ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որով, ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով, կարող է օգտագործվել ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը, եթե պետության տիրապետության ներքո գտնվող համապատասխան գույքը բավարար չէ: Ընդ որում, գույքի անբավարարությունը գնահատվում է` հաշվի առնելով կոնկրետ իրադրությունը, հրատապությունը, գույքի գտնվելու վայրը և էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
«Օրենքի նախագծի համաձայն՝ նախատեսվում է օրենքում կարգավորել ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները: Մանրամասնվում են գույքն օգտագործման վերցնելու ընթացակարգն ու երաշխիքները: Սահմանվում են գույքի օգտագործման արդյունքում գույքին հասցված վնասի դեպքում համարժեք փոխհատուցում տալու պայմանները: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում պատգամավորների կողմից նախաձեռնության հետ կապված ստացվել են տեխնիկական առաջարկներ, որոնք կառավարությունն ընդունել է»,- Աժ արտահերթ նիստում հայտարարեց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։