Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանամերձ դարձած Շուռնուխում Եռագույնն է բարձրացվել: Շատ լավ միտք ու նախաձեռնություն: Միայն թե մի փոքր հարց, որի մասին գրել, թե չգրել մտածում էի, որոշեցի գրել: Եռագույնը Հայաստանի պետական դրոշն է, որի վրա չկա որևէ այլ պատկեր: Եվ մեր պետական դրոշն ուժեղ և ամբողջական է այդպես: Ինչո՞ւ էր պետք պետական դրոշի վրա ավելացնել խաչի պատկերը, որի տեղն այդտեղ չէ ախր: Իհարկե, հասկանալի է, թե ինչու. դիմացը վանդալներն են: Բայց դրանով ախր դրոշն ու խաչն ավելի ազդեցիկ չեն դառնում, եթե ընդհանրապես վանդալի վրա ազդում է որևէ բան: Պետական դրոշն իր ամբողջության մեջ է ուժեղ, քրիստոնեական մեր խաչն ուժեղ է իր տեղում: Եվ սա ընդհանրապես մեր ազգային պետական ընթացքի մի խորքային խնդրի դրսևորում է, երբ շատ բան ու շատերն իրենց տեղում չեն եղել, այն տեղում չեն եղել, որում պետք է լինեին, որովհետև շատ հաճախ չի եղել և չկա էլ պետական տեղի, միջավայրի պատշաճ զգացում ու գիտակցում»: |