ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Արդի տեխնոլոգիա՝ փայտյա վառարանի փոխարեն. ՎիվաՍել-ՄՏՍ
16:45, 19.09.2019 | mamul.am
7561 | 0

Տավուշի մարզի ամենամեծ գյուղը՝ սահմանամերձ Կողբը, 4.5 կմ է հեռու պետական սահմանից: Գյուղի մեծերը կատակում են, թե գրեթե քաղաքաբնակի կյանքով են ապրում. ունեն երկու դպրոց, երկու մանկապարտեզ, մշակույթի տուն ու արվեստի դպրոց, հիմնական զբաղմունք էլ բուսաբուծությունն ու այգեգործությանն է: Եթե չլինի նկարահանող տեսախցիկի նկատմամբ երեխաների զգուշավոր ու վախվորած արձագանքը, ապա սահմանամերձ լինելու փաստն առաջին հայացքից կարող է նույնիսկ չզգացվել: Ուսին դրված տեսախցիկը մանկապարտեզի փոքրիկները նախ որպես կրակող զենք են ընկալում, ավելի ուշ՝ անտեսում են ու հանգիստ խաղում:

Կողբի առաջին մանկապարտեզը կառուցվել է 70 տարի առաջ՝ 1965-ին: Ոչ տիպային շինությունն սկզբում ջեռուցվել է քարածխի, իսկ խորհրդային համակարգի փլուզմանը հաջորդած տարիներին՝ փայտյա վառարաններով: Ժամանակակից տեխնոլոգիական լուծումները՝ այլընտրանքային էներգիայով շենքը տաքացնելու տարբերակը, անհասանելի է եղել մանկապարտեզին: Հին մեթոդներով շենքում ջեռուցում ապահովելը բարդ ու վտանգավոր գործընթաց է եղել: 60 սան ունեցող մանկապարտեզի տարբեր սենյակներում տեղադրվել է 5 վառարան: Չնայած դրանց գործարկումը եղել է աշխատակիցների մշտական ուշադրության կենտրոնում, սակայն վտանգն ու անհարմարությունն զգալի են եղել:

«Ձմռան ամիսներին շենքում ջեռուցում ապահովելը շատ բարդ է: Հիմնականում փայտյա վառարաններով, երբեմն էլ՝ էլեկտրական սալիկներով ենք տաքացնում: Կայուն ջերմաստիճան ապահովելը գրեթե անհնար է լինում: Սենյակները հաճախ ծխով են լցվում: Էլ չեմ խոսում շարժուն երեխաներին շիկացած վառարաններից հեռու պահելու մասին: Կարծում եմ՝ այս հարցում գյուղը չպետք է տարբերվի քաղաքից: Առավել ևս՝ սահմանամերձ գյուղը: Ուշադրությունը պետք է մեծ լինի»,- ասել է մանկապարտեզի տնօրեն Ալինա Մամյանը:

Ամռանը խնդիրը ներկայացվել է համանման խնդիրները լուծելու արդյունավետ փորձ ունեցող գործընկերներին: Արձագանքը չի ուշացել: ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) արդեն իսկ համատեղ ջանքերով, գործնական կոնկրետ քայլեր են իրականացնում: Գործընկերներն ձգտում են տաք ձմեռ ապահովել փոքրիկների համար: Ծրագիրն արդարացված է նաև բնապահպանական առումով: Հնացած ու ոչ արդյունավետ մեթոդներին փոխարինելու է ժամանակակից տեխնոլոգիան՝ ջեռուցման կենտրոնացված համակարգը՝ համալրված արևային ջրատաքացուցիչներով:

«Երեխաներին հարկավոր է մեծացնել առանց դժվար հիշողությունների: Դա կարևոր է հատկապես ապագայի համար: Շիկացած, այրող մետաղը կամ սենյակ լցվող ծուխը չեն կարող առաջացնել դրական հույզեր: Գուցե շատ տարիներ առաջ փայտյա վառարաններով սենյակ ջեռուցելը համարվում էր նորմալ երևույթ կամ միակ լուծումը, սակայն ոչ այսօր, երբ կան զարգացած ու անվտանգ տեխնոլոգիաներ: Սա մի ծրագիր է, որը թույլ է տալիս նորարար տեխնոլոգիաների կիրառմամբ՝ փոխել սահմանին ապրող երեխայի և նրան դաստիարակող մանկավարժի առօրյան: Ուրախ եմ, որ գործընկեր կազմակերպության հետ կարող ենք օգտակար լինել նրանց»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Սահմանապահ և հեռավոր բնակավայրերում ջեռուցման էներգախնայող համակարգերի ներդրումը էկոգյուղերի ցանցի ստեղծման կարևոր քայլերից է: Այս կերպ հնարավոր կլինի այդ գյուղերն ինտեգրել մի գործընթացում, որի հիմքում կայուն զարգացման չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչներն են: Ծրագրի արդյունքում էապես կկրճատվեն համայնքի բյուջետային ծախսերը, կլինեն խնայողություններ, որոնք կարող են ուղղվել այլ խնդիրների լուծմանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր