ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ստեղծված իրավիճակը ձեռնտու է բացառապես մեր թշնամիներին». Շիրակ Թորոսյան
14:10, 09.08.2020 | mamul.am
4905 | 0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանդարտության կոչ՝ ուղղված ջավախքցի մեր հայրենակիցներին օգոստոսի 8-ին Ախալքալաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետ կապված

Սիրելի՛ հայրենակիցներ, խոր ցավով և մեծ անհանգստությամբ տեղեկացանք օգոստոսի 8-ին Ախալքալաք քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին, որի հետևանքով սպանվել է մեկ երիտասարդ, կան վիրավորներ, տեղի են ունեցել ավերածություններ, հրդեհվել են տներ, ջարդվել են մեքենաներ։

Բարեկամ Վրաստանի և, մասնավորապես, Ջավախքի տարածաշրջանի ներքին կայունությունն ու միասնականությունը կենսական անհրաժեշտություն է հայկական և վրացական պետությունների համար։ Ուստի կոչ ենք անում պահպանել հանդարտություն, չտրվել սադրանքների, ձեռնպահ մնալ ստեղծված շոկային իրավիճակում որոշումներ կայացնելուց և քայլեր կատարելուց, որոնք կարող են պատճառ դառնալ նոր ողբերգությունների և անդառնալի կորուստների։

Սիրելի՛ հայրենակիցներ, ստեղծված իրավիճակը ձեռնտու է բացառապես մեր թշնամիներին, ովքեր իրենց որջերում նստած կփորձեն խորացնել անկայունությունը և օգտվել դրանից։ Մեր տարածաշրջանի ներկայիս լարվածության պայմաններում Հայաստանի և Վրաատանի սահմաններին ցանկացած պահի կարող է պատերազմական իրավիճակ ստեղծվել։ Խիզախ ջավախքցու կռվելու անսահման ոգեղեն էներգիան միմիայն նման դեպքերում պետք է օգտագործվի, իսկ այս ողբերգական իրադարձությունների հանգուցալուծումը պետք է տան միմիայն Վրաստանի իրավապահ մարմինները։

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում կուլիկամցի սպանված երիտասարդի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին և ընկերներին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր