ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Կոմիտասի անվան ազգային քառյակի՝ Կոմիտասի 150 ամյակին նվիրված առաջին համերգը ԵՊԲՀ-ում էր
22:10, 19.04.2019 | mamul.am
1933 | 0

Կոմիտասի անվան ազգային քառյակը «Մշակույթն՝ ուսանողներին» ծրագրի շրջանակում Երևանի պետական բժշկական համալսարանում Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգային ծրագրով հանդես եկավ։

Հանդես եկան՝ ջութակահարներ Էդուարդ Թադևոսյանը, Սյուզի Երիցյանը, թավջութակահար Անժելա Սարգսյանը և ալտահար Ալեքսանդր Կոսեմյանը:

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու խոսքով՝ այսօր բժշկական համալսարանը պատիվ ունի իր պատերի ներքո հյուրընկալելու լեգենդար քառյակը: «Խորհրդանշական է, որ Կոմիտասի 150 ամյակին նվիրված անդրանիկ համերգը տեղի է ունենում բժշկական համալսարանում: Մենք առաջնորդվում ենք այն գաղափարով, որ ԵՊԲՀ ուսանողները ոչ միայն ապագա բժիշկներ են, այլ բոլոր սոցիալական շերտերին հպված այն հագույցը, որը պարտավոր է ունենալ պատկերացում սեփական մշակույթի մասին»,-ընդգծեց Վահան Արծրունին՝ ավելացնելով, որ շատ կարևոր է սովորողների ներգավվածությունը «Մշակույթն՝ ուսանողներին» ծրագրին: Այն նախատեսում է մի շարք միջոցառումներ, որոնք մշակույթը կմոտեցնեն համալսարանականներին:

Առաջին ջութակ Էդուարդ Թադևոսյանը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ Կոմիտասի անվան ազգային քառյակը, տարիներ շարունակ աշխարհին ներկայացնելով Կոմիտասի մանրանվագները, հանրահռչակում է կոմիտասյան երաժշտությունը:

Կոմիտասի անվան ազգային քառյակի յուրաքանչյուր կատարում ուղեկցվեց բարձր ծափողջյուններով՝ արտահայտելով ներկաների հիացումն ու շնորհակալությունը:

Նշենք, որ այս տարին Կոմիտասի անվան ազգային քառյակի համար նույնպես հոբելյանական է: Արդեն 95 տարի է փոփոխվող կազմով, սակայն անզուգական կատարողական արվեստով, արժեհամակարգին ու ավանդույթներին հավատարիմ մնալով՝ քառյակն աշխարհով մեկ ճանաչելի դարձնում մեր ազգային հոգևոր Էությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր