ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Պետությանն էական վնաս է պատճառվել. հարուցվել է քրգործ
19:10, 12.07.2019 | mamul.am
3802 | 0

«ԷկոԼուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ Երևանի նախկին անտառտնտեսության Էրեբունու անտառապետության տարածքում անտառապատման համար հատկացված միջոցների նպատակային օգտագործման և Նուբարաշենի նոր աղբավայրի կառուցման համար անտառային հողերից հողատարածք հատկացնելու օրինականությանը ստուգելու նպատակով՝ ներկայացնելով հասակական նախաձեռնություն հանդիսացող «Բնապահպանական հանրային դատարանի» դատական նիստի վճիռը /արձանագրությունը/: Այս մասին հայտնում են դատախազությունից:
Դիմումը և համապատասխան փաստաթղթերը 29․04․2019թ. Երևան քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության միջոցով ուղարկվել էր ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին՝ դրանց հիման վրա քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:

Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի 550-Ն որոշմամբ պետական պահուստային ֆոնդից ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամին է փոխանցվել 59 մլն ՀՀ դրամ՝ Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հեկտար տարածքի անտառապատման աշխատանքների, ոռոգման ցանցի անցկացման և ցանկապատման համար։


Հիշյալ աշխատանքների իրականացման կապակցությամբ ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև կնքվել են կապալային աշխատանքների կատարման պայմանագրեր: Սակայն հետագայում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ծառայողական պարտականությունները չարաշահելու արդյունքում չի կատարվել նշված անտառային տարածքի պատշաճ պահպանությունը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է էական վնաս:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, նշվածի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Սկսվել է նախաքննություն: Լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության առարկա է դառնալու նաև տրամադրված միջոցների նպատակային ծախսման, պայմանագրային պարտավորությունների փաստացի կատարման իրական հանգամանքները, որոնց արդյունքում համապատասխան պաշտոնատար անձանց գործողություններին կտրվեն համարժեք իրավական գնահատականներ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր