«168 ժամ»-ը գրում է. «Պաշտպանության նախարարությունում (ՊՆ) մոտալուտ պաշտոնանկությունները, սպասվում է, որ սկիզբ կառնեն գնդապետ Սերժ Առուշանյանի ազատման հրամանից: 2013 թվականից նա ղեկավարում է Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը: Նախարարության ներսում խոսվում է վարչությունում կոռուպցիոն սկանդալի հնարավոր բացահայտման մասին, ասում են՝ քիչ չեն նաև վարչությանը հասցեագրված թեժ գծի բողոքները: Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում քաղաքացիների դիմումներն ամիսներով կուտակվում են, վերջին շրջանում ընդհուպ թվով 3000 դիմումի կուտակում է եղել: Միայն այս պահի դրությամբ վարչությունում ընթացք չստացած 1200-ից ավելի քաղաքացիների դիմում կա: Իսկ դա նշանակում է, որ կերակրողին կորցրած զինծառայողի ընտանիքներն ամիսներով կախված են ՊՆ չինովնիկների քմահաճույքից, հարցականի տակ սպասում են, մինչև որ ՊՆ-ն կերակրողին կորցրածի նպաստը կնշանակի, որպեսզի զոհվածի ընտանիքը կերակրվի դրանով: Ամիսներով լուռ սպասողների հերթերում զինհաշմանդամության թոշակառուներն են, կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի փորձաքննություն անցնող մարդիկ, զինվորների ծնողների հրատապ դիմումները՝ անվճար վիրահատությունից, սոցերաշխիքներից օգտվելու համար: Պարզվում է՝ վարչությունում արտոնյալ չեն անգամ թոշակի գնացող բարձրաստիճան զինվորականները: Գուցե հենց այս խավն էլ կոլեգա Առուշանյանի պաշտոնանկությունը որոշել է արագացնել: Ասում են՝ նախարար Դավիթ Տոնոյանի մոտ ներսից հաճախ են դժգոհում վարչության պետ, գնդապետ Առուշանյանի աշխատանքից՝ համարում են, որ նա իր սոցիալական գործառույթը թողել, իրեն բարձր գեներալիտետի մաս է համարում»: Մանրամասները՝ թերթի համարում: |