2004-ի հուլիսին անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ներկայացուցիչները նախագահի աշխատակազմին վերադարձրին «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, որով Կապուտիկյանը պարգևատրվել էր 1998 թվականին. «Դա իմ հոգու ճարահատ ճիչն էր ընդդեմ անարդարությունների»,- ասել էր նա: Պետական բարձր պարգևից հրաժարվելու մասին Կապուտիկյանը հայտարարել էր դեռևս ապրիլի լույս 13-ի գիշերվա դեպքերից հետո, երբ իրավապահներն աննախադեպ դաժանությամբ ցրել էին ընդդիմադիրների խաղաղ ցույցը նախագահ Ռոբերտ Քոչարյանի նստավայրի մատույցներում: Արձագանքելով՝ Ռ. Քոչարյանն ասել էր. «Ուղղակի ափսոսանք եմ հայտնում: Եթե ինքը չլիներ, ավելի կոշտ պատասխան կտայի»: Այսօր՝ բանաստեղծուհու ծննդյան օրը, համացանցում տարածվում է Սիլվա Կապուտիկյանի «Ապստամբություն» բանաստեղծությունը: |