ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 413.06, EUR 398.31, RUB 7.14, GBP 443.13
+20 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Վահրամ Դումանյանը ոսկե մեդալներով է պարգևատրել շախմատիստներին
19:48, 11.08.2022 | mamul.am
1786 | 0

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճած Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ Նախարարության հասարակության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, մարզիչներ Հրաչիկ Թավադյանն ու Արման Փաշիկյանը, ինչպես նաև շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանը: Հանդիպմանը ներկա չէր միայն Հրանտ Մելքումյանը. նա բացակայում է երկրից:
Վահրամ Դումանյանը շնորհավորել է հայ շախմատիստներին ու նրանց պարգևատրել ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալներով:

«Համաշխարհային օլիմպիադայում ձեր նվաճած արծաթե մեդալը մեզ համար ոսկու արժեք ունի: Հպարտ եմ այս հաղթանակով և ուզում եմ վստահ լինեք, որ պատրաստ ենք ոլորտի զարգացման և առաջընթացի համար օգնել, ինչով կկարողանանք»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Գլխավոր մարզչի խոսքով՝ Համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականին անգամ մրցակից թիմերն էին երկրպագում, խաղերից առաջ մոտենում ու հաջողություն էին մաղթում մեր թիմին:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը վաստակած 19 միավորով դարձել է Հնդկաստանում անցկացված Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն: Նույնքան միավորով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչումը նվաճել է Ուզբեկստանի ընտրանին: Լավագույն եռյակը 18 միավորով եզրափակել է Հնդկաստանի երկրորդ թիմը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր