ՀԱԿ անդամ Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանն ունի պետական մասշտաբի ընդամենը մեկ խնդիր, որը համեմատելի է Արցախի հարցի հետ՝ Երևանի սեյսմիկ անվտանգության խնդիրը։ Թե քանի զոհ կլինի՝ անհայտ է, բայց որ զոհերի թիվը կհաշվվի ոչ թե հազարներով կամ տասնյակ հազարներով, այլ հարյուր հազարներով՝ էլի ակնհայտ է։ Արցախում մեր զոհերի քանակը 30 տարում 15 հազար է։ 15 Հազար կյանք ենք կորցրել հանուն Արցախի ու Հայաստանի։ Պարզ է նաև լուծումը՝ Սեյսմիկ ազգային ծրագիր։ Պետությունը կազմում է ծրագիր, գնահատում է ծախսերը (որոնք կարող են հասնել տասնյակ միլիարդների) և դիմում է միջազգային դոնորներին՝ օգնության խնդրանքով։ Եթե որևէ իշխանություն ապացուցի, որ կոռումպացված չէ, որ ինքը ջանք չի խնայում, ինքն իր գրպանից փող է դնում և այդ փողը չի բավականացնում, որ աղետը կանխվի, մեր դաշնակիցները մեզ կտան փող՝ ինչքան որ պետք լինի - թող ոչ ոք չկասկածի սրանում։ Ավելին. շատ ավելի դժվար կլինի մասնագետների ներգրավումը, քան փողի։ Սա մեր իշխանություններին չի հուզում։ Չի հուզում ո՛չ թե որովհետև չար են կամ երազում են, որ Հայաստանը նոր կորուստ ունենա, այլ չի հուզում, որովհետև ունեն ավելի առաջնային թվացող խնդիրներ։ Սա գիտելիքի պակաս է, այլ ոչ թե որևէ այլ բան։ Իմ այս գրածով մի՞թե որևէ բան կփոխվի։ Ո՛չ մի դեպքում։ Սա գրում եմ, որպեսզի բոլոր կարդացողներին նորից ասեմ ու կրկնեմ. Կոպեկի արժեք չունի ձեր ասած ճշմարտությունը, եթե դուք ոչ թե ազդող եք, այլ կարծիք հայտնող»։ |