ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Քաղաքական-ժողովրդավարական հանգուցալուծումն այլընտրանք չունի». Ազգային-ժողովրդավարական բևեռ
19:20, 25.02.2021 | mamul.am
2904 | 0

Ազգային-ժողովրդավարական բևեռը հայտարարություն է տարածել. «Քաղաքական-ժողովրդավարական հանգուցալուծումն այլընտրանք չունի
Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին ու ներքին կործանարար քաղաքականության պատճառով գրեթե բոլոր, այդ թվում՝ տրամագծորեն հակառակ հայացքներ ունեցող, քաղաքական ուժերը և հանրային շրջանակները դեմ են նրա հետագա կառավարմանը։
Այսօր այդպիսի պահանջ ներկայացրեց նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը։
Նման իրավիճակում Նիկոլ Փաշինյանը, հրաժարական ներկայացնելու և ժողովրդին նրա ճակատագիրը որոշելու անցնցում հնարավորություն ընձեռելու փոխարեն, իր կողմնակիցներին կոչ է անում գալ Հանրապետության Հրապարակ և սատարել իրեն։
Նիկոլ Փաշինյանը կորցրել է իրականության զգացումը և գիտակցաբար ստեղծում է քաղաքացիական բախումների տանող փակուղային իրավիճակ, որը, բացի իր ներազգային ծանր հետևանքներից, ճանապարհ է բացելու թշնամիների ուղիղ միջամտության համար, ինչն իր հերթին հայոց պետականությանը կանգնեցնելու է լինել-չլինելու խնդրականի առջև։
Ուստի ևս մեկ անգամ պահանջում ենք, որ Նիկոլ Փաշինյանը զերծ մնա բռնության միջոցով իր աթոռը պահելուց ու ներազգային բախումներ հրահրելուց և րոպե առաջ հեռանա։
Ստեղծված իրավիճակում բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք անում տուրք չտալ բռնության և հակաժողովրդավարական մեթոդներով իշխանության հասնելու հավանական գայթակղությանը, այլ խստորեն մնալ ժողովրդավարության ու ազգային համաձայնության շրջանակներում և քաղաքական կոնսուլտացիաների միջոցով ձևավորել ժամանակավոր կառավարություն, որը պետք է կատարի կենսականորեն անհրաժեշտ անցումային քայլեր ու դրանց հաշվառմամբ կազմակերպի արտահերթ ընտրություններ։
Մեր ժողովրդին կոչ ենք անում չգնալ Նիկոլ Փաշինյանի հետևից և տուրք չտալ ներազգային բախումների տանող որևէ գործողության։
Ազգային-ժողովրդավարական բևեռը պատրաստ է նպաստել և մասնակցել ստեղծված փակուղային վիճակից Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարության շրջանակներում քաղաքական երկխոսության միջոցով դուրս բերելու գործընթացին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր