Դեսպան Լինն Թրեյսին այսօր հաստատվել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայաստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել են Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից: Ավելի վաղ դեսպան Թրեյսիի թեկնածությունն առաջադրել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Նախորդ շաբաթ անցած լսումների ընթացքում դեսպանը, պատասխանելով սենատորներ Էդ Մարքիի և Բոբ Մենենդեզի հարցերին, ընդգծել էր, որ անհրաժեշտ է համարում Հայաստանի հետ ընդլայնել հարաբերությունները բոլոր մակարդակներով. «Հայաստանում մեր քաղաքականության նպատակը մնում է անփոփոխ՝ անկախ, ժողովրդավար և բարգավաճող Հայաստանի ամրապնդումը, որը խաղաղության մեջ է ապրում իր հարևանների հետ: Եվ մենք կրկին հաստատում ենք մեր նվիրվածությունը ինքնիշխան Հայաստանին, որն ազատ է ընտրելու սեփական գործընկերներին»: Պատասխանելով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ սենատոր Մենենդեզի հարցին՝ Լինն Թրեյսին նշել էր, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի իր լիազորությունների սահմաններում անելու է ամեն ինչ «ճանաչելու և հարգելու կորուստները և տառապանքները» և մասնակցելու է զոհերի հիշատակի միջոցառումներին: |