ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Նիկոլ Փաշինյանը պետք է համակերպվի, որ ինքն ամենևին էլ գիտունիկ չէ». Կարպիս Փաշոյան
01:25, 04.12.2019 | mamul.am
6730 | 1

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջերս նկատել եմ, որ Նիկոլ Փաշինյանը պրակտիկ քաղաքականությունից զատ փորձում է նաև հանդես գալ գաղափարախոսի դիրքերից։ Այսինքն՝ վարչապետը առաջ է քաշում գաղափարներ ու արժեքային ինչ-որ կոնցեպտներ։ Մոտեցումն այս, իհարկե, շատ ողջունելի է, քանի որ քաղաքական և պետական գործիչները որոշումներ կայացնող բյուրոկրատից զատ պետք է նաև քաղաքական միտք արտադրող անհատներ լինեն։ Բայց մյուս կողմից էլ սա շատ բարդ գործ է, և նախաձեռնողն առնվազն պետք է չափազանց լուրջ գիտելիքների բազա ու պատրաստվածություն ունենա։
Ի դեպ, ժամանակին գաղափարախոսի դիրքերից հանդես էր գալիս նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Դե, այս հարցում նախագահը խնդիր չէր կարող ունենալ, քանի որ մասնագիտությամբ միջնադարագետ է (միջնադարի պատմության իմացությունը զորեղ գործիք է), մանրամասն ծանոթ է փիլիսոփայական ու հասարակագիտական մտքին՝ Հոբսից մինչև Հաբերմաս։
Օրինակ՝ Սերժ Սարգսյանը համանման գիտելիքներ չուներ (այստեղ ամոթ ոչ մի բան չկա) և խուսափում էր հրապարակային գաղափարաստեղծ գործունեությունից՝ սահմանափակվելով միայն որոշում կայացնողի կարգավիճակով։ Կոնցեպտների մշակմամբ զբաղվում էին նրա օգնականները, իհարկե Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ։
Հիմա եկեք հասկանանք, թե ի՞նչ է Փաշինյանի որոնածը։ Իմ համոզմամբ այս հարցում վարչապետը թերանում է։ Նա մի կողմից սուր միտք ունի և ի զորու է լավ գաղափարներ սաղմնավորել, բայց խնդիրն այն է, որ նա չունի համապատասխան գիտելիքներ։ Իսկ գիտելիքների բացակայությունն ու հասարակագիտական պատրաստվածության բացակայությունը արգելակում են կոնցեպտների որոնման և մշակման գործողությունը։ Սրա հետևանքով Փաշինյանը երբեմն հայտնվում է զավեշտալի իրավիճակներում, օրինակ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին շնորհակալություն է հայտնում Բելովեժյան համաձայնագիրը ստորագրելու համար, Գարեգին Նժդեհին մասնակից է դարձնում Սարդարապատի ճակատամարտին՝ Հովհաննես Բաղրամյանի հետ ուս ուսի տված, առաջ է քաշում Հիսուսի բարդույթի ծիծաղելի գաղափարը, բանաստեղծություն է գրում խորովածի մասնակցությամբ, պետությունը իջեցնում է օջախի և ընտանիքի մակարդակի, մերժում է իզմերը և այլն, օրինակները բազմաթիվ են՝ ժողովրդին չաշխատելու և ծուլության մեջ մեղադրելն էլ չհաշված։
Իհարկե, վարչապետին չեմ հորդորում դադարեցնել գաղափարաստեղծման ձգտումները, ընդհակառակը՝ ողջունում եմ այդ մոտեցումը, որը թույլ է տալիս հանրությանը իր կամքից անկախ մասնակից դառնալ հասարակագիտական տարբեր հարցերի քննարկմանը։ Մարդիկ ի վերջո պետք է սովորեն խոսել պետության, մարդու և հասարակության գաղափարների մասին։
Բայց խնդիրն այն է, որ համանման փորձերի դեպքում, Փաշինյանը պետք է լիարժեք պատրաստված լինի և տիրապետի այն նյութին, ինչն ինքը քննարկման առարկա է դարձնում։ Հասկանալի է նա չունի այդպիսի գիտելիքներ, բայց չիմանալը ամոթ չէ, ամոթը առանց իմանալու ինքնավստահ պնդումներ անելն է։
Կարծում եմ, խնդիրն այս հեշտ լուծելի է։ Մասնավորապես՝ Փաշինյանին հասարակագետ խորհրդական կամ էլ օգնական է անհրաժեշտ, որը վարչապետի գլխում ծագած փառահեղ միտքը հասարակագիտական մշակման կենթարկի, և դա գրագետ ու հիմնավորված ձևով կներկայացվի հանրությանը։
Նիկոլ Փաշինյանը պետք է համակերպվի այն մտքի հետ, որ ինքն ամենևին էլ գերմարդ կամ էլ գիտունիկ չէ և պարտավոր չէ ամեն ինչ իմանալ։ Դրա համար կան համապատասխան մասնագետներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր