Այսօր՝ Կառավարության նիստում, քննարկվեց «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման» նախագիծը, համաձայն որի հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայությունններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարում ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, ապա հաջորդ ամիս կստանան 10 տոկոսի չափով հետվճար՝ նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից: «Հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5 հազար դրամը՝ անկախ, թե ինչ գումարի շրջանակում են կատարվել գործարքները: Հետվճարը տարածվելու է նաև կոմունալների վճարումների վրա, եթե դրանք կատարվել են կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատների միջոցով»,- նախագիծը ներկայացնելիս ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ «Հետվճարը ձևավորվում է պետություն-բանկ սոցիալական պատասխանատվության գործընկերության շրջանակներում, որտեղ պետությունն ու բանկը մասնակցում են 5-ական տոկոս համամասնությամբ: Մինչև հունիսի 1-ը նախարարությունը կհրապարակի բոլոր այն գործընկեր բանկերի ցանկը, որոնք միացել են այս ծրագրին»,- ասաց նախարարը: Որոշումն ընդունվեց միաձայն։ |