ Մկրտչյանի փաստաբանների բողոքարկումը, փոխանցում է Rusarminfo-ն: Դատարանը որոշել է կալանքի տակ թողնել Մկրտչյանի՝ մոտ 8 միլիարդ ռուբլու չափով բաժնետոմսերը: Կալանքի տակ են հայտնվել նաև ռուսական լեռնամետալուրգիական ընկերության բաժնետոմսերը: Նշենք, որ քննությունը Մկրտչյանին մեղադրում է խոշոր չափերի խարդախությունների համար: Նա պետք է զբաղվեր ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում գործարանի կառուցմամբ, սակայն այդպես էլ չի իրականացրել իր պարտավորությունները: Քննության վարկածով՝ գործարարն օրինական գործարքի քողի տակ 2009-2013թթ. օֆշորային ընկերության միջոցով յուրացրել է «Վնեշէկոնոմբանկ»-ի տրամադրած վարկային միջոցները: Վնասը գնահատվել է ավելի քան 1 միլիարդ ռուբլի: Օլեգ Մկրտչյանին ձերբակալել էին փետրվարի սկզբին: Հավելենք նաև, որ Հայաստանում Մկրտչյանին է պատկանել «Բանանց» ֆուտբոլային ակումբն, իսկ Ռուսաստանում նա ժամանակին մոտ էր Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչևի հետ և օգնում էր տեղական «Կուբան»-ին: |