ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Միջազգային հանրությունը պետք է վճռական գնահատական տա Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը. ԱՀ ԱԳՆ
10:44, 02.04.2021 | mamul.am
6914 | 0

Արցախի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել. «2016թ. ապրիլին, խախտելով 1994թ. Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագիրը, Ադրբեջանը, կիրառելով իր հարձակողական ողջ զինանոցը, լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ` թիրախավորելով ինչպես Պաշտպանության բանակի դիրքերը, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներն ու սահմանամերձ բնակավայրերը:
Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվեցին բազմաթիվ պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, մասնավորապես՝ արձանագրվեցին հայ ռազմագերիների և խաղաղ բնակչության դաժան սպանությունների, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի բազում դեպքեր:
Միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ռազմական հանցագործությունների չդատապարտված լինելու հանգամանքը հաջորդ տարիների ընթացքում էլ ավելի սաստկացրեց այդ երկրի ռազմատենչ նկրտումները, ինչի կիզակետը դարձավ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ նոր լայնածավալ պատերազմի սանձազերծումը՝ Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ:
Միջազգային հանրությունը պետք է վճռական գնահատական տա ցայսօր շարունակվող Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը, միջազգային իրավունքի հանդեպ ծայրահեղ անարգանքին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններից հրաժարվելու փորձերին:
Ապրիլյան պատերազմի ժամանակ հայ ժողովրդի ցուցաբերած միասնականությունն ու մեր հերոսների սխրանքները հավերժ կմնան մեր պատմության և սերունդների հիշողության մեջ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր