ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+22 °C
«Հնարավոր է՝ հեղափոխության երկրորդ ալիք առաջանա, որը սրբի-տանի նախորդ իշխանության ներկայացուցիչներին». Սերգեյ Բագրատյան
15:05, 14.10.2019 | mamul.am
8026 | 0

«Այն անհանդուրժողականության մթնոլորտը, որ ստեղծվել է, մեկ օրում չի ստեղծվել, դա երկար տարիների ճնշումների հետևանքով, ընտրակեղծիքների, տոտալ ունեզրկման, քաղաքական հետապնդման արդյունքում ստեղծված իրավիճակ է, որը հեղափոխության միջոցով դուրս հորդեց, բայց դեռևս չի ավարտվել և կարծես վերբալ ագրեսիան դեռևս պահպանվում է հատկապես սոցցանցերում: Այս իմաստով, կարծում եմ, որ վարչապետը մեսիջ ուղարկեց, որ նոր շրջափուլ պետք է սկսել՝ խաղի նոր կանոններով»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Հնարավոր է՝ հեղափոխության երկրորդ ալիք առաջանա, որը սրբի-տանի նախորդ իշխանության նույնիսկ այն ներկայացուցիչներին, որոնք իրենց աշխատանքն են կատարել և հանրության առաջ մեղք չեն գործել: Հեղափոխության երկրորդ ալիքը կարող է ավելի բիրտ լինել, ինչը վտանգավոր է պետության զարգացման համար»,- ասաց Բագրատյանը:

Բանախոսի խոսքով՝ հարյուրավոր գործարարներ նախկին իշխանությունների ճնշումների հետևանքով հեռացել են երկրից, իսկ նրանք, ովքեր մնացել են՝ ունեզրկված են: «Արդյոք նրանք և՞ս պատրաստ են խաղի նոր կանոններն ընդունելու: Բոլորս հասկանում ենք նաև, որ պետք է լինի հավասար դաշտ, որ բոլորն օրենքի առաջ հավասար են»,- ասաց Ս. Բագրատյանը:

«Հեղափոխության երկրորդ ալիքը կարող է ավելի բիրտ լինել, ինչը վտանգավոր է պետության զարգացման համար: Այս իմաստով, գերադասելի է, որ նախկին իշխանությունն ավելի զուսպ հանդես գա և դրանով իսկ ատելություն չբորբոքի»,- կարծիք հայտնեց պատգամավորը՝ հավելելով, որ նաև ժամանակ է պետք, որպեսզի հանրության մոտ առկա ագրեսիան մեղմվի:

Ըստ Սերգեյ Բագրատյանի՝ հասարակությունը և բազմաթիվ գործարարներ այսօր «ամերիկաներում», «եվրոպաներում» են, և հարց է առաջանում՝ արդյոք պատրա՞ստ են նոր շրջափուլ սկսել: «Էստեղ խնդիրներ կան և այդ խնդիրները խտացված են այսօրվա քաղաքական իրողությունների մեջ»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր