Վրաստանի Գերագույն դատարանի որոշմամբ՝ Թբիլիսիի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկը` Գիգի Ուգուլավան մեղավոր է ճանաչվել Թբիլիսիի զարգացման հիմնադրամի գործով: Նա դատապարտվել է ավելի քան 48 միլիոն լարի (ավելի քան 17 միլիոն դոլար) յուրացման մեջ: ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Ջիմ Ռիշը հայտարարել է, որ Ուգուլավային դատապարտել են քաղաքական դրդապատճառներով։ Այս մասին սենատորը գրել է Twitter միկրոբլոգի իր էջում։ «Ես հիասթափված եմ, որ Վրաստանը որոշել է ուժեղացնել ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով բռնությունը: Ինչպես ես անցած շաբաթ հայտնել եմ Վրաստանի արտգործնախարարին, դատական համակարգի փլուզումը և ընդդիմության հետապնդումը անընդունելի պահվածք են»,- նշել է Ռիշը իր հաղորդագրության մեջ։ |