ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+20 °C
«Ավագանու անդամը պետք է հաշվետվությամբ հանդես գա, որպեսզի քաղաքացիներն իմանան՝ իրենց ընտրած թեկնածուն ինչո՞վ է զբաղվել». Թաթուլ Աթաբեկյան
14:10, 25.01.2019 | mamul.am
4125 | 0

Փետրվարի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրություններ կանցկացվեն Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի մի շարք համայնքներում:

MAMUL.am լրատվականի թղթակիցը զրուցել է Իջևանի ավագանու անդամի թեկնածու, 22-ամյա Թաթուլ Աթաբեկյանի հետ, ով անկուսակցական է: Նշենք, որ այս համայնքում առաջադրված թեկնածուների թիվը 33 է, 2-ը՝ ՀՅԴ անդամ, 31-ը՝ անկուսակցական:

«Ավագանու ինստիտուտն Իջևանում կայացած չէ. մինչև հիմա ավագանիներն ընտրվել են ծանոթի, բարեկամի միջոցով և որպես այդպիսին, ծրագիր չեն ներկայացրել քաղաքացիներին, որպեսզի վերջինները հնարավորություն ունենան իրենց ընտրությունը կատարել՝ հիմնվելով ծրագրի վրա: Կարծում եմ՝ կարող եմ ու պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ ավագանու ինստիտուտի կայացման գործում»,- ասել է Թաթուլ Աթաբեկյանը՝ անդրադառնալով նաև համայնքում առկա, դեռևս չլուծված խնդիրներին. «Խնդիրները բազմաթիվ են, առաջնահերթ կլուծեի աղբահանության, Աղստև գետի աղտոտվածության, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի տանիքների, փողոցների, բակերի ասֆալտապատման հարցը»: Թեկնածուի խոսքով՝ կարևոր է նաև, որպեսզի ավագանու անդամը հրապարակային հաշվետվությամբ հանդես գա, որպեսզի քաղաքացիներն իմանան՝ իրենց ընտրած թեկնածուն ինչո՞վ է զբաղվել:

Տեղեկացնենք, որ Իջևանի ավագանին ունենալու է 15 անդամ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր